ՄԻԵԴ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈՂՈՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռի վերանայումը Մեծ Պալատի կողմից. այս մասին հայտնում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այսպիսով 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Մարգարյանի ընտանիքը, հիշեցնենք, գանգատ էր ներկայացրել Եվրոպական դատարան, որը ամիսներ առաջ բավարարեց այն՝ ճանաչելով Ադրբեջանի կողմից Մարգարյանի մի շարք իրավունքների խախտումներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանի այդ վճիռը նախքան ուժի մեջ մտնելը բողոքարկվել է Մեծ Պալատին: Փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշել է. «Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլեւս վերջնական է եւ անբեկանելի:

2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը եւ Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած եւ եւս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար: Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարեւորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։
Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին եւ դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլեւս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որեւէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն, ըստ էության, բացառում է նաեւ Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»:
Հիշեցնենք՝ 2004 թվականին Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որն այդ ժամանակ քնած էր: Դաժան, կանխամտածված սպանության եւ դրա նախապատրաստման համար Հունգարիայի դատարանների կողմից նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ: 2012-ին Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն: Սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում էր ստացել, ազատ արձակվել, ստացել մայորի կոչում եւ, որպես ազգային հերոս, արժանացել նախագահի կողմից բնակարանի եւ ութ տարվա աշխատավարձի:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՁԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Երեկվանից Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ ցանկանում են բանաձեւ ներկայացնել, որի քննարկումը հնարավորություն կստեղծի Ֆրանսիայի կողմից ճանաչել Արցախի անկախությունը: Երեկ նման քննարկումներ են եղել նաեւ Փարիզի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած բազմամարդ հավաքի ժամանակ, որը հրավիրված էր հենց Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Ցույցին մասնակցել են նաեւ մի քանի պատգամավորներ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ընդգծել է, որ ինքն առաջիններից մեկն է, որն այդպիսի բանաձեւ է նախաձեռնելու, որպեսզի երկրի Ազգային ժողովը քվեարկի Արցախի ճանաչման եւ հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքի համար: Բացի այդ, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ որոշել են պատվիրակություն կազմել եւ առաջիկա օրերին գալ Հայաստան իրենց աջակցությունը հայերին հայտնելու համար: «Եկենք թույլ չտանք Ալիեւին եւ Էրդողանին շարունակել 1915 թվականին սկսածը: Եկեք հայերին մենակ չթողնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ»,- իր ելույթում նշել է նա:
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում՝ Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: Երեկվա հավաքը տարբերվում էր այդ երկուսից, որովհետեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր. հայ համայնքը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը: Ընդ որում, Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

ԿԱՐՈՂ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ
Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ. այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ կայանման կետը գործում է շուրջօրյա:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝  ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձեւավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ եւ օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ եւ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է.
l ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում կձեւավորվի առանձին խորհուրդ, իսկ մինչեւ 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում կամ համայնքներում գործող հաստատությունների դեպքում կգործի միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Համաձայն նախագծի՝ առանձին խորհուրդը բաղկացած է 11, իսկ միացյալ խորհուրդը՝ առավելագույնը 19 անդամից:
l Ներդնել խորհուրդների անդամների ռոտացիայի սկզբունք՝ սահմանելով, որ նույն անդամը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի, քան երկու անգամ: Սրանով գործընթացը կդառնա առավել մասնակցային, եւ ավելի մեծ թվով մանկավարժներ եւ ծնողներ հնարավորություն կստանան ներգրավվել խորհրդի աշխատանքներում։ Ընդլայնել խորհրդում ներգրավվելու իրավունք ունեցող մանկավարժների շրջանակը՝ հանելով տվյալ հաստատությունում առավելագույնը երեք տարի ստաժ ունենալու պահանջը։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաեւ, որ խորհրդի ձեւավորման կարգի փոփոխությունից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է իրականացվեն գործող հաստատությունների խորհուրդների ամբողջությամբ վերաձեւավորելու գործընթացներ:
Նշենք, որ ներկայում դպրոցների կառավարման խորհուրդներին վերապահված է լիազորությունների լայն շրջանակ։ Ոլորտում արվող հետազոտությունները, դպրոցների գործունեության պարբերական մոնիտորինգի տվյալները, ինչպես նաեւ հանրային լայն հնչեղություն ստացող առանձին դեպքեր ցույց են տալիս, որ այդ խորհուրդները ոչ միշտ են գործում իբրեւ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին եւ հիմնականում ձեւավորվում են մեկ գլխավոր նպատակի՝ տնօրենի ընտրության համար, որն էլ իր հերթին ստվերում է խորհրդի մյուս լիազորությունները։ Տեւական ժամանակ դպրոցների կառավարման խորհուրդների մի մասը ներքաշված է եղել նաեւ քաղաքական, մասնավորապես՝ ընտրական գործընթացներում, ինչը զգալի բացասական ազդեցություն է թողել այս օղակի արդյունավետ գործունեության վրա։ Փոքրաթիվ բնակչությամբ համայնքների դեպքում առանձին խնդիր է նաեւ ազգակցական կապերի պարագայում շահերի բախումը բացառելը։




Լրահոս