ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ, ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ՄԱՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմական այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտք են կատարում նաեւ մի շարք հայտնի մարդիկ, մշակութային գործիչներ, երգիչներ,  որոնք, բացի մարդասիրական օգնությունից, զենք են վերցրել եւ մեկնել առաջնագիծ:

 

Երգիչ Արսեն Սաֆարյանն այս մասին հայտնել է ընդամենը մեկ նախադասությամբ. «Մենք գնացինք»: Մեկնաբանություններում Արսեն Սաֆարյանն օգտագործել է մի շարք հեշեթգեր՝ «Ուժեղ Արցախ», «Դադարեցրե՛ք Ադրբեջանի ագրեսիան»։

Իսկ, ահա, դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի եղբայրը՝ Վահան Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է «Բանակում» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Մակարյանի կերպարը, որպես կամավոր, առաջնագիծ է մեկնել պատերազմի առաջին իսկ օրվանից:

Եղբոր պատրաստակամության եւ խիզախության մասին Վաչե Թովմասյանը մասնավորապես գրել է. «Երբ ամբողջ օրը շունչդ պահած հետեւում ես բոլոր հնարավոր լուրերին, երբ քուն չկա, մղձավանջ է միայն, թվում է` գիշերվա կեսին դեմդ թռած էս կադրը` Ստեփանակերտի սրտում արված, սիրտդ պիտի կիսի վերջնական, տակնուվրա անի, բայց, արի ու տես, հակառակն է լինում: Ու հենց էդ չեն հասկանում էս փսլնքոտ բորենիները: Ախր, ամեն կորստից մենք ավելի ենք հզորանում, ամեն պայթյունից է՛լ ավելի է ամրանում հայի ոգին, ու նորից նոր օրվա համար էնքան ուժ է գալիս, որ մինչեւ վերջին օրն էլ կհերիքի… իրե՛նց վերջին, իսկ մերը` երբեք, մենք դատապարտված ենք հաղթելու ու հաղթելու ենք: Սիրտս ախպորս մոտ է, խնդրել եմ՝ կտոր-կտոր բաժանի բոլոր տղեքին իր կողքի: Խոնարհված մեր հին ու նոր հերոսների առաջ, հոգիս փռած մեր սահմանին` ասում եմ` ուժեղ ենք, քան երբեւէ»,-գրել է նա:

Կամավոր առաջնագիծ մեկնելու ցանկություն էր հայտնել նաեւ դերասան, շոումեն Աղաս Մանուկյանը, ում թեեւ չի հաջողվել մեկնել սահման, բայց այժմ հանդես է գալիս մարդասիրական տարբեր նախաձեռնություններով:

Երեկ ռեփեր Արշոն հայտնել է, որ ռազմաճակատում հայրենիքի պաշտպանության համար վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը, որը այժմ գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում:

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը, իմ հերոս ընկեր, քաջարի մարտիկ Հայկս: Հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով: Շուտ ոտքի կանգնես, ես հերոս ընկեր ունեմ»,- գրել է նա եւ լուսանկարներ հրապարակել Հայկի հետ: Պատերազմի առաջին իսկ օրվանից, որպես կամավոր, մեկնել է Արցախ նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը, Բաբկեն Չոբանյանը, որը թիկունքում անում է անհնարինը մեր տղաներին աջակցելու համար: ՍԵպտեմբերի 27-ին ծանր վիրավորվել էր նաեւ երիտասարդ դերասան, ժամկետային զինծառայող Վահագն Սամվելյանը, որը նոր է դուրս եկել կոմայից, եւ ինչպես հայտնում են ընկերները, վերջինիս սպասվում է երկարատեւ բուժում:

Ռազմաճակատում բեկորային վիրավորումներ են ստացել նաեւ  դերասան Գեւորգ Գրիգորյանը, Էրիկ Օհանյանը, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ երաժիշտների, դերասանների եւ արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչների նման հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին եւս իր զորակցությունն է հայտնել Հայաստանին եւ Արցախին՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:

Երաժշտի արձագանքը հրապարակված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: Օստրովսկին ընդգծել է, թե անսահման մտահոգված է, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վրա ու ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։ «Ես շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։  Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային եւ աջակցե՛ք Հայաստանին»,-շեշտել է նա  ու օգտագործել՝ #MusiciansForPeace, #StrongArtsakh, #RecognizeArtsakh հեշթեգերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտեր են մղում նաեւ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին, եւ  պայմանավորվածության՝ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրերը:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ազգերի լիգայի չորրորդ տուրում Ուկրաինայի հավաքականից կրած պարտությունը: «Մենք լավ հանդիպում չանցկացրինք, գործեցինք սխալներ եւ դրա հետեւանքով կրեցինք պարտություն: Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ փորձենք չկրկնել դրանք: Արդեն սովորություն է դարձել պարտությունների համար մեղադրել Դե Խեային: Պետք չէ անել այդպես, քանի որ պարտության համար պատասխանատու են բոլորը»,- Էնրիկեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը պարտություն էր կրել Ուկրաինայից 0:1 հաշվով:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում տեղի են ունեցել երկրորդ տուրի հանդիպումները: Արգենտինայի հավաքականը Լաուտարո Մարտինեսի եւ Խոակին Կորեայի խփած գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ է տարել Բոլիվիայի ընտրանու նկատմամբ: Բոլիվիայի միակ գոլը խփել է Մարսելո Մորենոն: Ուրուգվայը հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտություն է կրել Էկվադորից: Հյուրերի կազմից դուբլ է ձեւակերպել Լուիս Սուարեսը, իսկ Էկվադորի կազմից դուբլի հեղինակ է դարձել Մայքլ Էստրադան, գոլեր են հեղինակ Մոյսես Կայսեդոն եւ Գոնսալո Պլատան:

Չիլի-Կոլումբիա հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Չիլիի կազմից գոլերի հեղինակ են դարձել Ալեքսիս Սանչեսն ու Արտուրո Վիդալը, իսկ Կոլումբիայի կազմից գոլեր են հեղինակել Հեֆերսոն Լերման եւ Ռադամել Ֆալկաոն:

 

 

ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԻ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին նշել է, որ իր թիմի գլխավոր նպատակն ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնությունն է Պրեմիեր լիգայում: ««Արսենալը» պետք է վերականգնի այն անունը, որն ունեցել է միշտ: Մենք ամեն ինչ անելու ենք ակումբը Եվրոպայի լավագույն թիմերից մեկը դարձնելու համար: Մեր գլխավոր նպատակն ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնությունն է Պրեմյեր լիգայում: Այդ խնդիրն է դրած ակումբի առաջ»,- ասել է Պարտին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն հռչակվել է 2003/2004 մրցաշրջանում՝ Արսեն Վենգերի գլխավորությամբ:

 

 

ԻՏԱԼԻԱ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Թոմ Քրուզն Իտալիա Է տեղափոխվել «Առաքելությունն անիրագործելի Է 7» մարտաֆիլմի հետապնդման տեսարաններում նկարահանվելու համար:

Դերասանը Հեյլի Էթվելի (ֆրանշիզայի նորեկը) հետ մեծ արագությամբ Հռոմով ընթանում Է առանց դռների ավտոմեքենայով: Թվիթերյան AP Entertainment օգտահաշվում հայտնվել Է նկարահանման հոլովակը, որում հետապնդման վերջում Թոմ Քրուզը ցատկում Է ոստիկանական մեքենայի վրայով, բացում դուռը եւ Էթվելին օգնում Է այնտեղից դուրս գալ: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թոմ Քրուզին արդեն քանիցս տեսել են «Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմի տեսարանների նկարահանությանը:

Դրանից առաջ նա Նորվեգիայում օդապարիկով ցատկել Է մոտոցիկլի վրա եւ անցել շարժվող գնացքի տանիքի վրայով: Դերասանը միշտ ինքն Է կատարում տրյուկները: Ժապավենի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է 2021 թվականի նոյեմբերի 17-ին:

 

 

 




Լրահոս