Արտախորհրդարանական ուժերը փակ քննարկումներ են իրականացնում. արդյոք պահանջ կլինի վարչապետի հրաժարականի. մանրամասնում է Իշխան Սաղթելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ հայրենի արտախորհրդարանական ուժերը ՀՅԴ կենտրոնական գրասենյակում փակ հանդիպումներ են ունենում, որի ժամանակ քննարկում են Արցախում ընթացող պատերազմը, դրա հետ ստեղծված իրավիճակը ու առաջիկայում պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ: Ըստ նույն տեղեկությունների՝ քաղաքական ուժերը դեռեւս վերջնական որոշում չունեն ու հայտարարության բովանդակությունը վերջնական հայտնի չէ: Նշվում է նաեւ, որ արտախորհրդարանական ուժերը համագործակցում են նաեւ Աժ ընդդիմադիր խմբակցությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՅԴ Գերագույմն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից պարզել, թե ի՞նչ հանդիպումների մասին է խոսքը ու առաջիկայում ինչ բովանդակությամբ հայտարարություն է լինելու:

-Պարո՛ն Սաղաթելյան, ի՞նչ փակ հանդիպումներ եք ունենում ՀՅԴ գրասենյակում, ի՞նչ հարցերի շրջանակներում, խնդրում եմ եթե հնարավոր է մանրամասնեք, թե ի՞նչ որոշումներ եք կայացնում այդ հանդիպումների շրջանակներում, որը կապված է Արցախում ընթացող պատերազմին:

Ընդդիմադիր դաշտի մոտ երկու տասնյակ կուսակցություններ պատերազմի առաջին օրվանից հանդես են եկել հայտարարությամբ, այս ժամանակահատվածում ցուցաբերել են բացառիկ  համերաշխ եւ միասնական կեցվածք: Այս վերջին երկու օրերին, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, շատ ակտիվ քննարկումների, խորհրդակցությունների մեջ ենք, երբ որ ընդհանուր, միասնական եզրակացության կգանք այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք:

-Այսինքն հանդիպումների վերաբերյալ դեռեւս վերջնական արդյունք արձանագրված չէ ու դեռես քննարկումների փուլո՞ւմ եք:

Սա քաղաքական պրոցես է, ակտիվ քննարկումներ են գնում, մի շատ կարեւոր բան, որ ստեղծված իրավիճակի գնահատականի հարցում ընդհանուր համաձայնություն կա եւ այստեղ որեւէ տարակածություն չկա: Իսկ ինչպիսի լուծումներ են պետք ստեղծված վիճակից դուրս գալու համար՝ կան տարբեր մոտեցումներ, քննարկումները շարունակվում են ու մամուլում սպրդաց տարբեր տեղեկություններ, որոնք, ըստ էության, իրականությանը չեն համապատասխանում՝ շատ դրական քննարկումներ կան, որոնք շարունակվում են:

-Խնդրում եմ նշեք այն արտախորհրդարանական ուժերը, որոնց հետ այժմ այդ քննարկումներն իրականցվում են, եւ արդյոք իրական է այն տեղեկությունը, որ «Ժառանգություն» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները դադարեցրել են քննարկումները, քանի որ այն բովանդակության հայտարարության հետ, որը պատրաստվում եք հրապարակել, համաձայն չեն:

«Մեկ Հայաստան»-ի հետ կապված որեւէ տարաձայնություն, խնդիր չկա, շատ նորմալ մթնոլորտում քննարկումները շարունակվում են: Մեկնաբանությունները կարող եք տվյալ կուսակցություններից ստանալ: Երկու տասնյակ կուսակցություն է մասնակցում քննարկումներին, անունները այս պահին չեմ կարող նշել, երբ կլինի վերջնական բան, հանդես կգանք հայտարարությամբ:

Արդյոք Ձեր հայտարարության մեջ լինելու է պահանջ ՀՀ իշխանությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, արդյոք արտախորհրդարանակն ուժերը նման հարց քննարկում են, օրակարգում նման հարց կա՞:

-Երբ կլինի հայտարարությունը, կստուգեք ձեր տեղեկությունը իրական է, թե ոչ: Այժմ այսքանը, քննարկումներ են ընթանում, կրկնում եմ կլինի հայտարարություն, կծանոթանաք բովանդակությանը:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս