«ԻՍԿ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ  ՎԵՐԱԴԱՐՁՆԻ». ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ ավելի շատ հիմա հուզում է Մեղրիի հարցը, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի երկիրը միայն չէ, շատ էլ որ նա  վարչապետ է: Վաղը կարող է ուզենա Երեւանն էլ տալ դրանց: Սա իր հոր տված երկիրը չէ, որ ում ուզենա, ծախի: Նորից եմ կրկնում՝ ինձ հիմա շատ է անհանգստացնում եւ հուզում Մեղրիի հարցը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գուժ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրին եւ երկրի ներքաղաքական իրավիճակին:

 

«Օսմանյան կայսրության ժամանակվանից Էրդողանը պլանավորել է դա, եւ այդպես էլ շարունակվում է: Նրանց միակ ցանկությունն այն է, որ Մեղրին վերցնեն եւ Ադրբեջանի հետ ունենան ցամաքային կապ, արդյունքում  մենք մնանք շրջափակման մեջ: Ինչ վերաբերում է  համաձայնագրին, դեռ  կարելի է ուղղել, դրա մասին բարձրաձայնում են շատ քաղաքագետներ, բայց այս պահին ինձ միայն հուզում է Մեղրիի հարցը»,-նշում է մեր զրուցակիցը:

Գուժ Մանուկյանի դիրքորոշմամբ՝ Նիկոլ Փաշինայնը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ, բացի այս համաձայնագիրը, շատ այլ  հարցերում է սխալվել. «Մարդ պետք է արժանապատվություն ունենա եւ հրաժարական տա, որպեսզի մեկ ուրշի գա եւ փորձի երկիրն այս իրավիճակից դուրս հանել: Ես ինքս թեկնածու չունեմ եւ բարոյական իրավունք էլ չունեմ, ես դերասան եմ, դա արդեն իրենք պետք է որոշեն: Դրա համար երկրում կան համապատասխան կառույցներ եւ վերլուծաբաններ: Իսկ  ռուսների հետ մենք պետք է շատ լավ փոխհարաբերություններ ունենանք, քանի որ նրանք մեզ շատ են օգնում, իսկ թե ինչ հետին միտք ունեն նրանք, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, ես քաղաքական նման հարցերի պատասխանել չեմ կարող: Կարող եմ ասել, որ այս ընթացքում երեւի թե միակ դրական բանը, որ տեղի ունեցավ, դա պատերազմի դադարն էր: Այն 20-21 տարեկան տղաները, որը կարող էին զոհվել, չզոհվեին. դա միակ դրական բանն է այդ ստորագրության»:

ՀՀ վաստակավոր արտիստը դժվարանում է սփոփանքի խոսքեր գտնել  զոհված հերոսների ծնողներին ուղղելու համար:

«Ցանկանում եմ զոհված զինծառայողների ծնողներին իմ ցավակցությունը հայտնել, որ այդ սերունդը գնաց կորավ: Չգիտեմ, դժվարանում եմ խոսքեր գտնել նրանց սփոփանքի խոսքեր ասելու համար: Շատ մեծ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ այս ամենը: Ես երբ մտածում եմ, թե ինչ վիճակում են զոհված, անհետ կորած կամ գերի ընկած երեխաների ծնողները, սարսափում եմ, խելագարվել կարելի է: Ոչ մի կերպ չես կարող արդարացնել ղեկավարությանը: Երեխաներից շատերը կորել են, հիմա որ քարի տակ են, որ թփի տակ են, իսկ ծնողը պահանջում է իր երեխային, գոնե որ կարողանան հուղարկավորել: Հիմա ո՞ւմ վրա է այդ պատասխանատվությունը, ո՞վ պետք է պատասխան տա այդ զոհերի համար, որ այս բոլորը կարելի էր անել ավելի շուտ, եթե պետք է այսքան հող հանձնեինք, մի բան էլ ավել նվեր սկուտեղի վրա մատուցեցինք Ալիեւին: Եթե այլ տարբերակ չկար, պետք է տայիք հողերը, ինչո՞ւ  ավելի շուտ չտվեցիք, որպեսզի այսքան զոհ չունենայինք: Իսկ ինչո՞ւ ոչ-ոք Էրդողանին չի ասում՝ մեր հայկական հողերը, որ գրավել եք, հե՛տ տվեք: Իսկ ո՞վ պետք է մեր պատմական հողերը  վերադարձնի, որը սեւով սպիտակ թղթի վրա գրված է:Դուք մեր հողերը մեզ տվե՛ք, մենք էլ ձեր մի թիքա հողերը ձեզ  կտանք»,-հավելում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՓՐԿԵՆՔ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ ԿՈՉԸ

ՀՀ մշակույթի նախկին նախարարար Արմեն Ամիրյանն Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների փրկության համար դիմել է հայրենակիցներին, աշխարհի բոլոր պետությունների քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներին:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, աշխարհի բոլոր պետությունների քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներ,

խորը ցավով դիմում ենք ձեզ՝ պատերազմի հետեւանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար։

Մինչ քրիստոնյա աշխարհը նշում է գոհաբանության օրն ու նախապատրաստվում Սուրբ ծննդյան տոներին, նույն ժամանակ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների, ֆիզիկապես եւ բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են (ասածիս վկայությունը հենց ադրբեջանական կողմի տարածած տասնյակ տեսագրություններն են):

Ռազմագերիների ծնողներն ամեն օրն անցկացնում են Հայաստանի կառավարության, Հայաստանում օտարերկյա դեսպանատների եւ միջազգային կառույցների դռների մոտ՝ հույս ունենալով, որ մի լուր կստանան իրենց զավակների ճակատագրից, միեւնույն ժամանակ հասկանալով, որ ամեն ժամն ու րոպեն կարող է լինել վերջինը։

Աշխարհի՛ մարդիկ, Սուրբ Ծննդյան եւ Ամանորի մեր աղոթքը թող լինի ռազմագերիների շուտափույթ փրկության համար։ Եկե՛ք միասին բարձրացնենք մեր ձայնը, դիմենք աշխարհի քաղաքական ու հոգեւոր առաջնորդներին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ժամ առաջ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։ Հավատացե՛ք, որ դա կլինի Սուրբ ծննդյան ամենաշնորհակալ ծառայությունը։

Քանի դեռ մեր որդիները գերության մեջ են, այս կոչն ամեն օր ֆիզիկապես եւ մտովի ուղարկելու եմ իմ բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներին։

Աղոթենք եւ բարձրաձայնենք…

Փրկենք ռազմագերիներին…»,- գրել է նա։

 

 

 

ԽԱՉԱՆՈՎԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին թենիսիստը հայտարարել է Instagram-ի իր էջում: Խաչանովն այժմ կնոջ եւ որդու հետ Դուբայում է եւ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նախօրեին կատարված թեստավորումը եղել է դրական: Խաչանովը եւ ընտանիքն արդեն իսկ ինքնամեկուսացած են: Կարեն Խաչանովը թենիսի միջազգային ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 20-րդն է: 4 անգամ հաղթել է ATP մրցաշարերում:

 

 

ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՄԵՍԻԻ ԱՆՈՒՆՈՎ

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Մեսիի անունով: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է մարզադաշտն անվանակոչել Մեսիի անունով: Այն կկոչվի «Կամպ Նոու Լիոնել Մեսի»: Դեռեւս օգոստոսին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Սակայն պայմանագրի կետերի հետ կապված խնդիրների պատճառով Մեսին եւս մեկ մրցաշրջան կմնա Կատալոնիայում: Մեսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաեւ 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում: Calciomercato-ի հաղորդմամբ՝ 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը պատրաստ է նաեւ ֆուտբոլիստների փոխանակության գործարք առաջարկել մանչեսթերյան ակումբին: Վան դե Բեկը հոլանդական «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը: Նրա տեղափոխության դիմաց մանչեսթերյան ակումբը վճարել է 40 միլիոն եվրո: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վան դե Բեկը մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ:

 

 

ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում Վրաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդեպ տարած հաղթանակներից հետո Հայաստանն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։ Բելգիան շարունակում է մնալ առաջատար։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան եւ Պորտուգալիան։

 

 




Լրահոս