ԿՈՂՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հետ: Մենք փորձել ենք պարզել՝ արդյոք Սարգսյանը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչ ձեւաչափով: Սարգսյանից փորձել ենք պարզել նաեւ, թե որ քաղաքական ուժն է այսօր Հայստանում վայելում հանրության վստահությունը:

 

-Պարո՛ն Սարգսյան, իշխանությունը նշել է, որ պատրաստվում են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հունիսի 20-ին: Քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրությունների՝ չնայած նրան, որ պաշտոնապես չի հայտարարվել, եւ հստակություն չկա: Դուք  ի՞նչ եք անում, պատրաստվո՞ւմ եք ընտրությունների:

-Սկսենք նրանից, որ որոշում չկա, որ հունիսի 20-ին պետք է ընտրություններ լինեն: Նիկոլի հայտարարությունն առ ոչինչ է, որովհետեւ դա պետք է լինի հստակ գործողություն: Մենք սովորել ենք, որ պարոնը կարող է հիմա մի բան ասի, 2 րոպե հետո այլ բան ասի, հետո սկսի 3-րդ բանը բացատրել: Դրա համար մենք դրա վերաբերյալ որեւէ տեսակետ չունենք: Ինչ  վերաբերում է արտահերթ ընտրություններին, իհարկե, մենք կողմ ենք  արտահերթին, բայց պետք է ամեն ինչ անել այնպես, որ այս իշխանությունների օրոք չլինեն այդ ընտրությունները: Սա կապրիզ չէ, սա հստակ դիրքորոշում է այն պատճառով, որ Հայաստանում իրենց շնորհիվ, իրենց կառավարման հետեւանքով ձեւավորվել է մթնոլորտ, որը թույլ չի տալիս այս պահին իրականացնել նման ընտրություններ: Մենք տեսնում ենք իրենց թեթեւ  ձեռքով սեւ եւ սպիտակի բաժանում, մեկը թշնամացած է մյուսի դեմ, նույնիսկ ընտանիքներում են թշնամացել: Սա աննորմալ իրավիճակ է: Մենք ասել ենք, որ նախկին համակարգը մեզ համար ընդունելի չէ: Մենք 30 տարի պայքարել են նախկին համակարգը վերացնելու, փոխելու համար: Հիմա դուք եկաք, որպեզի նախկին համակարգը փոխեք: Դուք որեւէ քայլ արեք այդ ուղղությամբ: Եթե անգամ ինչ-որ փոփոխություններ կան, եթե դրանք արվել են լավ իմաստով, իհարկե, ապագա իշխանությունը պետք է պահպանի դա եւ զարգացնի: Բայց փաստացի, որպեսզի պետությունը դուրս գար այն ծանրագույն իրավիճակից, ոչինչ չի արվել: Դրան էլ գումարած արտաքին աշխարհի հետ զրո հարաբերություններ:

Մենք ասել ենք, այո, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս իշխանությունները հրաժարական տան, նախագահի ինստիտուտը՝ որպես պետության գլուխ, ձեւավորի տեխնոկրատների կառավարություն, որից հետո 6-8 ամիս անհրաժեշտ է, որպեսզի մթնոլորտը փոխվի, մարդիկ նորից հավաք ունենան, որ երկիրն ապագա ունի, արտագաղթը կասեցվի, մեր փոխհարաբերությունները մեր դաշնակիցների հետ վերականգնվի, եւ նոր մենք իրավունք ստանանք գնալ ընտրությունների: Սա մեր հստակ դիրքորոշումն է:

-Կգնա՞ք ինչ-որ կուսակցությունների, դաշինքների հետ ընտրությունների, թե՞ դա դեռ որոշված չէ:

-Մի բան հստակ է, որ մենք շարունակելու ենք այն շարժումը, որ կոչվում է «Հայահավաք», եւ դա ունի հստակ իր դիրքորոշումը, սկզբունքները: Հայը նորից պետք է համախմբվի, ինչից շատ վախենում է մեր թշնամին:

-Կա՞ քաղաքական ուժ, որ համարում եք, որ նրա հետ կարելի է գնալ  բանակցությունների, դաշինք կազմել, գնալ ընտրությունների: Տեսակետ կա, որ այս իշխանությունը նորից է վերընտրվելու, քանի որ հանրության կողմից ունի վստահություն: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

-Իհարկե ոչ: Նրանք ունեն վստահություն ինչ-որ մի հատվածի մոտ: Ի դեպ, ասեմ, որ այդ վերաբերմունքը խեղված է, քանի որ մի հատվածը գտնում է, որ  մենակ հները չգան, ավելի լավ է, թող սա մնա, չնայած սա էլ մի բան չէ: Դա քաղաքական մոտեցում չէ: Վատը վատի հետ չեն համեմատում: Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնց հետ մենք կուզենանք գնալ ընտրությունների, բայց դրանք պետք է հիմա համագործակցության մեջ  մտնեն:

-Կնշե՞ք մի քանիսին:

Մենք «Դաշնակցության» հետ ունենք գաղափարական հենքը, եւ եթե  լինի գաղափարական հենքի վրա, իհարկե մենք պատրաստ ենք համագործակցել: Ինչ վերաբերում է մյուս ձեւավորումներին, ապա ասեմ՝ մենք իսկապես ուզում ենք այն հին համակարգը փոխել, այդ համակարգից հրաժարվել. դա է մեզ բերել այս իրավիճակին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԳԱՂՏՆԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հետ է կանգնել իր խոսքից ու գաղտագողի ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից: Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել էր Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պարտավորեցրել էր Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։

 

Դատարանը նախարարին պարտավորեցրել է ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» վերնագրով հերքում տարածել, թե իրականությանը չեն համապատասխանում 2018 թվականի հուլիսի 27-ին արված մի շարք պնդումներ, թե եղել է կազմակերպված թալան եւ այլն։

Սակայն Արսեն Թորոսյանը 2020 թվականի մարտի 17-ին ասել էր. «Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում եւ եւս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ»: Այսինքն՝ հրաժարվել էր կատարել դատավճիռը եւ ներողություն խնդրել: Բայց իր խոսքերից յոթ ամիս անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Արցախի համար թեժ մարտեր էին ընթանում, «Ազգ» շաբաթաթերում  լույս է  տեսել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ» թեմայով հոդված, որտեղ նախարար Թորոսյանը գրել է. «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»: «27.07.2018 թվականին ուղիղ եթերի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ «մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները եւ 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի», «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից», «էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի», «օրինական ատկատ»» խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»: Այսպիսով, ստացվում է՝ Թորոսյանը հրաժարվել է ֆեյսբուքի իր էջում հայտարարություն տեղադրել, սակայն ներողություն է խնդրել շաբաթաթերթում՝ գաղտագողի, այլապես քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՄՕ-ՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում: Ի դեպ, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ նախագիծը նախարարությունն երեկ է շրջանառության մեջ դրել: Նշենք, որ այսօր բազմաթիվ երկրներ մերժում են ԳՄՕ-ների կիրառումը` համարելով, որ դրանք անընդունելի են կենսաբազմազանության անվտանգության եւ շրջակա միջավայրի առումով: Մասնագետների խոսքերով՝ որոշ դեպքերում գիրությունը, անպտղությունը կապված են ԳՄՕ-ների հետ: Ի դեպ, Հայաստան ԳՄՕ ներկրելու եւ չհայտարարագրելու դեպքում ներմուծող ընկերության անձնակազմը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Իսկ ԳՄՕ-ի ազդեցությունից մահի դեպքում նախատեսված է ազատազրկում: Բացի այս, «Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԳՁՕ պարունակող սննդամթերքը պետք է մակնշվի: Աշխարհում ԳՁՕ պարունակող սննդամթերք սկսվել է արտադրվել ու վաճառվել 1996 թվականից: ԳՁՕ-ի համաշխարհային արտադրությունը կենտրոնացված է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում ու Չինաստանում: Ամբողջ տրանսգեն ցանքատարածությունների 80 տոկոսը զբաղեցնում են սոյան եւ եգիպտացորենը:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ առցանց ձեւաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները եւ մարդու իրավունքների պաշտպանը։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական եւ քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։ Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետեւանքները՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման վրա։

 




Լրահոս