ՈՐՊԵՍ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ոստիկանությունն առայժմ  մտադիր չէ  ցրել հանրահավաքները, քանի որ դրանք խաղաղ են: «Բայց իրավապահների համբերությունը կարող է լցվել»,-գրեթե Ռոբերտ Քոչարյանի խոսքերով համենայնդեպս զգուշացրել է Սարգսյանը` այդ ընթացքում նաեւ «մուննաթ» գալով. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Ո՞վ է ասել, որ ամիսներով պետք է վրաններ տեղադրեն, փակեն Ազատության հրապարակը: Ակցիան անցկացրեցիք 5 օր, 10 օր, հարկավոր է ազատել հրապարակը: Կարծում եմ` նրանք պետք է հետեւություն անեն եւ գործելաոճը փոխեն: Մենք չենք կարող թույլ տալ, որ ամիսներ շարունակ այդ հրապարակում այդ վիճակը լինի: Ինձ կոնկրետ` որպես հայ մարդու, դա դուր չի գալիս»: Այս վերջին փաստարկն, ինչ խոսք, շատ զորավոր է: Խնդիրն այն է, սակայն, որ Ազատության հրապարակի հանրահավաքի հազարավոր մասնակիցներին էլ (եւ ոչ միայն)` որպես հայ մարդկանց, դուր չեն գալիս կոնկրետ Ալիկ Սարգսյանն ու իր ղեկավարած կառույցի աշխատակիցները: Բացի այդ,  անհասկանալի է, թե որ իրավասությամբ է երկրի ոստիկանապետը քաղաքական հայտարարություններ անում` կապված այն բանի հետ, թե ինչ է տալիս ՀԱԿ-ի հանրահավաքը. «Ես կարծում եմ, որ սա ոչինչ էլ չի տալիս: Կոնկրետ արդյունավետությունը չեմ տեսնում»: Անձնական դիտարկումներ անելու  փոխարեն Ալիկ Սարգսյանը ճիշտ կաներ` ներկայացներ այն կոնկրետ օրենսդրական հիմնավորումները, որոնցից ելնելով` իրավապահների «համբերության բաժակը կարող է լցվել»: 2008-ի մարտի 1-ից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի «բարեփոխմանը»` հնարավորինս լղոզելով ու անհասկանալի դարձնելով հավաքների ազատության սահմանափակման մեխանիզմները: Ուստի Ալիկ Սարգսյանը, թերեւս, կարող էր իրազեկված եւ օրինական հանրահավաքից ինքնաբուխ կերպով երկարաժամկետ բողոքի ակցիայի վերածված այս գործընթացը ոչ օրինական որակել: Սակայն դրա համար նախ պետք  է նշված օրենքի լղոզված դրույթների կատարյալ իմացություն, եւ ապա դրանք հիմնավոր ներկայացնելու կարողություն: Բայց, ինչպես տեսնում ենք, Ալիկ Սարգսյանը հասկանալի պատճառներով նախընտրում է «համբերության բաժակի» չափազանց իրավական  կատեգորիաների մատնանշումը: Թեպետ դա զարմանալի չէ, որովհետեւ բոլորովին վերջերս մեկ այլ առիթով նա ասել էր. «Երկրի ղեկավարն  իր հստակ պայմաններն արդեն թելադրել է, մենք էլ պարտավոր ենք այս խաղի կանոններին ենթարկվել, այլապես ինքներս հանցագործություն ենք կատարում»: Ինչպես տեսնում ենք, հայրենի ոստիկանապետն առաջնորդվում է ոչ թե օրենքներով, այլ Սերժ Սարգսյանի թելադրած պայմաններով: Իսկ ինչ վերաբերում է մարզերի ճանապարհները փակելու մասին ոստիկանապետի  հերքումներին, ապա կարող ենք ասել` Ձեզ` որպես հայ մարդու, ստելը չի սազում, պարո՛ն ոստիկանապետ:




Լրահոս