ՖՈՏՈ. Գարուի համերգի հետաքրքիր պահերն ու չդադարող ծափողջյունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն, որը ֆրանսերեն և այլ լեզուներով բազմաթիվ երգերով նվաճել է բազում երաժշտասերների սրտեր, մենահամերգով հանդես եկավ Երևանում: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ապրիլի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վայելել երգչի կատարումները:

ArmLur.am-ը նույնպես ներկա է գտնվել հանրահայտ երգչի մենահամերգին եւ առանձնացրել համերգի ամենատպավորիչ պահերը:

Գարուն անդրադարձավ  իր հայ լինելու մասին տարածված լուրերին և ևս մեկ անգամ հերքեց դա՝ նշելով, որ հայ չէ, ազգանունը Գարանյան չէ, այլ՝ Գարան, սակայն ինքը շատ է սիրում Հայաստանն ու շատ հայ ընկերներ ունի, որոնք հրաշալի մարդիկ են:

Դահլիճը, որը լեփ-լեցուն էր, բուռն ծափողջույններով էր արձագանքում բոլոր կատարումներին, երգում Գարուի հետ:

«Կանադայի Քվեբեկ քաղաքից եմ: Նվագել սկսել եմ փոքր հասակից, սակայն իմ կյանքը փոխեց «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը: Ես նվագում էի քաղաքի տարբեր ակումբներում, նվագում էի բլյուզ, ջազ և միշտ լայն ժպիտով»,-շեշտեց արտիստը:

Իտալացի երգիչ, կոմպոզիտոր, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի երաժշտության հեղինակ Ռիկարդո Կոչանտեն, տեսնելով Գարուին, ասել է, որ վերջապես գտել է Քվազիմոդոյին: Նա նշել է, որ կա՛մ շատ կարճ կլսի Գարուին ու կխնդրի, որ չշարունակի, կա՛մ երկու երգ կլսի ու կասի, որ գուցե կզանգեն նրան, կա՛մ ամեն բան այնքան լավ կլինի, որ Գարուին մի քանի երգ երգելու հնարավորություն կտա և կասի, որ Գարուն չափազանց անճոռնի է ու կատարյալ, ինչպես Քվազիմոդոն: Արդյունքում Կոչանտեն Գարուին չորս ժամ է լսել:

Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները:

Գարուն Երևանում մենահամերգով հանդես կգա նաև այսօր: Գարուի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս