«ԱՄԵՆ ՕՐ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ». ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրել էինք, դերասանուհի Նոնա Գրիգորյանը, որը վերջերս է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նշել էր ծննդյան 35-ամյակը եւ հայտնել 9 տարվա դադարից հետո կրկին մայրանալու եւ դուստր ունենալու մասին։

 

Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է դստեր` Էլվիայի արձագանքի եւ ստացված անակնկալի մասին։

«Այնպես ստացվեց, որ մեր երկրորդ բալիկի գոյության մասին իմացանք ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 17 -ին Էլվիայի ծննդյան օրն է։ Ստացվեց, որ մայրության եւ գեղեցկության տոնին ինձ համար անակնկալ նվեր եղավ իմ երկրորդ անգամ մայրանալու լուրը։ Իսկ, ահա, Էլվիայի ծննդյան օրը ինքն անձամբ իմացավ մեծ քրոջ իր նոր «պաշտոնի» մասին:

Իսկ արդեն իմ ծննդյան օրն էլ իմացանք սեռը մեր բալիկի»,- հուզախառն պատմեց դերասանուհին։

Մեր զրուցակցի խոսքով` համոզված է, որ Էլվիայի մոտ խանդի զգացողություններ չեն արթնանա, քանի որ նա շատ էր սպասում այսօրվան եւ ամեն օր աղոթում էր, բացի այդ, նա շատ հասուն եւ կազմակերպված աղջիկ է, ինչի համար ես շատ ուրախ եւ հանգիստ եմ։

«Աղջիկս այնքան էր երազում փոքրիկ ունենալու մասին ե՛ւ Նոր տարուն, ե՛ւ իր ծննդյան տարեդարձին: Ես Էլվիայի օրվանից ուղիղ երկու շաբաթ առաջ իմացա, եւ ես ու ամուսինս պայմանավորվեցինք թաքցնել մինչեւ իր ծննդյան օրը, մենք նշեցինք Զատիկը, գնացինք եկեղեցի, եւ աղջիկս ասաց՝ մամա ես մոմ վառելուց երազանք եմ պահել, որ մենք անպայման բալիկ ունենանք, եւ ես ժպտում էի եւ հազիվ ինձ զսպում, որ չհայտնեմ լուրը: Այդ երեկո գեղեցիկ նամակ գրեցի, ուլտրաձայնային հետազոտության առաջին նկարը դրեցի մեջը եւ նվիրեցի նրան, անչափ ուրախացավ: Տա Աստված՝ ամեն ինչ լավ լինի, ու մինչեւ տարվա վերջ մեր ընտանիքը կհամալրվի: Էլվիան խանդի ոչ մի տեսարաններ չի սարքի, քանի որ շատ գիտակից աղջիկ է, կարծես մեր փոքր քույրը լինի, շատ հասուն է»,- մեզ հետ զրույցում հավելեց դերասանուհին:

Իսկ հարցին, թե երեխայի համար ինչ անուն են ընտրել, դերասանուհին այդպես էլ չբացահայտեց, միայն ասաց, որ հայտնի եւ սիրված դերասանուհու անուն է:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՉԱՐԵՆՑԻ ԻՏԱԼԵՐԵՆ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում Պիոմբինոյում կներկայացվի բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, իսկ նրա պատվին կտավը կցուցադրվի «Պիոմբինոն արվեստում» փառատոնին:

 

Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող եւ գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական եւ հեղինակավոր հրատարակչության կողմից։ Նախաբանը իտալացի դերասան եւ ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ եւ ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ առաջինն էր, որը Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանեց իտալերեն եւ ներկայացրեց իտալացի ընթերցողին։

«Բացի այդ, իտալացի գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոն մեծ բանաստեղծի պատվին ստեղծել է մի կտավ, որը «Պիոմբինոն արվեստում» փառատոնի միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 19-ից 30-ը կցուցադրվի Պիոմբինոյում՝ Պալացցո Ապիանիում «Արգելված Գույներ» գեղանկարչության եւ գծանկարչության ցուցահանդեսում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Պիոմբինո քաղաքում «Պիոմբինոն արվեստում» վեցերորդ փառատոնի շրջանակներում հուլիսի 28-ին՝ ժամը 19.00-ին, Լետիցիա Լեոնարդիի՝ հայ մեծ պոեզիային նվիրված գրական երեկոյի ընթացքում։

Գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոյի՝ Եղիշե Չարենցի գեղեցիկ կտավը 70սմx50սմ չափսերի է։ Այն պատկերում է բանաստեղծի պատանեկան կերպարը, որը մշակվել է տարբեր պատկերագրական հետազոտությունների եւ բանաստեղծի կյանքի մեկնությունների արդյունքում։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նկարիչը Չարենցի դեմքին դաջել է, մի կողմից, երիտասարդ եւ հայրենասեր հայ բանաստեղծի խոր գաղափարական կերպարը, մյուս կողմից՝ հոգու տառապանքը»,- հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին, սակայն պահանջում է առնվազն 90 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։ Դե Լիգտի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Դե Լիգտը 2019-ի ամռանն է տեղափոխվել «Յուվենտուս» Ամստերդամի «Այաքսից» 85 միլիոն եվրոյի դիմաց։ Անցած մրցաշրջանում Դե Լիգտը իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

 

ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Ռեփեր Քանյե Ուեսթը սպառնում է դատի տալ Մելբուրնում գտնվող արագ սննդի կետի սեփականատիրոջը։ Ռեստորանը, որի սեփականատերը հանդիսանում է Ուեսթի մեծ երկրպագուն, անվանվել է արտիստի առաջին՝ The College Dropout ալբոմի պատվին։ Շենքը զարդարված է արտիստի պատկերով որմնանկարներով, որոշ ճաշատեսակներ անվանակոչվել են նրա անունով։ 45-ամյա ռեփերի փաստաբանները դատական հայցով սպառնացել են հաստատության սեփականատիրոջը՝ հայտարարելով, որ Քանյեն չի համաձայնել օգտագործել իր լուսանկարներն ու անունը։ Ռեստորանի տարբերանշանը փոխվել է, իսկ արտիստի պատկերով որմնանկարը հանվել է։ Բուրգերների կետի սեփականատեր Մարկ Էլկխուրին խոստովանել է, որ հիասթափված է կատարողի կողմից դատական հետապնդման սպառնալիքից, քանի որ, ըստ նրա, իր ստեղծած հաստատությունը «հարգանքի տուրք» է արտիստին։

 

 

 

ՄԱՐԶԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Բիլբաոյի «Աթլետիկը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց 58-ամյա իսպանացի Էռնեստո Վալվերդեին. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Վալվերդեն երրորդ անգամ գլխավորեց «Աթլետիկը»։ Նախքան այս նա թիմում աշխատել է 2003-2005-ին եւ 2013-2017-ին։ Վալվերդեն եղել է նաեւ «Աթլետիկի» ֆուտբոլիստ 1990-1996-ին։ «Աթլետիկը» նրա ղեկավարությամբ անցակցրել է 306 հանդիպում, ինչը ակումբային ռեկորդ է։ 2017-2020-ին «Բարսելոնան» գլխավորելուց հետո Վալվերդեն մարզչական աշխատանք չուներ։

 

 




Լրահոս