ՖՈՏՈ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդականը հասցնում է սպասարկել ոչ միայն դիվանագիտական օրակարգը, այլեւ մասնակցել Հայաստանին օժանդակելու տարբեր նախագծերի ու միջոցառումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետհեղափոխական Հայաստան, Քովիդ 19, Արցախյան պատերազմ, հետպատերազմական Հայաստան։ Ահա այս ամենը համընկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունու պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ։ Երկրի համար ծանրագույն այս փուլերում Պահլավունին Լոս Անջելեսից էր փորձում որպես պետական ծառայող, որպես դիվանագետ ու քաղաքացի անել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր Հայաստանին ու հայ մարդուն հաղթահարելու այս ծանրագույն փորձությունները։

Շուրջօրյա հյուպատոսական ծառայություն այն քաղաքացիների համար, որոնք Քովիդ 19-ի սահմանափակումներով պայմանավորված չգիտեին՝ ինչպե՞ս դուրս գալ ԱՄՆ-ից եւ հասնել հայրենիք, չգիտեին՝ ինչպե՞ս անել, որ հանկարծ չխախտեն վիզային ռեժիմի հետ կապված որեւէ միգրացիոն օրենք։ Պահլավունին այդ օրերին ամեն վայրկյան հասանելի էր, նա չէր դադարում սպասարկել ՀՀ քաղաքացիներին՝ խորհրդատվությունից մինչեւ ամենակարևոր օղակների հետ համապատասխան հարցերի ճշգրտում, եւ այլ կարևոր հարցեր, որոնք հրատապ լուծումներ էին պահանջում։ ԱՄՆ-ում հայտնված ՀՀ քաղաքացին իրեն մենակ չէր զգում, գիտեր, որ Վարազդատ Պահլավունուն կարող է վստահել՝ որպես եզակի պրոֆեսիոնալի, որպես մարդու, որը կկարողանա հասկանալ իրավիճակն ու դրանից ելքեր փնտրելու ճիշտ մարտավարություն մշակել։ Առհասարակ, Քովիդի օրերին այն օգնությունն ու օժանդակությունը, որ ցուցաբերել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ՀՀ քաղաքացիներին ու ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայերին՝ անպատմելի է։ Իսկ այդ ամենի առանցքում եղել է ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականը, որը կարողացել է իր մոբիլ թիմով սպասարկել հազարավորների, օգտակար ու հեղինակավոր կապերի հաշվին օգտակար լինել բոլոր նրանց, որոնք շփոթված ու անելանելի վիճակում են եղել։

Պատերազմը փոխեց Սփյուռքի, մասնավորապես Լոս Անջելեսի հայության օրակարգը։ Վարազդատ Պահլավունին որպես դիվանագետ դարձյալ առաջին շարքերում էր, սպասարկում էր այն օրակարգը, որը պահանջում էր դիվանագիտական ահռելի ջանք ու ինֆորմացիոն պատերազմի ճիշտ վարում դրսում։ Օրական հարյուրավոր հաղորդագրություններ, ամերիկյան լրատվամիջոցներին տրվող անընդհատ թարմացվող մամլո հաղորդագրություններ, իրավիճակը ճշգրտող պաշտոնական հայտարարություններ․․․այս ամենը մշակվում եւ իրականացվում էր նաեւ Պահլավունու ջանքերով։ Երկրորդ ուղղությունը մասշտաբային դրամահավաքներն էին, հումանիտար օգնությունը՝ սնունդից մինչեւ դեղորայք։ Այս բոլոր նախաձեռնությունններում Պահլավունին ընդգրկված էր։ Նա գործ էր անում՝ ժամանակ չունենալով խոսել, ներկայացնել այն ծրագրերը, որոնք այնքան կարևոր էին օրհասական օրեր ապրող հայրենիքի համար։ Պետական պաշտոնյայի խստությամբ, ՀՀ քաղաքացու պատվախնդրությամբ Պահլավունին հասցնում էր սպասարկել ոչ միայն դիվանագիտական օրակարգը, այլեւ մասնակցել Հայաստանին օժանդակելու տարբեր նախագծերի ու միջոցառումներին։

Հետպատերազմական Հայաստանի համար ծանր օրերին էլ Պահլավունին շարունակեց ներգրավվել բազմաթիվ սփյուռքահայերի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով։ Նրա ջանքերով ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել Հայաստանում, մասնավորապես տնտեսության նորարարական ճյուղերում։ Այդ ծրագրերը շարունակական են լինելու, իսկ ներդրվող գումարի չափն այսօր արդեն եռապատկվել է։ Բացի այս նրան հաջողվել է տնտեսական կապերի այնպիսի համակարգ ներդնել, որը հնարավորություն է տվել հայ գործարարներին մուտք գործել ամերիկյան շուկա։ Մասնավորապես Պահլավունու ջանքերով այսօր արդեն զգալիորեն ավելացել է Հայաստանից ԱՄՆ արեւմտյան ափ, մասնավորապես Կալիֆորնիա ներկրվող հայկական ապրանքների քանակը։ Սա նշանակալի իրադարձություն է ոչ միայն սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, այլեւ հայաստանյան գործարար միջավայրի համար։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի Պահլավունու նախաձեռնությամբ իրականություն դարձած հայ-ամերիկյան առեւտրային կապերը խորացնող դելեգացիոն խմբի ակտիվ շփումներն ու աշխատանքը։ Մասնավորապես մայիսին «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագրի ներքո կայացավ Հայ գործարարների պատվիրակության այցը Կալիֆորնիա՝ Լոս Անջելես։ Ի թիվս այլ միջոցառումների՝ Գլենդեյլի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել էր հայ գործարարների պատվիրակության հանդիպումը Գլենդեյլի գործարար համայնքի, քաղաքապետարանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի հետ, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ քաղաքապետ, սենատոր, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաեւ Գլենդելի կորեական և ֆիլիպինցի գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Նշանակալի իրադարձություն էր նաեւ «Հայկական առևտրային» ցուցահանդեսի անցկացումը Բուրբանկ քաղաքում։ Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 3 տասնյակ հայ արտադրողների ապրանքներ և ծառայություններ։
Վստահ ենք, որ Պահլավունին նույն եռանդով դեռ երկար շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Լոս Անջելես, 2022, օգոստոս, Կարեն Սիմոնյան




Լրահոս