ՀՀ և Սիրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:

«Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:




Լրահոս