ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում: Նա պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։ Այս հայտարարությունները նորանշանակ փոխարտգործնախարարի կողմից իսկապես տարակուսելի են, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անում էին ՀՀ իշխանությունները:  Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այդ իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն է եղել:  «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից», – ասել էր նա։ Այդպիսի հայտարարություններ եղան նաեւ ամերիկյան կողմից: ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ օր առաջ էլ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել էր մեր բանակի գործողությունների մասին եւ ասել, թե դրա շնորհիվ նաեւ դիրքեր ենք հետ բերել: «Այն, ինչ ձեր ասած 10 քառակուսի կիլոմետր թվերի շրջանակներում իրեն հաջողվել է, բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ։ Վեց դիրքերի մասին է խոսքը. ես ամբողջական թվերը չհրապարակեմ. շատ հնարավոր է՝ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- նշել էր նա:  Առաջին անգամը չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են անում. այսպես, ի վերջո, Հայաստանի միջազգային հեղինակությունն է կասկածի տակ դրվում:

 

 

 

 

Ընդդիմությունը երեկ Լաչինի միջանցքի մասով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: Լսումներին մասնակցում էին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Ընդդիմության նախաձեռնած քննարկման ժամանակ իսկական անակնկալ էր ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ներկայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արսենյանի մասնակցությունը անակնկալ է եղել ոչ միայն ներկաների, այլ նաեւ սեփական թիմակիցների համար: Արսենյանը ընդդիմության լսումներին մասնակցելու իր որոշումը չի քննարկել թիմակիցների հետ, միանձնյա որոշում է կայացրել: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ թեեւ որեւէ մեկին արգելված չի եղել մասնակցել այդ լսումներին, բայց  որեւէ մեկի մտքով անգամ չի անցել, որ իրենց թիմից ինչ-որ մեկը կարող է գնալ ու  մասնակցել մի քննարկման, որտեղ հավաքված է հայկական քաղաքական դաշտի գրեթե ողջ ընդդիմադիր թեւը: ՔՊ-ականներից շատերն իրենց աշխատասենյակներում ուղիղ եթերով ընդդիմության քննարկմանը հետեւելիս են եղել, իրենց թիմակցին տեսել ու անակնկալի են եկել: Գուրգեն Արսենյանը, թերեւս, որոշել է գնալ ու միայնակ իր «կռիվը տալ» ընդդիմադիրների հետ: Իսկական ֆուրոր էր ոչ միայն Արսենյանի մասնակցությունը, այլ նաեւ նրա ելույթը, որտեղ նա հերթական հակաարցախյան թեզը առաջ տարավ՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»:

 

 

 

Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացած  զինծառայողների քրեական վարույթով  ուշագրավ հանգամանքներ  են  ի հայտ գալիս: Մեզ  հասած տեղեկությունների  համաձայն՝ ողբերգական դեպքից  2 շաբաթ  առաջ  սպա Ե. Հ.-ն զեկուցագիր է  գրել, որ  ցանկանում  է ազատվել  աշխատանքից կամ, ինչպես ընդունված  է ասել, զորացրվել։ Ինչո՞ւ է  նա այս  քայլին գնացել  ռազմական  ոստիկանության ստուգումներից  հետո, ի՞նչ  է կատարվել, առհասարակ, կացարանի ներսում. հուսանք՝ այս  հարցերի պատասխանը կստանանք քննության  ընթացքում, երբ խոսի սպան: Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ հարցաքննության են կանչել սպային, սակայն սպան հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, եւ կարող են իրեն դատել, սակայն երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ. անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել ցուցմունք տալ:

 

 

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առիթը բաց չի թողնում Հայաստանի տնտեսական աճով հպարտանալու: Չնայած սրան՝ որոշ ոլորտներում Վիճակագրական կոմիտեն անկում է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում մսի արտադրության ոլորտում անկում է արձանագրվել, ընդ որում՝ պակասել են տավարի, խոզի եւ թռչնամսի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 5.5 տոկոսով պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի ավելացել (5.5 տոկոսով):  Խոզի մսի արտադրության ոլորտում արձանագրված անկումը լուրջ մտահոգել է մասնագետներին. խոզի մսի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի արտադրության ծավալները 6.2 տոկոսով են պակասել: Ստացվում է, որ անգամ պետական աջակցության՝ խելացի անասնագոմ կառուցելու, կենդանի ձեռք բերելու վերաբերյալ ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա, բայց հոգ չէ. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով «մարդիկ սկսել են ավելի լավ ապրել»:




Լրահոս