ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԿԱՄ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերություններն օր օրի լարվում են, կողմերը ամենաբարձր մակարդակով պարբերաբար մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին:

 

Նախ Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի ռազմական ներկայությունը «սպառնալիք» համարում Հայաստանի համար, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ռուսական կողմին մեղադրում են Լաչինի միջանցքը փակելու հարցում Ադրբեջանին աջակցելու համար, իսկ, ահա, երեկ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է Հայաստանին մեղադրել էր, թե «տարիներ շարունակ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները»: «Ռուսաստանն այս ընթացքում առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռեւս նախորդ ղեկավարությունը ոչ այնքան դրական էր ընդունել՝ փորձելով պահել տարածքները, որոնց Երեւանը նույնիսկ չէր էլ հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք պատկանում են իրեն»,-ասել էր Լավրովը:

Լավրովի այս հայտարարությունը շատ քննարկվեց հայաստանյան փորձագիտական եւ հասարակական շրջանակների կողմից, սակայն պաշտոնական Երեւանը դեռեւս ձեռնպահ է մնում ռուսական կողմին արձագանքելուց:

ArmLur-ը այս առիթով զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ Լավրովը Հայաստանի հասցեին նման մեղադրանքեր հնչեցրեց, ինչի՞ հետեւանք էր սա:

-Ես չեմ կարող բացատրել՝ ինչու Լավրովը նման հայտարարություն արեց, կամ ում էր այն ուղղված՝ այսօրվա իշխանություններին, թե նախկին: Հնարավոր է՝ Ռուսաստանը որոշել է փոխել իր ռազմավարական գործընկերոջը Հարավային Կովկասում կամ ուզում է դուրս գալ Հարավային Կովկասից. դեռ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ժամանակը ցույց կտա, երեւի թե պետք է սպասել զարգացումների: Իսկ թե ինչ հետեւանքներ կունենա, դա թող որոշեն նրանք, ովքեր արդեն 5 տարի է՝ զբաղվում են այս հարցով. չեմ կարծում, որ լավ են զբաղվում, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է՝ կան ինֆորմացիաներ, որոնց մենք չենք տիրապետում:

-ՌԴ ԱԳՆ-ն վերջերս նաեւ բավականին կոշտ արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշմանը. Լավրովի երեկվա հայտարարությունը սրա շարունակությո՞ւնն էր:

-Այն, որ Ռուսաստանին դուր չի եկել ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը, եւ ամեն ինչ անելու են, որ դա իրականություն չդառնա, նրանք հենց առաջին օրվանից չեն թաքցրել:

-Հայաստանը մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել ռուսական կողմի հայտարարություններին: Պարո՛ն Քոչարյան, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչու է Հայաստանը խուսափում արձագանքել, ինչու է մեր ԱԳՆ-ն լռում:

-Իսկ Հայաստանում, ընդհանրապես, որեւէ ինստիտուտ հիմա աշխատո՞ւմ է. հենց դա ինձ համար ամենահասկանալին է, որ Հայաստանից լոկ բառեր են մնացել, ոչ մի ինստիտուտ չի գործում, դրա համար էլ արձագանք չկա:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ողջ պատմության ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները երբեւէ այսքան լարված չեն եղել:

-Հայ-ռուսական հարաբերությունները վաղուց են լարված, ավելին՝ Հայաստանն այսօր չունի բարեկամ, հասել է այն վիճակին, որ վաղուց արդեն սուբյեկտ չէ, միայն օբյեկտ է: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները բավականին լարված են հիմա: Միայն այն հայտարարությունները, որ արվում են ՌԴ ԱԳՆ մակարդակով շատ բաց տեքստով, վկայում են սրա մասին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

280 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատուն են գնել 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երեւանի եւ Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավիթաշեն վարչական շրջանին։ Այս մասին երեկ հրապարակում էր ունեցել «Սիվիլնեթ»-ը եւ նաեւ ներկայացրել առանձնատան կադրերը:

 

Ինչպես պարզել է լրատվամիջոցը, փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել եւ գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ Ամուսինները առանձնատունը ձեռք են բերել 112 մլն դրամով (ըստ Կադաստրի՝ շուկայական արժեքը 115 մլն դրամ է)։ Հատկանշական է, որ պայմանագրում նշված չէ վարկի տոկոսավճարը։

Ընդհանուր առմամբ, «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու Աբաջյանը մինչեւ 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռք բերմանը։ Այս պայմանագիրն ու գնումը մի քանի հարցեր են առաջացնում: Ինչպե՞ս է Արարատ Միրզոյանը գնել արդեն իսկ բանկում գրավադրված տունը, ինչպե՞ս է իմացել դրա մասին: Ինչպե՞ս է նա  գնել այն, առանց կանխավճարի, եւ, առհասարակ, պետք է ստուգել այս գույքի ծագումնաբանությունը:

Նկատենք՝ Արարատ Միրզոյանն այն պաշտոնյաներից էր, որ հեղափոխությունից հետո դառնալով Ազգային ժողովի նախագահ՝ փորձել էր ապառիկով հեռուստացույց գնել, բայց չէր ստացվել։

Այժմ նա, փաստորեն, իրեն կարողանում է թույլ տալ 280 հազար դոլար արժողությամբ առանձնատուն գնել վարկավորմամբ։ Ինչպե՞ս է նա պատրաստվում մարել այս վարկը, երբ ամենապարզ հաշվարկներն էլ անգամ ցույց են տալիս, որ նա ամեն ամիս պետք է մեկ մլն դրամից ավելի գումար ուղղի վարկի մարմանը, իսկ, որպես նախարար, Արարատ Միրզոյանը հենց 1 մլն դրամից ավելի գումար է ստանում, իսկ նրա կինը գործազուրկ է։ Ստացվում է՝ ամբողջ աշխատավարձը Արարատ Միրզոյանը պետք է ուղղի վարկի մարմանը։

 

 

 

26 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ թափուր են: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ առողջապահության նախարարությանը: Ըստ հաստիքացուցակի՝ առողջապահության նախարարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին մեկ հաստիք թափուր է, ինչպես նաեւ,  օրենքով սահմանված երեք խորհրդականի փոխարեն, նախարար Անահիտ Ավանեսյանն այս պահին ունի մեկ խորհրդական: Ուսումնասիրելով գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկացանք, որ, օրինակ, նախարարության դեղորայքային քաղաքականության բաժինը պետ չունի, եւ այն ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Պետ չունի եւ ժամանակավոր  պաշտոնակատարով է աշխատում նաեւ ֆինանսատնտեսագիտական վարչությունը:  Ընդհանուր առմամբ, այս պահին նախարարության կենտրոնական ապարատում թափուր է 13 աշխատատեղ: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն այս պահի դրությամբ եւս ունի 13 թափուր հաստիք, որոնց թվում են գլխավոր ֆինանսիստների եւ ավագ մասնագետների հաստիքները: Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ այդ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ:

 

 

 

 

ՔՆՆԻՉՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ

ՀՀ քննչական կոմիտեն չի կարողանում Զինվորական քննչական վարչության համար բաժնի պետի տեղակալներ գտնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների  համաձայն՝  այս պահին զինվորական քննչական բաժնում պետի տեղակալի 9 թափուր հաստիք կա, որի համար տեւական ժամանակ է՝ չեն կարողանում պրոֆեսիոնալ կադրեր գտնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ շատերն էլ խուսափում են Զինվորական քննչական վարչություն գնալ, քանի որ գործերը շատ են, ու քննիչները բավականին ծանրաբեռնված են, քիթ սրբելու ժամանակ չունեն: Այս իրավիճակի մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե: Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ թափուր  հաստիքներ  կան, որոնք  պարբերաբար  համալրվում են, սակայն արտառոց  կադրային հոսքեր  համակարգում  առկա չեն:




Լրահոս