«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել Է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երեւանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաեւ մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը չի կանչել, այլ Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու նպատակով եւ զարմացել, թե այս ինչ է կատարվում, ինչու են իր նախկին գործընկերներին զանգվածաբար բերման ենթարկել:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից, որն ի պատասխան ասաց. «Ես բոլոր իմ գործընկերների համար էլ անհանգստանում եմ»: Ըստ էության, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին կոմիտեն հայտնեց, որ քննվող չարաշահումների գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում