Ինչ ցուցմունք են տվել պատգամավորները՝ Վլադիմիր Վարդանյան-Մհեր Սահակյան միջադեպի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը կգա խորհրդարան՝ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:

Դատախազը ներկայացրել է 18 էջից բաղկացած միջնորդություն: Այնտեղ մանրամասը ներկայացված է, թե օրենքի ինչ խախտումներ է թույլ տվել Մհեր Սահակյանը և, թե ինչ ցուցմունք են տվել նիստին ներկաները: Միջնորդության մեջ նշվում է, թե նիստի ժամանակ Արծվիկ Մինասյանի՝ քննարկման թեմայից շեղվելու հանգամանքը, հակադրվել է Վլադիմիր Վարդանյանին, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին: Ապա նշվում է, որ նա շրջանցել է նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին և աջ ձեռքով հարվածել նրա ձախ քունքային շրջանին: Այսպիսով, Մհեր Սահակյանին մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով:

Այժմ ներկայացնենք, թե ինչ ցուցմունք են տվել մի քանի վկաները. տուժող Վլադիմիր Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ աջ ձեռքին ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Վլադիմիր Վարդանյանը իր ցուցմունքում նշել է, թե մինչ այդ որևէ գործողություն ինքը չի կատարել, Մհեր Սահակյանին ընդառաջ չի գնացել, ընդամենը կանգնել է տեղից, որպեսզի կարողանա բոլորին հանդարտեցնի: ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը ևս իր ցուցմունքում նշել է այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանը կանգնած է եղել, սակայն տեղից չի շարժվել: Վերջինս նաև նշել է, թե հարվածի պահին շատ ուժեղ ձայն է լսել:

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ցուցմունքում կրկին նկարագրել է մարտի 31-ին տեղի ունեցածը: Նա ևս նշել է, թե Արծվիկ Մինասյանն է շեղվել քննարկվող թեմայից, որից հետո էլ քննարկումը շարունակելուն ուղղված կոչերին Մհեր Սահակյանը ընդհատելով է արձագանքել: Նա ևս նշել է , թե Վլադիմիր Վարդանյանը կանգնել է իր տեղից, սակայն ընդառաջ չի գնացել որևէ մեկին: Ցուցմունք է տվել նաև իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով, Մհեր Սահակյանը մեկ անգամ աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով, հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին:

Իսկ ահա ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքներն էականորեն տարբերվում է և օրինակ պատգամավոր Գեղամ Նազարյանը նշել է, թե Վլադիմիր Վարդանյանը բացի կանգնելուց, նաև քայլել է Մհեր Սահակյանի ուղղությամբ և վերջինս նույնպես կանգնել է ու երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է Վարդանյանին: Արծվիկ Մինասյանը ևս իր խոսքում նշել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանկարծակի կանգնել է և ագրեսիվ կեցվածքով քայլել դեպի Սահակյանը: Իսկ Մհեր Սահակյանն էլ նույնը նշելով, նաև հավելել է. «Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ քայլել է իմ ուղղությամբ՝ բղավելով. «լավ եմ անում, ում վրա ուզեմ կգոռամ»: Նա նշել է, թե բնազդաբար է հարվածել Վլադիմիր Վարդանյանին՝ ինքնապաշտանության նպատակով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս