ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին Գյումրիում բացվեց Տեղական ժողովրդավարական նոր գործակալություն: Այն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն ակտիվորեն աջակցում է տեղական ինքնակառավարմանը եւ քաղաքացիների մասնակցությանը` որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գործիք:
Նշենք, որ Գյումրու գործակալությունը երկրորդն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառույցի ներկայացուցիչները Գյումրիում հայտարարեցին, որ նպաստելու են քաղաքացիական հասարակության զարգացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաեւ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանը: Գրասենյակի հիմնական առաքելությունը լինելու է նաեւ ՏԻՄ-երում ներկայացուցչական ժողովրդավարության ապահովումը: Պարզ ասած, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, իր կամքից անկախ, հայտնվելու է ժողովրդավարության հորձանուտում: Միջազգային գրասենյակն էլ գործելու է Գյումրու քաղաքապետարանի շենքում: Հարկ է նշել, որ Գյումրու քաղաքապետն իր շքախմբով այս միջոցառման կիզակետում էր, բայց դատելով նրանց դեմքերի արտահայտությունից`  նրանք դեռեւս գլխի էլ չէին ընկել, թե ինչ է կատարվում, ինչու են միանգամից այդքան օտարերկրացիներ հայտնվել քաղաքապետարանի շենքում եւ խոսում բաներ, որոնք քիչ ըմբռնելի են իրենց համար` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ եւ այլն:
Հայաստանում  ժողովրդավարության ներկա մակարդակի մասին գրասենյակի ներկայացուցիչների կարծիքը, մեղմ ասած, բացասական էր, եւ նրանք չխուսափեցին կոշտ գնահատականներ հնչեցնելուց: Տեղական ժողովրդավարության գործակալության նախագահ Պեր Վինթերի խոսքերով` Հարավային Կովկասի երկրներում, մասնավորապես Հայաստանում, զգացվում է սովետական շունչը. «Ձեր երկրում ՏԻՄ-ը գրեթե բացակայում է, ամեն ինչ որոշվում է վերեւում,  հետո հրահանգ են ստանում քաղաքապետերը  եւ հրահանգն իջեցնում են ժողովրդին»: Հյուրերի խոսքերով` Հայստանում անելիքները շատ են, հատկապես արդար եւ ազատ ընտրություններ ապահովելու եւ լրատվամիջոցների ազատ գործունեությունը խթանելու առումով:
«Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի մասին վերջնական գնահատականը որոշվում է ընտրությունների արդյունքում: Մենք ընտրությունների ժամանակ  մշտադիտարկումներ արել ենք եւ տեղյակ ենք, թե  ինչպես են դրանք անցնում,-շեշտեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին եւ հավելեց,-ձեր երկրի թերություններից մեկն էլ այն է, որ սպասում եք, թե ինչ ճնշում, ինչ հրահանգ պիտի գա ԵԽ-ից կամ ԵՄ-ից: Պետք է այդ ճնշումը ներսից լինի` ներքեւից վերեւ սկզբունքով: Քաղաքացիները պետք է ավելի ակտիվ լինեն»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս