ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՂ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,
Անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է՝ նախընտրական փուլ։
Անկախ, սակայն, իրադարձությունների անկանխատեսելի զարգացումից, քանի որ ասվեց, որ երկրի քաղաքական կյանքն արդեն թեւակոխել է նախընտրական փուլ, մենք պարտավոր ենք այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով։ Ինչպես ձեզ հայտնի է, իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում, ՀԱԿ-ի պատվիրակությունն առաջարկել էր այդ մեխանիզմներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների եւ այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ, առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել երբեւէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին։
* * *
Շուրջ 500000 ավելորդ քվեաթերթիկների տպագրության հարցը, անցյալ նախագահական ընտրություններից առաջ, ես մի քանի անգամ բարձրացրել եմ միջազգային դիտորդական առաքելությունների առջեւ, ի զարմանս ինձ, հանդիպելով նրանց քար անտարբերությանը։
… Ընտրական ցուցակների հետ կապված մի այլ առեղծված էլ ներկայացնում է ընտրողների թվի տարօրինակ դինամիկան։ Բանից պարզվում է, որ տարիներ շարունակ չդադարող արտագաղթին զուգընթաց, այդ թիվը ոչ թե նվազում, այլ ընդհակառակը, անշեղորեն աճում է։ Այսպես, մինչ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 2.190.000, մեկուկես տարի անց, 1998-ի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, այն ավելացել է ավելի քան 110000-ով (2.300.816), իսկ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ արդեն հասել է 2.320.375-ի (Ավելի մանրամասն տե՛ս «ՀԺ». 28.09.2011)։ Հասկանալի է, որ այս պարագայում եւս մենք գործ ունենք վիճակագրական մի հանցավոր աճպարարության հետ, որի նպատակն, ակնհայտորեն, ընտրությունների կեղծման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումն է։
…Բարեփոխված ընտրական օրենսգիրք, ոչ մի զսպող մեխանիզմ, ոչ մի դիտորդ, եւ ոչ մի վստահված անձ ի զորու չէ կանխել քվեարկության արդյունքների էական կեղծումը։ Ուստի քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբեւէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, եւ օրինակարգ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500000 ավելորդ անուններից»։ Ինչը, սակայն, ամենեւին չի նշանակում, թե նրանք զրկվում են ընտրելու իրավունքից։ Ովքեր քվեարկության օրը կներկայանան ընտրատեղամասեր, նրանք ընդհանուր կարգով, այսինքն դատարանի վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա, կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում եւ կմասնակցեն ընտրությանը։ Կարող են, իհարկե, առարկել, թե միեւնույն է, դրանով այս խնդրի հետ կապված չարաշահումները չեն դադարի, քանի որ բացառված չէ, որ իշխանությունները ընտրությունների ամփոփիչ արձանագրություններում ցույց տան, թե իբր բոլոր 500000 քաղաքացիներն էլ, իրենց ընտրական իրավունքից օգտվելու համար, վերադարձել են Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը։ Բայց այս խոչընդոտն էլ հեշտությամբ կարելի է հաղթահարել քվեարկության մասնակիցների մատների թանաքոտման եւ նրանց կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովման միջոցով։ Այս կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել «Ընտրական օրենսգրքի» մի արտառոց հոդվածի վրա, որի համաձայն. «Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում եւ տեսանկարահանվում» (հոդված 11.1)։ Այս կատեգորիկ արգելքն այլ բան չի նշանակում, քան այն, որ այդ ցուցակները հասու չեն ոչ միայն սովորական մահկանացուներին, այլեւ ընտրությունների արդյունքները վիճարկող ամենավերին ատյանին՝ Սահմանադրական դատարանին։ Թերեւս որեւէ այլ պետական գաղտնիք այնքան խստորեն չի պահպանվում, որքան խնդրո առարկա ցուցակների պարունակությունը, ինչը մեր իրականության պարագայում լիովին հասկանալի է, քանի որ 1998 թվականից սկսած դա է եղել վարչախմբի գոյատեւման ու վերարտադրության գլխավոր երաշխիքը։
Ընտրական գործընթացի խաթարման մյուս աղբյուրը խորհրդարանական ընտրություններում 40 մեծամասնական պատգամավորական տեղերի առկայությունն է։ Վերջին տասնամյակի փորձը ցույց է տվել, որ այդ տեղերն, առանց բացառության, զբաղեցնում են հայտնի օլիգարխներն ու թաղային հեղինակությունները՝ գործի դնելով ընտրակեղծիքների, ընտրակաշառքի, լցոնումների, կրկնակի քվեարկությունների, վարչական ռեսուրսների, բացահայտ բռնությունների ու ահաբեկումների ողջ զինանոցը։ Այդ ամենն իշխանությունների կողմից հանդուրժվում եւ նույնիսկ խրախուսվում է այն պատճառով, որ մեծամասնական թեկնածուներն, իրենց հաղթանակն ապահովելուց բացի, պարտավորվում են նաեւ համամասնական ընտրակարգով անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել իշխող կուսակցության եւ նրա կոալիցիոն դաշնակիցների համար։ Այսինքն նրանց առջեւ ուղղակի պայման է դրվում. եթե ուզում ես պատգամավոր դառնալ, ուրեմն պարտավոր ես այսքան տոկոս ձայն հավաքել իշխանամետ կուսակցությունների օգտին։ Այդպիսով փաստորեն ստացվում է, որ խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունների հաղթանակն ապահովում են գլխավորապես օլիգարխներն ու թաղային հեղինակությունները։ Հետո զարմանում ենք, թե ինչու է մեր պետությունն ընտրությունից-ընտրություն ավելի ու ավելի քրեականանում։ Այս արատավոր պրակտիկայի հաղթահարման միակ արդյունավետ միջոցը, հետեւաբար, մեծամասնական ընտրակարգի վերացումն է եւ Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորական տեղերի համալրումը բացառապես համամասնական ընտրակարգով։
Բացի վերը քննարկված բարեփոխումներից, կան նաեւ մի քանի այլ կարեւոր առաջարկներ, որոնց ընդունումը կարող է զգալիորեն նվազեցնել ընտրակեղծիքների հնարավորությունը եւ նպաստել ընտրությունների օրինականության նկատմամբ հանրային վստահության կայացմանը։ Դրանցից մեկը բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումն է պետության կողմից ձեւավորված հանձնաժողովներով, իսկ մյուսը՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում առավոտյան ժամը 8-ից մինչեւ քվեների հաշվարկի ավարտը առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումը։ Ի դեպ, ԸՕ փոփոխություններին եւ ընտրությունների օրինականության ապահովմանը վերաբերող բոլոր ներկայացված պահանջները պաշտպանվում են ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ մի քանի այլ քաղաքական ուժերի կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ամենեւին նեղկուսակցական նպատակներ չեն հետապնդում, այլ բխում են արդար ընտրությունների անցկացմամբ շահագրգռված բոլոր կուսակցությունների եւ ընդհանրապես ողջ հասարակության ու պետության շահերից։ Ահա մի խնդիր, որի շուրջ կարող են համախմբել բոլոր առողջ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։
* * *
Կոնգրեսը բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում է, որ իր նպատակը ոչ թե սոսկ իշխանության հասնելն է, այլ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումը, եւ որ այդ պարագայում պատրաստ է առաջինը շնորհավորել հաղթողին։ Երեքուկես տարի շարունակ մենք հետեւողականորեն պայքարել ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Ցավոք, ընդդիմադիր համարվող մնացյալ քաղաքական ուժերից ոչ մեկը, եթե ոչ խոսքով, ապա իրական գործով չի պաշտպանել այս պահանջը, իսկ որոշ մասը նույնիսկ բացահայտորեն դեմ է արտահայտվել դրան, կամա թե ակամա նպաստելով հանցավոր վարչախմբի գոյատեւմանը։ Դա թեեւ, անտարակույս, դժվարացրել է մեր աշխատանքը, բայց բոլորովին չի հուսահատեցրել մեզ, որովհետեւ մենք վստահ ենք եղել, որ իշխանական մոնոլիտը վաղ թե ուշ ճաքեր է տալու, ինչի ակնհայտ արտահայտությունն են, մասնավորապես, պետական ապարատում եւ իշխող կոալիցիայի ներսում վերջերս ծագած լուրջ տարաձայնությունները։ Խորացման պարագայում, դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել։
Մեր կարգախոսն, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, մնում է նույնը՝ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի», որովհետեւ վերջինիս կառավարման յուրաքանչյուր օրը մեր երկիրը քայլ առ քայլ մոտեցնում է անխուսափելի կործանման։ Առաջիկա ամիսները մենք նվիրելու ենք այս կարգախոսը ողջ ժողովրդի համոզումը դարձնելու խնդրին, օգտագործելով քարոզչական բոլոր հնարավորություններն ու քաղաքական պայքարի մնացյալ օրինական միջոցները, եւ կենտրոնանալով գլխավորապես Հայաստանի մարզերում տարվող աշխատանքի ու Կոնգրեսի տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա։ Հոկտեմբերի առաջին շաբաթին տեղի ունեցած շուրջօրյա նստացույց-հանրահավաքը, հակառակ երկրում տիրող վախի մթնոլորտին եւ իշխանությունների հարուցած աննախադեպ խոչընդոտներին, ցույց տվեց ՀԱԿ-ի հսկայական կազմակերպական եւ մոբիլիզացիոն կարողությունները։ Մեր անհետաձգելի պարտքն է՝ առաջիկայում այդ կարողությունները հասցնել առավելագույնի։ Միապաղաղ թվացող իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ։ Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մի դինամիկ շրջան, որը մեր նպատակներին հասնելու նոր հնարավորություններ է ընձեռում։ Կոնգրեսի խնդիրն է, արդ, ճշտորեն հաշվարկել իր քայլերը եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից։




Լրահոս