Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել. նախագիծը խորհրդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն արդեն խորհրդարանում է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Այսօր երկու երկրների միջեւ գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում նշվում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ դրանք հնարավորինս զերծ պահելով աշխարհաքաղաքական ազդեցություններից:

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993թ. մայիսի 19-իn ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրով: Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:

Իսկ նոր համաձայնագրով սահմանվում է, որ մի Կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս Կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝  Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ինքնությունը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի (քաղաքացու անձնագիր, սովորական անձնագիր, ծառայողական անձնագիր, դիվանագիտական անձնագիր, կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ (միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս եւ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում) հիման վրա:

Ն.Հ.




Լրահոս