Այսօր կաթոլիկ եկեղեցու հետևորդները նշում են Ժաննա դ՛Արկի օրը: 1431 թվականին մայիսի 30-ին Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Օռլեանի կույս Ժաննա դ’Արկն այրվեց խարույկի վրա:
Նա գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337—1453 թվականներ) ժամանակ։
Ծնվել է հավանաբար 1412 թ. հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ ունևոր գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։
13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։ 1428 թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Շառլը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։ Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։
1429 թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Շառլը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ 1429 թ. ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում 1429 թ. մայիսի 8-ին հանում պաշարումը։ Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Շառլը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429 թ. հուլիսի 17-ին կայանում է Շառլի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում Շառլ VII անունով։
Ժողովրդավարական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թ. մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։ Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։ Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Այրվում է նրա ողջ մարմինը, սակայն չի այրվում նրա սիրտը։