ԱՐՑԱԽԸ ՄՈՌԱՑԱՆ, ՀԱՍԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հետեւողական կերպով իրենց հայտարարություններով վերջնական խաչ են քաշում Արցախի վրա: Նախ՝ նշենք՝ այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը ենթադրում է նաեւ տեսնել Արցախը, Արարատի մարզի Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանի կազմում: Դրանից հետո այս գիծը հետեւողական շարունակում է տարվել՝ է՛լ ավելի տարօրինակ հայտարարություններով: Օրինակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններից հետո լրագրողի դիտարկմանը, թե Արցախում հայեր են ապրում, ասել է. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը։ Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը եւս ոգեւորված էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ ասելով, թե համաձայն է նրա հետ: Արդեն երեկ էլ Փաշինյանն ավելի տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ. ««Մենք 30 տարի մեր սիրելի հայրենիքում ապրում ենք, մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։ Ընդ որում՝ ՀՀ-ն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել։ Եթե մեր ուզածը ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»։ Նա ասաց՝ մի քանի պետություն կա, որ մտածում է, թե երբ ուզի, կարող է Հայաստանին ասել՝ հավաքվեք, այստեղից դուրս եկեք, ու Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», որ ցույց տա այդ երկրներին։ Ստացվում է՝ ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ Հայաստանի գոյությունն են կասկածի տակ դնում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրերի տեղափոխության հարց է առաջացել: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր՝ նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, կլինեն նաեւ մարդիկ, որոնք, առհասարակ, պաշտոնից կզրկվեն: Ե՞րբ է պլանավորել Փաշինյանն իրագործել այս պլանը: ՔՊ ներսում խոսակցություններ կան, որ նա պլանավորել է մինչեւ աշուն իրականացնել իր ծրագիրը, բայց, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, հստակություն չկա դեռ: Փաշինյանի համար առաջնային է հատկապես ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հարցը: Ինչպես հայտնի է, ԱԻ նախարարությունը հուլիսից գործելու է Ներքին գործերի նախարարության կազմում. Փամբուխչյանը շուտով առանց աշխատանք կմնա: Մեր տեղեկություններով՝ վերջինիս առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը,  ինչը Փամբուխչյանի սրտով չէ: Նա նախկինում իշխող խմբակցության պատգամավոր էր, հետո դարձավ նախարար, այսքանից հետո վարչապետի խորհրդականի պաշտոնն իր սրտով չէ. բարձր պաշտոն է ուզում: Հիմա Փաշինյանը փորձում է Փամբուխչյանին չնեղացնել ու մտածում է՝ ուր տեղավորել նրան: Ամեն դեպքում, ՔՊ ներսում անորոշ վիճակ է, սպասում են, տեսնեն՝ թե ինչպես կդասավորվի իրենց ճակատագիրը, ինչ է մտածել Փաշինյանն իրենց համար:

 

 

 

 

 

Հայաստանում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց կազմակերպչական աշխատանքները կատարել է կառավարությունը: Հատկապես բավականին ակտիվ է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում էլ վստահված են եղել կազմակերպչական աշխատանքները: Ընդ որում՝ այդ միջոցառումների անցկացման համար բավականին մեծ գումարներ են տրամադրվել: Երեւանում ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար հայտարարված մրցույթին մասնակցել էին չորս ընկերություններ, եւ վերջնական հաղթող էր ճանաչվել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն, ում հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ։ Արայիկ Հարությունյանը եղել է կառավարական հանձնաժողովի նախագահը: 2022 թվականի մայիսի 21-31-ը Երեւանում անցկացվել էր նաեւ բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Այդ առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 750 մլն 192 հազար դրամ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այստեղ եւս առաջնության անցկացման աշխատանքները համակարգողը եւ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը: Միայն այս երկու միջոցառումով ամեն ինչ չի սահմանափակվում, եւ, առհասարակ, Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա, որը կարելի է ծախսել միջոցառման անվան տակ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի որդու միջադեպի գործով նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առեւանգելու հոդվածով։ Գործով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Վերջինս, ըստ լուրերի, քաղաքական իշխանության կողմից ճնշման է ենթարկվել եւ հրաժարվել է վարչապետի դեմ իր պայքարից, եւ դա է պատճառը, որ նա հրաժարվեց  իր պաշտպաններից, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-Ն էլ դադարեցրեց նստացույցը Կառավարության դիմաց, որից հետո նրան ազատ կարձակեն։ «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ճնշման մասին խոսք չի կարող լինել, այդ թվում՝ պայմանավորվածության, առաջիկայում իրենք՝ գործով ներգրավված նոր պաշտպանները, կանդրադառնան քրեական վարույթին։

 

 

 




Լրահոս