103 ՔԱՂԱՔԱՑՈՒՑ 80-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ անվստահությունը երկար ժամանակ է՝ բոլոր քաղաքական գործիչները նկատում ու բարձրաձայնում են: Միայն իշխանությունն է, որ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, թե իրենք ժողովրդի մոտ ունեն վստահություն, իրենք ընտրված իշխանություն են, եւ Նիկոլ Փաշինյանի անվերապահ վստահությունը շարունակում է պահպանվել նաեւ այսօր:

«Ժողովուրդ» օրաթերթը  փոքրիկ հարցում է անցկացրել Երեւանի կենտրոնի փողոցներում՝ պարզելու համար մի շատ հստակ հարց՝ լսում են արդյոք քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե ոչ: Հարցումն անցկացվել է 103 քաղաքացու շրջանակներում, որոնցից 80-ը կտրուկ բացասական են արձագանքում հարցին՝ նշելով, որ նույնիսկ անունը լսել չեն ուզում։ Դրական է պատասխանել 14 մարդ ՝ մեկնաբանելով, որ լինելով ՀՀ քաղաքացի՝ պարտավոր է ծանոթ լինել ներքաղաքական իրավիճակին։ Վարչապետի ելույթները մասամբ լսում են 9 մարդ, որոնք պատճառ են բերում ժամանակ չունենալու հանգամանքը։

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը, պաշտոնավարման ընթացքում ձեռք բերելով ծառայողական մեքենա, դրա համար վճարել է 2,4 միլիոն դրամ ավել գումար: Մեքնան գնելու մասին Խիթարյանը  2022 թ. հոկտեմբերի 20-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ մեքենան 23,9 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել Խիթարյանին մտերիմ հանդիսացող ֆիզիկական անձից, այն դեպքում, որ այդ նույն անձն այդ մեքենան ավտոսրահից գնել է մոտ 21,5 մլն ՀՀ դրամով։  Ֆիզիկական անձը, որից գնվել է մեքենան, ռեկտորի ընկերն է՝ Արարատ Մարտիրոսյանը:  Մեքենան 2021թվականի արտադրության է եւ գնվել է հենց 2021 թվականին, սակայն հատկանշական է, որ այդ նույն ժամանակաշրջանում նույն մեքենան՝ Toyota Fortuner-ը, ավտոսրահից կարելի էր ձեռք բերել մոտ 21 միլիոնով։ Փաստացի Արարատ Մարտիրոսյանից գնված մեքենան  2,4 միլիոն դրամ ավել է, քան նույն մեքենայի նորը՝ ավտոսրահում, եւ համալսարանը այդքան գումար ավել է վճարել միայն նրա համար, որ այն գնի ռեկտորի ընկերոջից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Դավիթ Խիթարյանից՝ հետաքրքրվելով, թե կատարվածն արդյոք կոռուպցիոն սխեմա չէ, եւ թե ինչու է բուհը 2,4 մլն ՀՀ դրամ ավել վճարել իր ծառայողական մեքենայի համար։ Վերջինս օրեր շարունակ նշում էր, որ տարբեր միջոցառումների է եւ չի կարող հարցերին պատասխանել:  Իսկ երբ մենք գրավոր կերպով վերջինիս հայտնեցինք, որ չպատասխանելու դեպքում կհրապարակենք նյութը առանց իր մեկնաբանության, Խիթարյանը պատասխանեց, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին, եւ եթե լիներ կոռուպցիոն ռիսկ, ինքն իր ֆեյսբուքյան էջում դրա վերաբերյալ հրապարակում չէր անի: Կարճ ասած, մեղադրանքը չի ընդունում:

 

 

 

 

 

Չնայած անվտանգային պայթյունավտանգ իրավիճակին՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերին այդպես էլ չի հաջողվում ներքին տարաձայնությունները մի կողմ դնել ու գոնե այս իրավիճակում մեկ բռունցք դառնալ: Այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ջրերը վաղուց մի հունով չեն գնում, ակնհայտ է. որքան էլ հրապարակային հայտարարություններով փորձում են սիրաշահել իրար, բայց ներքին տարաձայնությունները թաքցնել չի լինում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ այս ընթացքում Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ, անգամ չեն տեղեկացնում՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Հայաստանի իշխանություններն անհասկանալի պատճառներով ամեն կերպ փորձում են խուսափել Արցախի իշխանությունների հետ շփումներից: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար է մեծ խնդիր դարձել Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատելը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու՝ որն է պատճառը, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կապը կտրվել է։ «Ճիշտն ասած, ես չգիտեմ, պետք է հարցնեք նրանց, ովքեր բանակցություններ են վարում, բայց կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, եւ կապ չունեն անհատները, կապ ունեն ընդհանուր մոտեցումները, իսկ  Արցախի մոտեցումը չի փոխվել. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-արձագանքեց նա: Բաբայանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ պահում են արդյոք Արցախի իշխանություններին բանակցությունների արդյունքների մասին, տեղյակ են իրենք՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում։«Հուսով եմ, քանի որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, մենք դա բացեիբաց ենք արտահայտում»,- ասաց նա: Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է վերցրել նաեւ վարչապետի մամուլի նորանշանակ քարտուղար Նազելի Բաղդասարյանից։ «Ընդամենը մեկ-երկու օր առաջ համահայկական նիստ է տեղի ունեցել, տեսել եք հաղորդակցման եւ շփման ինտենսիվությունը, տեսել եք նաեւ Արցախի նախագահի հրապարակային հայտարարությունները Հայաստանի գործող իշխանությունների եւ վարչապետի մասին. ավել մեկնաբանություն չունեմ»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը:

 

 

 

 

 

Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Պետրոսյանը հանդիսանում է 2014 թվականին Կոտայքի մարզի Ակունք գյուղում գնված հողամասի միակ սեփականատերը։ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող անշարժ գույքերի պարագայում նա համասեփականատեր է կնոջ՝ Արմինե Պետրոսյանի հետ։ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, մեքենա չունի։ Ուսումնասիրելով նրա դրամական միջոցները, պարզ է դառնում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը 2022 թվականի սկզբում իր բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն 60 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 8 մլն 605 հազար դրամ, իսկ, ահա, նրա կանխիկ գումարը 5 մլն-ից տարեվերջին դարձել է 3 մլն։ Սա՝ այն դեպքում, երբ մեկ տարում Պետրոսյանը 21 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 19 մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս մասն էլ նա ստացել է Պետական եկամուտների կոմիտեից։ Ռոմանոս Պետրոսյանը նաեւ վարկ ունի, եւ տարեվերջին մայր գումարի մնացորդը 24 մլն դրամ է եղել, իսկ մեկ տարվա ընթացքում այդ վարկի մարման համար նա ծախսել է 2 մլն 581 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ կառավարման խորհրդի նախագահը։ Նրա կինն էլ աշխատում է այս քոլեջում եւ 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Ավելին՝ վերջինս 2021 թվականին 2007 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է գնել։

 




Լրահոս