ՖԻՖԱ-ն ներկայացրել է ակումբային նոր մրցաշարի անվանումն ու փոփոխված ակումբային ԱԱ-ի անցկացման ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն 2024 թվականից կանցկացնի ակումբային ամենամյա մրցաշար, որը կանվանվի ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթ:

Մրցաշարին կմասնակցեն բոլոր կոնֆեդերացիաների չեմպիոնները: ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողը չեզոք խաղադաշտում գավաթը կվիճարկի մյուս կոնֆեդերացիաների ակումբների միջև միջմայրցամաքային փլեյ-օֆֆի հաղթողի հետ:

Գավաթի առաջին խաղարկության փլեյ-օֆֆը նշանակված է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին չեզոք դաշտում, եզրափակիչը՝ նույն թվականի դեկտեմբերի 18-ին կրկին չեզոք դաշտում:

Իսկ ահա փոփոխված ձևաչափով աշխարհի առաջին ակումբային առաջնությունը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը: Հիշեցնենք, որ 32 թիմով նոր ձևաչափը հաստատվել էր այս տարվա մարտին: Փոփոխված ձևաչափով առաջին մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում: Ինչպես աշխարհի առաջնությունը, այնպես էլ աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա 4 տարին մեկ:

ՈՒԵՖԱ-ից աշխարհի ակումբային Մունդիալի 12 մասնակիցներից արդեն որակավորվել են Չեմպիոնների լիգայի նախորդ երեք մրցաշրջանների հաղթողները՝ «Չելսին», «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Եվս 5 ակումբ՝ «Բավարիան», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Պորտուն» ու «Բենֆիկան», որակավորվել են իրենց վարկանիշի արդյունքում: Մյուս տեղերը կզբաղեցնեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողն ու ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 թիմերը:

Սաուդյան Արաբիայում այժմ ընթացքի մեջ է աշխարհի ակումբային առաջնությունն իր ներկայիս ձևաչափով:




Լրահոս