«Հելվելեքսն» ու «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան»-ը չեն միավորվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետի տեղակալ Սերգեյ Ասատուրյանը զեկուցեց, որ ընթացիկ տարվանից ՀՀ ՏՄՊՊՀ-ն առավել խիստ վերահսկողություն է սահմանում համակենտրոնացումների նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների` միավորումների միջոցով չհիմանվորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել շվեցարական «Հելվելեքս» ընկերությունը, տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը՝ գործարքը կնքելու համար:

Ուսումնասիրության ընթացքում հանձաժողովը պարզել է, որ «Հելվելեքսի» ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը:

Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ, ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են տեղեկատվություն ներկայացնել:

Հանձնաժողովի դիտարկմամբ՝ այս գործարքը խնդրահարույց է, տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին, և չի բացառվում, որ գործարքը կեղծ է: Վերոնշյալի հիման վրա ՏՄՊՊՀ-ում որոշվեց արգելել համակենտրոնացումը:




Լրահոս