ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տաշիր պիցցա», «Մոնտանա»….Օղակաձեւ այգու հայտնի սրճարանները կքանդվեն. ի՞նչ են անելու սեփականատերերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում թեժ քննարկվում է քաղաքապետարանի հերթական աղմկահարույց որոշումը՝ քանդել Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու տարաբնույթ այլ շինությունները:

Այգու 4-րդ հատվածը սկսվում է Սայաթ-Նովա փողոցից (Ե. Չարենցի արձանի մոտից) և ձգվում է մինչև Նալբանդյան փողոց (Մ. Նալբանդյանի արձանի մոտ)։
Քաղաքապետարանի որոշմամբ՝ այդ հատվածում գտնվող քանդման ենթակա ժամանցի վայրերն են՝ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ, կրպակներ:

Հավելենք, որ քաղաքապետարանն այս որոշումը կայացրել է առանց հանրային քննարկման, բացի Տիգրան Ավինյանի  հայտարարություններից հստակ պարզաբանում չի հնչել:
Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ գրել էր, որ այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի:

ArmLur.am-ն այսօր այցելել է Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող քանդման ենթակա սրճարանները՝ հասկանալու՝ ծանուցվել են արդյոք քաղաքապետարանի այս որոշման մասին, ի՞նչ դիրքորոշում ունեն դրա հետ կապված:
Սրճարանների մենեջերները կամ տեղում չէին, կամ էլ չէին ցանկանում խոսել:

Ուշագրավ է, որ թեև քաղաքապետարանի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում, բայց քանդման ենթակա սրճարանների սեփականատերերը խուսափում են դեռ որևէ դիրքորոշում հայտնել:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս