«ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼ ՄԵԿԸ ԲՈԼՈՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի հայտարարությանը՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ:

 

«Նախ, պետք է արձանագրել, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենը ընդամենը ռադիոյի տնօրենն է։ Պետք է արձանագրել նաեւ, որ իսկապես ասվել է, որ պետք է դադարել, սակայն դադարել լինել գործիք, դադարել լինել անուրջներով ապրող։

Ասվել է, որ ուժեղը ուժեղացնում է իր պետությունը, այն, ինչն ունի, ոչ թե նպատակադրվում է ունենալ մի բան, որն իրենը չէ, օրինական չէ. իհարկե, հեռավոր անուրջներում շատ կապված է իր հետ, որովհետեւ այնտեղ ապրել են իր նախնիները, անցյալում իրենն է եղել, սակայն այսօրվա իրողությամբ նա ունի մի բան, որն իր խնամքի ու հոգատարության կարիքն ունի այսօր եւ հիմա, իրականում, ոչ թե անուրջներում։

Այո՛, եկե՛ք ուժեղանանք, եկե՛ք դադարենք մեր ունեցածը, աշխարհի կողմից մերը ճանաչվածն աղտոտել, երբ մեր ուշադրության կարիքն ունի՝ անտեսել, երբ մեծարման կարիք ունի՝ թերագնահատել, երբ ջերմության կարիք ունի՝ լքել, երբ մեր ծառայության կարիքն ունի՝ խուսանավել, ճողոպրել, ծուլանալ, երբ մեր բազկի ուժի կարիքն ունի՝ դավաճանել։ Եկե՛ք սիրենք մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ գոյություն ունի Աստվածաշնչյան ճշմարտություն. «Որովհետեւ ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի»:

Խաղ է ժամանակ շահելո՞ւ… գոնե «շահած» տասնյակ տարիների պատմությունը պիտի հուշի, որ ժամանակ շահելու հայկական «շուստրիությունը» չի աշխատում։ Ընդ որում՝ ժամանակ շահելու հայկական «շուստրիությանը» հավատացել են միայն Հայաստանի «շուստրի» իշխանությունները, ովքեր ժողովրդին հենց այդ տրամաբանության մեջ. «ժողովո՛ւրդ ջան, դիմացե՛ք. պիտի աղքատ ապրեք, զրկանքներ կրեք, որովհետեւ մենք ժամանակ ենք շահում եւ ուժեղանում ենք, բանակ ենք կառուցում»։ Իսկ իրականում մսխում էին առանց այդ էլ ջլատված երկրի հարստությունը։

Հավանաբար շատերը երջանիկ կլինեին, եթե այս թմբիրը շարունակվեր, սակայն խորը քնից արթնացողի դժկամությամբ արձանագրում են, որ իրենց այլեւս ոչ ոք չի պատրաստվում քնեցնել՝ սնել անուրջներով, կերակրել պատմական արդարությամբ, կուրացնել ատելության սերմանմամբ։

Հանրային ռադիոյի տնօրենը սովորական երկրների շարքին է դասում Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, իսկ Հայաստանը՝ անսովորների՝ հատուկների՝ հիմնավորելով, թե հայերին սպառնում է ցեղասպանություն՝ նոր ցեղասպանություն։

Վերջին հարյուրամյակում Արեւելյան կամ Կենտրոնական Եվրոպայում տասնյակ երկրներ են առաջացել ու անհետացել քարտեզից, ցեղասպանություն, քիմիական զենքի կիրառումներ, նացիզմ, կոմունիզմ, փառահեղ հաղթանակներ ու նվաստացուցիչ պարտություններ, ավերակներ ու կոտորած, տասնյակ միլիոնավոր զոհեր։

Հասկանում եմ, որ դժվար է լինել մեկը բոլորից, իր առանձնահատկություններով ու տարբերություններով, սակայն մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, եւ, միաժամանակ, պատմության ընթացքի համար, մեկը բոլորից՝ բոլորի պես երջանիկ, բոլորի պես դժբախտ, բոլորի պես առանձնահատուկ, բոլորի պես յուրահատուկ, բոլորի պես ուժեղ, բոլորի պես ազատ, բոլորի պես պատերազմի դաշտում զինվոր, իսկ տնօրենի սենյակում՝ տնօրեն, եկեղեցում՝ սպասավոր, իսկ Ազգային ժողովում՝ քաղաքական գործիչ, մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, պատասխանատու բոլորի համար։ Իրողությունն այն է, որ մենք մեկն ենք բոլորից՝ լեզվական ու մշակութային առանձնահատկություններով, ավանդույթներով, հոգեւոր ու նյութական ժառանգությամբ, առավելություններով ու թերություններով, ամբողջի մաս ենք եւ մեզանով լրացնում ենք ամբողջը»։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

FreeNews-Ի ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ

ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը եւ ՀՌՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հանդիպել են: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ Քոչարյանը Հակոբյանին փոխանցել է, որ իշխանական «դաբրոն» կա, ու պետք է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած FreeNews TV-ն եթերազրկել: Հակոբյանին այդ «հուշումը» ոգեւորել է ու, հատկապես, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կայացրած որոշումը, որով FreeNews հեռուստաընկերությունը 24 ժամով եթերազրկվել է:

Անդրանիկ Քոչարյանի ենթադրությամբ՝ FreeNews TV-ի օրերը հաշված են: Մեր աղբյուրների փոխանցմամբ նույնպես Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության օրերը հաշված են, քանի որ հենց թիմի ներսում էլ գրեթե բոլորը կողմ են, որ փակվի հեռուստաընկերությունը, քանի որ այն, միայն Ալեն Սիմոնյանի եւ նրա նեղ շրջապատի գովքն անելուց բացի, ոչ մի օգուտ չի տվել իշխանությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: FreeNews ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։

Նշենք նաեւ, որ  այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած FreeNews ՀԸ-ում:

 

 

«ՁԵԶ ՕՊՏԻՄԱԼԱՑՐԵ՛Ք…»

ՀՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Վարդենիսն ու Ճամբարակն է՞լ դժգույն ու դժբախտ են.

ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ եւ խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի եւ Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են մայրաքաղաք Երեւանից ստացված հրահանգով:

Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են:

Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին: Խաբեբանե՛ր…

Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն է՞լ են դժգույն ու դժբախտ:

Ձեզ օպտիմալացրե՛ք կառավարման համակարգից…Ձե՛զ…

Հ. Գ. Անձնագրային ծառայությունների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին, ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի իշխանություններին հեռացնելու համար:

Նկատենք՝ դեռ օրեր առաջ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմության բարձրախոսը ազատ է, եւ հրավիրել էր այն վերցնողների ուշադրությունը։ Հարցին՝ ընդդիմությունը համակրեպվել է արդյոք, որ իր ուժերից վեր է իշխանությանը հեռացնելը, Քոչարյանը ինքն էլ չի հասկացել, թե ընդդիմությունն ով է։

«Ես, ընդդիմություն ասելով, չգիտեմ՝ ինչ նկատի ունեք։ Եթե կոնկրետ իմ մասով, ես չեմ համակերպվել ու չեմ էլ համակերպվել։ Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ ՉԷ

Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով այն հարցին, թե հայելային եղանակով ինչը պետք է փոխվի նաեւ Ադրբեջանի Սահմանադրությունում, պատասխանեց, որ այնտեղ օրենսդրությունում կան տարբեր դրույթներ, որի մասին խոսել են ԱԳ նախարարը, նաեւ ԱԺ նախագահը:

Կոնջորյանը, սակայն, խնդրեց քննարկման դիսկուրսի տրամաբանությունը չտանել այն ուղղությամբ, թե Հայաստանի Սամանադրությունը փոխելը Ադրբեջանի պահանջն է:

«Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ. սա ՀՀ ներքին օրակարգն է, սա Հայաստանի պետության մասին է, ՀՀ քաղաքացու մասին է, ժողովրդի մասին է, եւ այս քննարկումն ինքնին շատ կարեւոր է: Կարծում եմ, որ մենք բոլորս էապես կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում այդ քարոզչական պրոպագանդիստական աղմուկը մի կողմ տանել եւ բովանդակային քննարկել, որովհետեւ սա մեր մասին է»,- ընդգծեց Կոնջորյանը:

Ըստ նրա՝ եւ՛ Սահմանադրության, եւ՛ Անկախության հռչակագրի, եւ՛ 4-րդ հանրապետության վերաբերյալ քննարկումները, որոնք ակտիվ այս օրերին ընթանում են, Հայաստանի մասին են. «Մեր ինքնահայեցման մասին են, թե ինչպես ենք այսօրվա փլուզվող աշխարհակարգի պայմաններում մենք պատրաստվում այն մարտահրավերներին, որոնք մեր առջեւ կան: Այս հարցի ելակետային հիմքը որեւէ կապ չունի»:




Լրահոս