ԳՐՊԱՆԻՆ ՀԱՐՎԱԾՈՂ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունվարի 18-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի քննարկման ժամկետն ավարտվել է, սակայն այն որեւէ դրական արձագանք չի ստացել։

 

Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է, որ նոտարական, փաստաբանական եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվող անձինք իրենց գործունեությունն իրականացնեն շրջանառության հարկի համակարգում։

ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արա Զահրաբյանի հետ, որը համարում է, որ սա քաղաքացու գրպանին հարվածելու եւս մեկ նախագիծ է։

«Փաստաբանական համայնքն այս նախագծի վերաբերյալ ունի բացասական կարծիք, ինչն արտահայտվել է ինչպես փաստաբանների պալատի ակումբի նիստում, այնպես էլ տարբեր հարթակներում բազմաթիվ փաստաբանների կողմից: Այս նախագիծն առաջին հերթին հարվածելու է քաղաքացիների գրպանին, քանի որ փաստաբանական ծառայությունների գները թանկանալու են: Բացի այդ, ավելացված արժեքի հարկ վճարող փաստաբանական ընկերությունը չի կարողանալու անվճար իրավաբանական օգնություն տրամադրել քաղաքացուն, քանի որ պարտադրված է լինելու համանման ծառայության գնի 20 տոկոսի չափով ԱԱՀ-ն վճարել պետական բյուջե»։

Այս նախագիծը e-draft.am հարթակում եւս լավ արձագանքներ չունի։ Նախագծի օգտին քվեարկել են 823 անձ, որից 4՝ կողմ, 819-ը՝ դեմ։ Նախագծի առաջարկների բաժնում շատ սուր քննադատություններ եւ նույնիսկ ծաղրանքներ կան նախագծի առաջարկին ուղղված։

Օգտատեր Վահե Աստվածատուրյանը գրում է.

«Փաստաբանական գործունեությունը ԱԱՀ-ով հարկելը անբարեխիղճ մրցակցություն է ստեղծելու ոլորտում, քանի որ ԱԱՀ շեմը հատել են փաստաբանական գրասենյակներից եւ գործող փաստաբաններից ընդամենը մի քանիսը, որոնք տոկոսային հարաբերակցությամբ 4 % էլ չեն կազմում գործող փաստաբանների եւ փաստաբանական բիզնեսների շրջանում։ Ստացվում է՝ այդ 4%-ն անուղղակի առավելություն է ստանալու, իսկ մյուսները ստիպված են լինելու ծառայությունների արժեքը թանկացնել եւ հայտնվել վատ մրցակցային դաշտում»։

Օգտատեր Կարեն Մեժլումյանն էլ գրում է. «Առաջարկում եմ օրինագիծը հանել շրջանառությունից»։

Օգտատեր Գարիկ Մուսայելյանը գրում է. «Այս օրենսդրական նախագիծը հարկային կարգավորման ոլորտի հետ անուղղակի (երկրորդային) առնչություն ունի, իսկ դրա առաջնային (քողարկված) նպատակն է անձանց զրկել իրավական պաշտպանություն հայցելու հնարավորությունից։ Անգամ հիմա հասարակության զգալի մասին որակյալ իրավաբանական (փաստաբանական) ծառայությունները հասանելի չեն, քանի որ այդ ծառայությունները մատչելի չեն։ Ակնհայտ է, որ այս նախագծի ընդունման արդյունքում դրանց գներն է՛լ ավելի կբարձրանան»։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց՝ անհավասար վիճակ կարող է ստեղծվել փոքր փաստաբանական գրասենյակների եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ ի տարբերություն խոշոր գրասենյակների։ Փաստաբանը կարծում է, որ սա քայլ է, որով իշխանությունները ցանկանում են ավելի շատ գումար տանել պետական բյուջե, առանց հաշվի առնելու փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը:

«Այս նախագծի ֆիսկալ ազդեցությունը կասկածելի է: Իրավաբանական անձ հաճախորդների դեպքում ավելացված արժեքի հարկ չի ավելանա պետության մոտ, քանի որ այդ հաճախորդները փաստաբանին վճարած ԱԱՀ-ն կհաշվանցեն: Կավելանա միայն ֆիզիկական անձ հաճախորդների դեպքում: Այսպիսի նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ պետք է վիճակագրական թվերով ցույց տային, թե ինչ վիճակ  է տիրում փաստաբանական շուկայում, եւ ինչ ֆիսկալ ազդեցություն կունենա այս նախագիծը»,- հավելել է Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը համակարգում է այս նախագծի դեմ փաստաբանների գործողությունները: Քննարկումներ են եղել, գրություններ են հղվել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ ՔՐԳՈՐԾԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի քրեական գործը։ Վերջինս դատավոր Դիանա Ղուկեյանն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը ավարտական փուլին է մոտենում, ասել է թե՝ նախաքննական մարմինն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի:

 

Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետեւանքով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ Նորայր Սաֆարյանը կալանավորված են: Գրել էինք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:

Հավելենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին եւ նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։ Նրանք ծանուցագիր էին ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր։

Բանն այն է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում. այն 2020 թվականի դրությամբ 263 մլն 981 հազար դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին եւ Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չեն ներկայացրել: Թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Արամի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռեւս քննությամբ չպարզված օրը ինքնությունը չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել հրազեն հանդիսացող ակոսափող ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ եւ ապօրինի կերպով փոխադրել ու կրել է իր վրա, որի գործադրմամբ հորեղբորը՝ Արշակ Առաքելյանին պաշտպանելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, գտնվելով Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու 116 հասցեում գործող սգո սրահից դեպի Դիլիջան քաղաքի ուղղությամբ 42 մետր հեռավորության վրա, բազմաթիվ կրակոցներ է արձակել հրազենների գործադրմամբ Արշակ Առաքելյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ կատարած Ալիկ Հովսեփյանի եւ Նարեկ Հովհաննիսյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հիշյալ ինքնաձիգից արձակված մեկ կրակոցի հետեւանքով գնդակն անդրադարձի ենթարկվելով դիպել է Արթուր Ալիխանյանի ձախ ազդրին՝ վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:

Shamshyan.com-ը գրել էր, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ: Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորը վիրահատարանում է եւ ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը, եւ արդյոք այլ տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում օգտագործվել է «Տետե», «Մակարով» տեսակի ատրճանակներ եւ ինքնաձիգ:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն, լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին հայհոյելու, ինչպես նաեւ անձնական այլ հարցի պատճառով:

Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս