Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին, բացի Հանձնաժողովի անդամներից, ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհետ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Աբազյանը խոսել է ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ ընդգծվել Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեում անհետ կորած անձանց անհետ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Ընդգծվել է Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից է:

Խոսվել է միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին:

Նիստի ընթացքում բարձրացվել են անհետ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվել և առաջարկներ հնչել լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:




Լրահոս