«ՄՏԱԾՈՒՄ ԵՔ՝ ՆՈՐ ՄԻ ՔԱՐՏԵԶ ՉԵ՞Ն ՀՈՐԻՆԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խոսել է Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, սահմանազատման գործընթացից եւ ընդդիմության անելիքներից:

 

-Տիկի՛ն Մկրտչյան, Տավուշի շուրջ նոր զարգացումներ են գնում, իշխանության ներկայացուցիչները չեն հերքում, որ այնտեղ պետք է սահմանագծում, սահմանազատում արվի, ասում են՝ Ադրբեջանը տարածքային նոր պահանջներ է դրել մեր առջեւ: Ի՞նչ է սպասվում. Դուք հաճախ եք գնում այնտեղ, հանդիպում, քննարկումներ ունենում:

-Ես կուզենամ առաջին հերթին իրերն իրենց անուններով կոչենք. ոչ թե «Տավուշի շուրջ զարգացումներ», այլ Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու համար հերթական զոհաբաժինը Հայաստանից, որը պիտի ծառայի Նիկոլի իշխանազավթման երկարացմանը: Ոչ թե խոստովանում են իշխանությունները, որ ունեն սահմանազատում կամ սահմանագծում անելու անհրաժեշտություն կամ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, այլ ինչպես Ալիեւն է իր ընկերոջը՝ Նիկոլին անվանել, այդ ծաղրածուն հերթական անգամ ստանձնել է  պարտավորություններ Հայաստանի ինքնիշխան տարածքին պատկանող որոշակի տարածքներ, բնակավայրեր թուրքին հանձնելու, որպեսզի թուրք-ադրբեջանական երազանքի իրականացումը մեկ քայլ էլ մոտենա:

-Տիկի՛ն Մկրտչյան, ասում է, որ այլ տարբերակ չունենք, ասում է, որ եթե չգնանք սահմանազատման, սահմանագծման, ապա Ադրբեջանը, մյուս կողմից էլ Թուրքիան նոր հարձակման են գնալու:

-Բա 2019-ին էլ ասում էին՝ Հայաստան-Արցախ, այլ տարբերակ չկա, մենք 40 000ք/կմ հայրենիք ունենք:  2020 թվականին ասում էր՝ վերջ, պատերազմով ինչ տվել եմ, տվել եմ, մնացածը Արցախի, Հայաստանի Հանրապետությունը անձեռնմխելի են: 2021 թվականին ասում էր՝ վերջ, Գորիս-Կապանը տվեցի, այլեւս ոչինչ չեմ տալու, 2022-2023 թվականների՝ Հայաստանի վրա հարձակումների ժամանակ ասում էր՝ վերջ, Ջերմուկի հատվածն էլ ինչքան առաջ են եկել, եկել են: Ինքը ասաց, որ 29.800ք/կմ էլ հաստատ չէ, յոթհարյուր քանիս է կանգնում այս պահի դրությամբ: Մտածում եք՝ նոր մի քարտեզ չե՞ն հորինելու, Հ1-ի էկրանին մեծ դնեն, բոլորիս համոզեն, որ այսքանն է, այս Երեւանն է՝ իր արվարձաններով, կամ մի երկու-երեք մարզ՝ մեկ մարզկենտրոնով, եւ վերջ: Մտածում եք՝ այն մարդը, ով որ Շուշին դժբախտ ու դժգույն էր անվանում, նոր հոմանիշներ կամ հատկանիշների չի՞ մտածելու նոր բնակավայրերի վերաբերյալ: Մարդ, ով որ հայկական լեռների ձյունը պատճառ է բերում այդ լեռները հանձնելու համար, մտածում եք՝ որեւէ բան չի՞ կարող անել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՈՐՊԵՍԶԻ ԼԵԳԻՏԻՄ ՀԻՄՔԵՐ ՍՏԵՂԾԻ

 

Ադրբեջանի կողմից կեղծ լուրերի տարածումը, թե հայկական զինված ուժերը, իբր, զորաշարժեր են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում, կապված է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

 

«Սա, իհարկե, կապ ունի ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց մեզ խորթ չէ նաեւ Ադրբեջանի պրիմիտիվ ձեռագիրը, որն ամեն անգամ սադրիչ գործողություններ անելուց առաջ այսպիսի կեղծ լուրեր է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իրականացնելու համար։ Եթե երկու տարի առաջ նրանց դա հաջողվում էր, հիմա այդքան էլ չի հաջողվում, որովհետեւ հիմա ԵՄ դիտորդները գոնե ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է։ Բոլորի համար արդեն շատ պարզ է, որ Ադրբեջանը ստում է, եւ ամբողջ աշխարհն արդեն օբյեկտիվ իրականության մասին տեղեկատվություն է ստանում Եվրոպական Միության անկախ դիտորդներից»,- ասաց Խաչատրյանը։

Ադրբեջանը վերջին օրերին կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում զորաշարժեր են իրականացնում եւ պատրաստվում են հարձակողական գործողությունների։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը։ Հայկական զինված ուժերի կողմից տեղաշարժերի մասին Ադրբեջանի տարածած կեղծիքը հերքել է նաեւ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունն այդ լուրերի տարածումից հետո հայտարարել է, որ դիտորդները մոնիթորինգ են իրականացրել սահմանի երկայնքով, եւ անսովոր տեղաշարժեր ու զորքերի կուտակումներ չեն նկատվել։ Զորաշարժերի մասին կեղծ լուրերին արձագանքել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերը, ով կասկածի տակ էր դրել դրանց արժանահավատ լինելը՝ հղում անելով ԵՄ դիտորդական առաքելության հայտարարություններին։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հետ կապված քայլերը։ Պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հրապարակային իր դժգոհությունն է արտահայտել՝ կապված սպասվող հանդիպման հետ։

 

 

 

 

ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ՀԱՅ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով  քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։

Այս մասին ասվում է «Արեւելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։

Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:

«Ոչ մի կարեւոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք եւ հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին եւ պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այս հաջողությամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները եւ շահագրգիռ կողմերը, քանի որ արդյունքներն արտացոլում են արդարությունն ու ներառականությունը:

 

 

 

ԽՈՉԸՆԴՈՏԵ՞Լ ԵՆ

«Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը ասել է՝ ամեն ինչ արեք, որ Պետրոսյան Գեւորգի ընտրությունը կանխեք, որ ինքը չընտրվի»,- ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանի թեկնածու առաջադրված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանում երեկ  Իրավագիտության ֆալուկտետի դեկան էին ընտրում։

«Հիմա կտեսնենք, թե ինչ են անում իրենք: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Գիտական խորհրդի կազմին, գիտնականներ են, ես գիտության ոլորտի մարդ եմ, 27 տարի դասավանդում եմ, որեւէ առումով չեմ զիջում որեւէ թեկնածուի: Ինձ հարցնում էին, ասում էին՝ դուք էսինչի տե՞ղն եք դրել:  Ես իմ առաջադրումով ցույց եմ տվել, որ ոչ մի պաշտոն ոչ մեկի տեղը չի: Տեղը քո տունն է, պաշտոնը տեղ չի, որ ասես՝ ես ստեղ եմ եղել, ոչ ոք իմ դեմ չդնի, ես դրել եմ կոտրելու այդ կարծրատիպը, որ ոչ մեկը չպետք է զմռսվի այդ պաշտոնին»,-ասաց նա:

Նշենք, որ այդ պաշտոնի համար մյուս հավակնորդը Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Հարություն Խաչիկյանն է։

Հիշյալ ֆակուլտետի նախկին երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել այս անգամ։ Մամուլում շահագրգիռ որոշ սուբյեկտներ լուրեր էին շրջանառում, թե, իբր, նրա առաջադրմանն իշխանություններն են խոչընդոտել։

 




Լրահոս