ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ առաջին անգամ այս դահլիճ ոտք եմ դրել լաբորանտի կարգավիճակով, երկչոտ էի,  վախեցած, որովհետեւ խոսքը Գիտությունների ազգային ակադեմիայի մասին էր: Այսօր, երբ արդեն ակադեմիկոսի կարգավիճակ ունեմ, չեմ կարողանում պատկերացնել, որ մենք պիտի խոսենք այն մասին, որ վաղը ակադեմիան կարող է չլինել: Սա ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում»,- ապրիլի 3-ին՝ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

 

Նրա խոսքով՝ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների ժամանակ բարձրացվել է հարցը, թե ինչ են ուզում իշխանությունները գիտությունից:

«Այո, գիտությունը պետք է արագ զարգանա, բայց չի կարելի այն քանդուքարափ անել, եւ նրանից պահանջել անհնարինը: Մենք դեմ չենք Ակադեմիական քաղաքին, դուք սարքե՛ք, մենք կգանք, կտեսնենք լողավազանները, մարզադաշտերը, Մասիսն էլ կերեւա, ինչպես ցույց է տրվել ֆիլմում: Կթողնենք մեր շենքերը, կգանք, կաշխատենք այդտեղ, բայց ինչպես մեր ընկեր Արեգ Միքայելյանն ասաց, մենք թերահավատ ենք այս հարցում, որովհետեւ մինչ Ակադեմիական քաղաքը կա 2027 թվականի հունվարի 1-ից մեզ չֆինանսավորելու սպառնալիքը»,- պարզաբանեց Աշոտ Մելքոնյանը:

Նա պատմեց, որ իրենց ստացած գրության մեջ ասվում էր, որ այն կառույցները, որոնք չեն միանա բուհերին, 2027 թվականի հունվարի 1-ից չեն ֆինանսավորվի: Պատմական գիտությունների դոկտորը վստահ է՝ եթե Կառավարությունն այդ տարբերակով  է որոշել  ակադեմիան միացնել բուհերին, նշանակում է, որ ցանկանում է  վերացնել այն ակադեմիան, որը ստեղծել են Հովսեփ Օրբելին եւ Վիկտոր Համբարձումյանը:

Խոսելով ԳԱԱ-ի կարեւորության մասին՝ Աշոտ Մելքոնյանը մի դեպք հիշեց, երբ ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի հետ մտնում էին ակադեմիայի շենք, նա գլխարկը հանում էր եւ ասում, որ  գլուխ է խոնարհում ակադեմիայի առաջ՝ որպես մի կաճառի, որը մեր ազգային արժեքներից մեկն է:

Անդրադառնալով գիտաշխատողների ատեստավորման մասին որոշմանը՝ Աշոտ Մելքոնյանը  նշեց, որ դա ահասարսուռ որոշում է, որի նպատակն է մինչ 2027 թվականը ազատվել ակադեմիայի աշխատակիցների մեծագույն մասից:

«Ի՞նչն է իմաստը. ասում են սկոպուսային ամսագրերում պիտի ունենաք հրապարակումներ,  եթե 2 տարվա ընթացքում չանեք, դուրս եք մնում: Այսինքն՝ գիտաշխատողը, որը հարյուրավոր այլ հրապարակումներ ու գրքեր ունի, սակայն սկոպուսային ամսագրերում հրապարակում չունի, ստիպված է լաբորանտ աշխատել»,-պարզաբանեց Աշոտ Մելքոնյանը:

 

 

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ Է»

«Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը եւ տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, որն ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական եւ որոշ այլ արժեքների կրողն է:

Ինչո՞ւ են համեմատում հին հայկական քաղաքակրթությունը՝ մշակույթի, պատմության, պետականության հետ, որը գոյություն ուներ, ներեցեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ։ Եվրամիությունն իսկապես փակուղու մեջ է», -ասել է նա։

«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, եւ սրանք պետականության հիմքերն են, որոնք հազարավոր տարիներ առաջ են եղել, դրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան եւ ընդգծել, որ Երեւանը գտել է «մոդել, որի մասին Արեւմուտքում ոչ ոք լրջորեն չի խոսում»:

Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ ԵՄ դիրքորոշումը լիովին տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական ցուցանիշները։

«Այդ ամենը չի ստացվում, ամեն ինչ քանդվում է»,- ընդգծել է Զախարովան՝ նշելով, որ Հայաստանը փորձում է ինտեգրվել «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»:

 

 

 

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է

«Իշխանության կողմից Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների միակողմանի հանձնման եւ հակապետական քաղաքականության դեմ ընդվզման սկիզբը փաստացի դրեց Ոսկեպարը, որն այլեւս ոչ միայն ընդվզման, այլ նաեւ հայկական պետականության համար պայքարի կիզակետն է»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

«Հաշվի առնելով առկա համազգային խորքային ճգնաժամը՝ այլեւս հրամայական է, որ ազգի յուրաքանչյուր շերտի ներկայացուցիչ (մշակութայինից մինչեւ ռազմական գործիչ՝ ներառյալ սփյուռքը) ոչ միայն խոսքով, այլ նաեւ վարքով արտահայտի իր դիրքորոշումը ստեղծված բարդագույն իրավիճակում՝ կանգնելով ոսկեպարցու կողքին, միեւնույն ժամանակ տեղային պայքարը դարձնելով համազգային։

Արցախի դավադիր կորստից հետո, կազմաքանդելով նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգային (հոգեւոր եւ ֆիզիկական) համակարգը, ներկայիս վարչակազմը Բաքվի միակողմանի պահանջով պատրաստվում է հանձնել նաեւ Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, որով անդառնալի հարված կհասցվի ՀՀ պետականությանը:

Ոսկեպարին, Կիրանցին, Բաղանիսին, Բերքաբերին ու ՀՀ մյուս սահմանային բնակավայրերին սպառնացող վտանգը համազգային եւ համապետական մարտահրավեր է, որը վերաբերում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիներին, այնպես էլ ողջ հայությանը, քանի որ այստեղ վճռվելու է հայոց պետականության հարցը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք՝ տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մի խումբ քաղաքացիներս, մեկնել ենք Ոսկեպար՝ գյուղի բնակիչների կողքին կանգնելու, միասին պայքարը դարձնելու համազգային եւ իր հաղթական ավարտին հասցնելու նպատակով:

Վերոնշյալ նպատակներից ելնելով, ինչպես նաեւ միասնական ճակատ ձեւավորելու եւ բոլոր աշխատանքները (այդ թվում՝ միասնական տեղեկատվական կենտրոն) համակարգելու նպատակներով գյուղի բնակիչների հետ համատեղ ձեւավորել ենք «Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբը»,- գրել է նա։

 

 

 

ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

«Եթե գործող իշխանությունը մնա իր տեղում, Հայաստանի շուրջ օղակը կշարունակի սեղմվել»,- ապրիլի 3-ին  ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ եթե միասնություն լինի, հայ ժողովուրդը կկարողանա պաշտպանել իր երկիրը: «2020 թվականին նա կարողացավ պաշտպանել Արցախը. պարզապես անհրաժեշտ է նորմալ ղեկավարություն եւ արդյունավետ կառավարում, որը կկարողանա ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ լուծել դրանից բխող կարեւորագույն խնդիրներն ու առաջնահերթ խնդիրները»,- ասաց Օհանյանը։

 

 

 

ՎԻԺԵՑՆՈՒՄ Է

Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը վիժեցնելու համար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Որեւէ մեկը չի ասել, թե Ադրբեջանը խաղաղասեր է, եւ Ադրբեջանի հայտարարությունները հիմնականում կեղծ են։ Բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ճանապարհով եւ պարտադրելու է խաղաղությունն Ադրբեջանին։ Ադրբեջանը պետք է լինի կառուցողական, Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի նա վերադառնա կառուցողական դաշտ եւ հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական երկիր է, պետք է հարգի մեր սուվերենությունը, եւ անցնենք առաջ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքերից՝ օգտվելով այն հանգամանքից, որ ուժերի բալանսը խախտվել է։ «Բայց մենք այսօր զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ ենք անում, որոնք քիչ տեսանելի են, բայց որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովել մեր երկրի ինքնիշխանությունը, սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։ Խնդիրն այսպես է դրված, եւ մենք դրան հասնելու ենք»,- նշել է Արմեն Խաչատրյանը։

 




Լրահոս