ԲՐԳԱՁԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետք»-ը հրապարակել էր, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները սահմանելու մասին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) 2023թ. որոշման որոշ դրույթներ:

 

2023թ. դեկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դատավորների աշխատանքային կարգապահության կանոնները սահմանող որոշում է ընդունել։ Դրանք վերաբերում են դատավորների իրավունքներին ու պարտականություններին, աշխատանքի եւ հանգստի ժամանակին, աշխատանքային պայմանների առանձնահատկություններին, դատավորների միջեւ ծառայողական փոխհարաբերություններին եւ այլն: Դատավոր Սարգիս Հովհաննիսյանը Վարչական դատարանում վիճարկում է այդ որոշման 12 կետ: Առաջին հերթին պահանջում է անվավեր ճանաչել այն դրույթը, որով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Դատավորը խնդրահարույց է համարում նաեւ այն դրույթը, որ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների առանձնահատկություններով, այդ թվում՝ մասնագիտացումներով պայմանավորված, դատարանի նախագահը դատավորի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշ կանոններ կարող է փոփոխել: Փոփոխվող կանոններից մեկն էլ այն է, որ դատարանում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ հանգստյան օրերը շաբաթն ու կիրակին են, ինչպես նաեւ տոն կամ հիշատակի օր համարվող ոչ աշխատանքային օրերը, իսկ աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին եւ ավարտվում 18:00-ին, ընդմիջումը՝ ժամը 13-14-ը: Վիճարկվող մյուս նորմը աշխատանքային ժամերի մասին է. դատարանի նախագահը փոխադարձ համաձայնությամբ կարող է հետաձգել առանձին դատավորների աշխատանքային օրվա սկիզբը, ավարտը եւ ընդմիջման ժամը: ԲԴԽ-ի որոշմամբ սահմանվում է նաեւ, որ ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ, իսկ դատավորն ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ: Սա եւս Ս. Հովհաննիսյանի համար վիճելի դրույթ է: Սա էլ դեռ քիչ չէր, Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին մի նոր փաստի առաջ է կանգնեցրել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ որոշել է՝ այսուհետ դատավորները պետք է իրենց գործերի ժամկետների մասին տեղյակ պահեն դատարանի նախագահին, եթե ժամանակին չեն ավարտել գործը, ներկայացնեն պարզաբանում, թե ինչու չի հաջողվել: Ամենաուշագրավը ԲԴԽ որոշման մեջ այն է, որ եթե դատարանի նախագահն էլ չպահպանի դատարանի դատավորների կողմից գործերի ժամկետների հսկողության մասով հետեւողական մոտեցում ու ժամանակին դեպարտամենտին տեղյակ չպահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։ Ասել է թե՝ դատարանների նախագահները պետք է սկսեն դատավորների վարույթներում քննվող գործերի ընթացքի մասին մանրամասներին տիրապետել եւ ապա զեկուցել ԲԴԽ-ին։ Բացի այդ, սահմանել են, որ դատավորները, որոնք իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) եւ (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք) եւ այլն, դատարանի նախագահին նախապես ու ամսվա վերջում գրավոր հաշվետվություններ պետք է տան (ինչը նույնիսկ ոստիկանությունում ու քննչական մարմիններում չկա): Դատավորները կարող են բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ: Ընտանեկան դրության մանրամասները դատարանների նախագահներին զեկուցելուց բացի, պետք է իրենց վարույթի գործերի մանրամասները ներկայացնեն, որ նրանք վերհսկեն ընթացքը: Այսկերպ «անկախ դատական համակարգի» բրգաձեւ ղեկավարման նոր մոդել է ներդրվում սիրուն փաթեթավորմամբ՝ վարքագծի նկատմամբ հսկողությունից անցնելով ընթացիկ գործերի մոնիթորինգին: Այս քայլով ԲԴԽ-ն, որ սահմանադրական անկախ մարմին է՝ ապահովելու դատական անկախ համակարգի գործունեությունը, իրականացնելու է տոտալ հսկողություն՝ համակարգը արդեն դե յուրե դարձնելով միասնական կառավարման ենթակա կառույց, շեֆ-ենթակա հարաբերություն կառուցելով»: ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը վերանշյալ նախագծի մասով նույնպես մտահոգություններ էր հայտնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՕՐՆ ՈՒ ԺԱՄԸ

Քիչ առաջ «Դատական իշխանություն» պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից երեկ կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից եւ «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ:

 

Սամվել Մայրապետյանը ArmLur.am-ին այս առնչությամբ հայտնեց. «Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, եւ որ ես ու ընտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճնշումներին: Գալով այսօրվա՝ իրավագիտության հետ աղերս չունեցող վճռին՝ կարող եմ միայն ասել, որ պատահականություն չէ, որ վճիռը տարածվեց հենց այսօր առավոտյան, չնայած որ մինչեւ այս պահը այն հրապարակված չէ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: Բանը նրանում է, որ վճիռը պետք է հրապարակվեր դեռեւս 2024 թվականի մարտի 20-ին, սակայն, Դատարանի որոշմամբ, դատաքննությունը նորից վերսկսվեց իբրեւ թե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով: 2024 թվականի ապրիլի 1-ին նշանակված դատական նիստի օրը, սակայն, այդպես էլ դատարանի համար չպարզաբանվեցին իրենց համար անհրաժեշտ հարցերը, եւ անհասկանալիորեն վճռի հրապարակման օր նշանակվեց ապրիլի 5-ը. կարելի է ենթադրել Փաշինյանի բրյուսելյան այցի օրը՝ PR արդյունք ցուցադրելու համար: Ստացվում է, որ իշխանությունները վերահսկում են ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաեւ որոշում են հրապարակման օրն ու ժամը:

Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչեւ վերջ հակաիրավական է, հետեւաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական եւ թե՛ միջազգային ատյաններում:

Տեղի ունեցածին եւ մասնավորաբար դատարանի վճռին մանրամասն եւ փաստերով կանդրադառնա իմ փաստաբանական խումբը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում վճռի պատշաճ հրապարակվելուց հետո, որտեղ, սովորաբար, ըստ օրենքի հրապարակվում են դատավճիռները»:

 

 

 

ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխվել է, եւ նա տնային կալանքի տակ է: Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, 2023 թ. հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի բնակչի՝ աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց ընդունվելու մասին: Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող, 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին դրանք տրամադրելու նպատակով զանգահարել է Տիգրան Խաչատրյանին, եւ, դիմելաձեւի հետ կապված, նրանց միջեւ առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ: Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ. Խաչատրյանն իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով երկու մտերիմների հետ գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու եւ այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսեւորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարեւանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը, եւ հեռացել դեպքի վայրից: Այդ ընթացքում Տ. Խաչատրյանը, իր վարած Mercedes-Benz մակնիշի վնասված ավտոմեքենան թաքցնելով, ընկերներից մեկի հետ իրեն պատկանող մեկ այլ՝ «Toyota Land Cruiser 200» մակնիշի ավտոմեքենայով լքել են Գորիսի տարածքը: Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Տ. Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, եւ նա կալանավորվել էր:

 




Լրահոս