ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՔԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն անդրադարձել է Տավուշում սահմանագծման աշխատանքներին եւ ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:

 

-Պարո՛ն Ղալումյան, օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախ նրանից, որ Տավուշում կգնանք սահմանագծման եւ սահմանազատման քայլերին, միեւնույնն է, դա երաշխիք չէ, որ Ադրբեջանը խաղաղության ճանապարհը կբռնի եւ նոր սադրանքների չի դիմի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Ես չէի ցանկանա մեկնաբանել վարչապետի խոսքերը. նա շատ պարզ ասել է այդ մասին:

-Այդ դեպքում, առանց երաշխիքների ինչպե՞ս են սահմանազատում իրականացնելու:

-Այդ գործընթացը երկկողմանի խնդիր ունի: Պարոն վարչապետը նշեց նաեւ, որ  Ադրբեջանը մեզնից եւս մտավախություններ ունի:

-Ի՞նչ մտավախությունների մասին է խոսքը:

-Այն, որ կարող է պատերազմական գործողություն սկսվել մեր եւ իրենց միջեւ:

-Պարո՛ն Ղալումյան, նաեւ մեծ աղմուկ բարձրացավ այն պատճառով, որ ԵՄ դիտորդները շրջանցելով են դեպի Ոսկեպար գնացել, այսինքն՝ Իջեւանի փոխարեն գնացել են Վանաձորի ճանապարհով. ըստ էության՝ նրանք չեն ցանկացել սադրել Ադրբեջանին:

-Այդ հարցը պետք է իրենց՝ ԵՄ դիտորդներին հղեք, թե ինչ նկատառումով են այդպես արել: Ես գիտեմ, որ եթե քննարկված ձեւով  տեղի ունենա  սահմանների ճշգրտումը, կան ճանապարհահատվածներ, որոնք անցնելու են Ադրբեջանի տարածքով. դա քարտեզի դեռեւս ճշգրտվելիք հարց է:

 

Հ.Գ. Նշենք, որ երեկ երեկոյան խորհրդարանական ընդդիմության առաջարկած՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը խորհրդարանում չընդունվեց. իշխանական ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ չնայած ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձեւակերպումներ կան:

Հայտարարության նախագիծը ՔՊ-ի բացակայությամբ քվեարկությանը 31 կողմ, 1 դեմ ձայնով՝ չընդունվեց։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցով փակ ձեւաչափով անցկացված հրատապ նիստը անցկացվել էր  ապրիլի 9-ին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

«ՊԱՌԱԿՏԵՑԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽ ԸՆՏԱՆԻՔԸ»

08.05.2019թ., մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց.

 

«ՀՀ Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լեւոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու համար»։ Տարիներ անց, սակայն, ոչինչ չարվեց, եւ 26.02.2021թ.-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարեց, որ դադարում է Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց եւ հեռանում է ԱՄՆ։ Պատճառը, ըստ նրա, պետության բացարձակ անտարբերությունն էր հայկական շախմատի նկատմամբ: «Ես հայտնվել էի ընտրության առջեւ՝ թողնել կյանքիս գործը, կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Շախմատում հնարավոր չէ հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տեւական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի եւ պետության նպատակային օժանդակության»: Լեւոն Արոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո պետությունը օժանդակություն է տրամադրել ընդամենը մեկ տարի, այն էլ՝ մասնակի, այնուհետեւ դադարեցրել է այն։ «Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք, մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձեւավորված շախմատային համերաշխ ընտանիքը, եւ ոլորտը վերածել քաոսի: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, եւ որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերեւս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ

Հայաստանի նախկին արտգործնախարարը կարծում է, որ պետք է ամրապնդել գործող ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային բոլոր գլոբալ կենտրոնների հետ։

«Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան՝ երկու երկրների առաջնորդների ոչ կոմպետենտության աստիճանով»։ Սոցցանցում նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով` մենք անցանք ուկրաինացման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին՝ հայկական տարածքի զգալի մասի պոտենցիալ կորստով։ Օսկանյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից, ինչպես եւ Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, երկու երկրներն էլ ղեկավարում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն դիվանագիտության եւ միջազգային քաղաքականության մասին:

Նախկին նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է դադարել գործել պատերազմի վախի ներքո եւ առաջնորդվել ազգային շահերով։ Միջազգային քաղաքականության մեջ դրանք կարելի է շտկել, բայց չի կարելի անտեսել։ Օսկանյանը կարծում է, որ շահերի բախումը պետք է լուծել դիվանագիտությամբ։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ հենց ազգային շահերը հաշվի առնելով պետք է ամրապնդել գործող ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային բոլոր գլոբալ կենտրոնների հետ:

 

 

 

ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ

«Այսօր  ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս աշխարհաքաղաքական անվտանգային բալանսների գոյություն չունենալը, այդ թվում՝ ռազմական գիտության կարծրացած, ավանդացած սկզբունքների կրախը»,-այս մասին երեկ Երեւանում կայացած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային  ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այսօր անվտանգության աշխարհում  այլեւս անվտանգ չէ. ծանր ժամանակաշրջան է մոլորակն ապրում, ուժերի վերադասավորում է, որը ոչ միայն քաղաքական, անվտանգային, տեկտոնական մեծ փնջերի վերադասավորում է, այլեւ վերաբերում է նաեւ ռազմական գիտությանն ու անվտանգային ինստիտուտներին. «Աշխարհում կարծես վերջնականապես հաստատվում է անվտանգային եւ ռազմական ոլորտում վիրտուալ կամ հիբրիդային ռիսկերի պետական ինստիտուտների կայացումը։ Այսինքն՝ աշխարհում կիբեր եւ հիբրիդային ռիսկերի պետական ինստիտուտներ են կայանում, սա նոր իրողություն է, որ արեւմուտքում նոր դինամիկա ունի. մենք պիտի ապրենք այս իրողության հետ։ ՀՀ ԶՈՒ բարեփոխման, կերպարանափոխման նոր ծրագիրը սկսվում է նաեւ այդ գործընթացից»,- ասաց Հովհաննիսյանը։

 




Լրահոս