ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ապրիլի 16-ին մասնակցել է ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ԱՄՆ արդարադատության նախարարության միջազգային օգնության գրասենյակի (OIA) եւ ԱՄՆ պետդեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության այցի շրջանակներում Երեւանում անցկացվող, իրավական փոխօգնության հարցումներին վերաբերող երկօրյա վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, վերպատրաստումն ուղղված է ԱՄՆ իրավասու մարմիններին իրավական փոխօգնության հարցումներով դիմելու ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հմտությունների կատարելագործմանը, նման հարցումներին ներկայացվող պահանջների, հարցումների ներկայացման եւ դրանց լուծման ընթացակարգերի վերաբերյալ օգտակար տեղեկատվության եւ փորձառության տրամադրմանը։

Ըստ աղբյուրի՝ բացման արարողությանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն իր խոսքում կարեւորել է նման դասընթացի անցկացումը քրեական վարույթներով ՀՀ եւ ԱՄՆ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության սերտացման, իրավական փոխօգնության խնդրանքների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Արսեն Այվազյանը նկատել է, որ այդ հարցում հմտությունների զարգացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ իրավասու մարմինների կարիքներից, իսկ ստացած գիտելիքների գործնական կիրառումը կնպաստի հատկապես անդրազգային բնույթ կրող հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեպքերով նախաքննության արդյունավետությանը եւ արագությանը։ Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական՝ վերահաստատելով դրանց՝ ՀՀ քննչական կոմիտեի շահագրգիռ ներգրավվածության պատրաստակամությունը։

Երկօրյա դասընթացին մասնակցում են ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը, ինչպես նաեւ ՀՀ ՔԿ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ինքնավար պաշտոններ զբաղեցնող 16 անձինք։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ը պաշտոնական այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:

Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաեւ այլ հանդիպումներ:

 

 

 

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ՝ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ

Երեւանի քաղաքապետարանը դիտարկում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձմեռային ամիսներին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը։

Այս մասին Երեւանի ավագանու ապրիլի 16-ի հերթական նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։

«Հիմնական խնդիրն այն է, որ փոսալցման աշխատանքների մասով մրցույթները պետք է այնպես կազմակերպվեն, որպեսզի կայանան ժամանակին, եւ գարնան սկզբին արդեն լինեն հաղթող կազմակերպություններ»,-հավելեց Հովհաննիսյանը։

Ըստ գործող նորմերի՝ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է + 5 աստիճան եւ ավելի բարձր ջերմաստիճանի միջավայր։

«Մենք գտնվում ենք այնպիսի գոտում, որ հաճախ դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին այդ պայմաններն ուղղակի հնարավոր չէ պահել։ Հենց այդ նպատակով հիմա ուսումնասիրում ենք նոր տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը, այսինքն՝ այնպիսի ծառայություններ, ասֆալտապատման աշխատանքներ ձեռք բերենք, որոնց իրականացումը ցուրտ ամիսներին կամ ձնհալի ժամանակ  հնարավորություն կստեղծի, որպեսզի մեր փողոցները լինեն երթեւեկելի»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ փորձ է արվում հաջորդ տարվա համար այդ խնդիրը նաեւ այլ մոտեցումներով լուծել եւ ավելի լավ արդյունքներ ստանալ։

Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանում մինչ այժմ նման տեխնոլոգիաներ չեն կիրառվել, եւ, երբ վստահ լինեն, որ դրանք  թույլ են տալիս ձմռան ամիսներին իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ ու կիրառելի են Երեւանում, ձմռան ամիսներին այլ տեսակի ասֆալտապատման ծառայություններ կպատվիրեն։

 

 

 

ՈՉ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐ

Արտատարածաշրջանային ուժերի մասին խոսելիս նկատի ունենք օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներ, որոնք դեմոգրաֆիական (եւ այլ – խմբ.) խնդիրների առաջ չեն կանգնի։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ եւ փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշել է նա։

Մեհդի Սոբհանին պարզաբանել է, որ խոսքը եվրոպական որոշ երկրների եւ ԱՄՆ-ի մասին է։

Նա պարզաբանել է, որ տարածաշրջանային երկրներ են համարվում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան։

«Ռուսաստանը սահման ունի Կովկասի հետ, այն չի համարվում ոչ տարածաշրջանային երկիր»,- հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել Հարավային Կովկասի երկրների գործերին ոչ տարածաշրջանային երկրների միջամտությանը։

 

 

 

ԿԱՆԱԴԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշեւսկու միանալը՝ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը։

Այս մասին Կանադայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Վերադառնալով անցյալ տարվա իմ այցից (խմբ. 2023 թվականին այցելել է Հայաստան)՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ողջունում ենք մեր առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշեւսկու միանալը Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը»,- նշել է նա։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։

2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Կանադան կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՐՈՇՄԱՆԸ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը Ազգային ժողովում:

«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում։ Մեկ դար տարբերությամբ եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի 1915 թվականի նահատակության։ Հպարտ եմ, որ այս պատմական օրը ներկայացրել եմ Ֆրանսիան Ազգային ժողովի դահլիճում»,- նշել է Դըկոտինյին։

 

 




Լրահոս