Երբ վաղը իրավական գնահատական տալու պահը գա, բոլորը մեղադրյալի նույն աթոռին են նստելու.ոչ ոք չի կարող չքմեղանալ, թե՝ պարտադրել են.Գեղամ Մանուկյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ՝Հայաստանի անունից սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, լռելյայն Ադրբեջանին է հանձնում Հայաստանի մարտական առաջնագծից հատվածներ:

ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման վերաբերյալ երեկ արված պաշտոնական հայտարարություններին:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ նոր զիջումների հետեւանքով կտրվելու է Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Թիֆլիս միջպետական ճանապարհի մի հատված՝ Կիրանցի ուղղությամբ, իսկ հայկական մի շարք բնակավայրեր հայտնվելու են անվտանգային լուրջ խնդիրների առաջ. «Կարկատաններով է այս գործընթացը տեղի ունենում, որովհետեւ համաշխարհային պատմության մեջ ավելի աբսուրդ եւ ավելի դավաճանական բան, քան հակամարտության մեջ գտնվող երկրների միջեւ կտոր-կտոր սահմանազատում, սահմանագծում անելը, ուղղակի դժվար է պատկերացնել:

Իշխանությունների այդ թեզը, թե սահմանապահներն են առաջնագծում կանգնելու, որեւէ քննադատության չի դիմանում:
Թեթեւ զենքերով զինված հայ սահմանապահների դիմաց դուրս են գալու ադրբեջանական սահմանապահ զորքեր՝ տեխնիկապես եւ նյութապես շատ ուժեղացված:

Ադրբեջանական սահմանապահ զորքերը, արդեն մի քանի առաջ ամբողջապես փոխել էին իրենց փիլիսոփայությունը եւ նյութատեխնիկական ապահովությունը: Դրանք իրականում խիստ ռազմականացված ստորաբաժանումներ են»-ասում է Մանուկյանը:

Պատգամավորը նկատում է՝ մեկ շաբաթ առաջ Մհեր Գրիգորյանն ԱԺ փակ քննարկման ժամանակ հայտարարում էր, թե որեւէ համաձայնությում չկա հանձնաժողովների միջեւ. «Փաստորեն, մեկ շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանի կաբինետում, երեւի Երեւան-Բաքու ուղիղ կապի արդյունքում, որոշում է կայացվել որ շատ արագ այս ամենը պետք է արվի:

Այն բոլոր ստերը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Տավուշում, հիմա հօդս ցնդեցին:

Երբ նայում ենք իշխանությունների հրապարակած քարտեզին, շատ հստակ երեվում է ՝հայկական կողմը զիջում է նոր տարածքներ, բայց ծպտուն չի հանում, որ շարունակում է օկուպացված մնալ Բերքաբերի ամբողջ մի հատվածը , ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու մեզ համար:

Ստացվում է՝ անընդհատ պետականության եւ ինքնիշխանության խոսող իշխանությունները , հասկածի տակ են դնում պետականությունը»-ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով.

«Այստեղ կա մեծ սրիկայություն նաեւ՝ երկու հանձնաժողովները հայտարարություն են տարածում, հետո Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից քարտեզ են հրապարակում, որը հանձնաժողովի հրապարակածը չի եւ շատ մանրամասն ներկայացնում են, որ զորքերը պետք է հետ քաշվեն, բնագծեր այլեւս չեն կարողանալու կառուցել , պատկերացրեք նաեւ զորակոչված 18-19 տարեկան տղաների վիճակը:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը կայացնում է միանձնյա որոշում, բայց նրա հետ միասին պատասխանատվություն են կրում Մհեր Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը եւ բոլոր պաշտոնյաներինը, ովքեր նստած են կառավարությունում, երբ վաղը իրավական գնահատական տալու պակը. գա, բոլորը նույն մեղադրյալի աթոռին են նստելու:

Ոչ ոք չի կարող չքմեղանալ, թե՝ պարտադրել են: Հայրենիք հանձնելու դեպքում պարտադրանքը արդարացում չունի»:

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս