ՃՆՇՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իր ամփոփիչ ելույթում, անդրադառնալով Արմենուհի Կյուրեղյանի խոսքին, ասաց. «Մեր բուհական համակարգի գիտական կոնտենտը 90-ականներից պակասել է, եւ եկել է այս գողական կոնտենտը, որ դեկանատի դեմը ինչ ասվում է, արվում է…Կներեք մեր բուհական համակարգը այսօր հոգեվարքի մեջ է. Դուք դա չեք նկատում: Եթե մենք լինենք անպատասխանատու իշխանություն, կասենք՝ դե ինչ լինում է՝ թող լինի»:

 

Փաշինյանն իր խոսքով հասկացրեց, որ համալսարանը դարձել է «գողականների» հավաքատեղի, եւ որոշակի հատված կա, որ սահմանում է, թե ով է բուհում «լավ տղա» կամ «լավ դասախոս»:

ArmLur.am-ը հերթով դիմոց բոլոր պետական բուհերին՝ հասկանալու համար, թե ինչու են, ըստ Փաշինյանի, «հոգեվարքի մեջ»։ Համալսարաններին խնդրել էինք նաեւ մեկնաբանել ՀՀ բարձր ամբիոնից հնչած հայտարարությունը։

Հարցման պատախանմեր ստացանք 3 համալսարաններից՝ ԵՊՀ-ից, ՀՊՄՀ-ից, Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայից եւ ՀՖԿՍՊԻ-ից։

 

ԵՊՀ-ից ստացանք հետեւյալ պատասխանը.

«Անհրաժեշտ տեղեկությունը չի պարունակում օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ, որոնք, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ենթակա են հրապարակման։ Հետեւաբար՝ Ձեր հարցումը թողնվում է անհետեւանք»։

Փաստացի՝ համալսարանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունը, ով թիրախավորել էր իրենց իսկ աշխատանքը։

 

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը պատասխանել էր հետեւյալը՝ կարծիքի արտահայտումը համարելով ոչ ճիշտ.

«ՀՀ Սահմանադրության Ձեր մատնանշած 42-րդ հոդվածը երաշխավորում է անձի կարծիքի արտահայտման ազատությունը։ Բնական է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: Այսինքն, կարծիք ունենալն ու արտահայտելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անօտարելի իրավունքն է։ Բայց եւ որեւէ մեկը օրենսդրական պարտավորություն չունի մեկնաբանելու մյուսի կարծիքը։ Ձեր հարցադրումներն ամբողջությամբ տեղավորվում են կարծիքի մասին կարծիք արտահայտելու տրամաբանության մեջ»:

 

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացանք, որ ինստիտուտը ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթին ծանոթ չլինելու հանգամանքով պայմանավորված՝ չի կարող մեկնաբանել կամ կարծիք ներկայացնել։

 

Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանից էլ զանգահարեցին եւ նշեցին՝ նպատակահարմար չեն գտնում պատասխանել հարցմանը, քանի որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը գիտնական է եւ քաղաքական որեւէ դեպքի մեկնաբանություն չի կարող տալ։

 

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան թերեւս ամենաինքնուրույն համալսարանն էր, որը հստակ՝ կետ առ կետ տվել է պատասխան։

«1. Եթե խոսքը կոնսերվատորիայի մասին է, ապա բուհը բնավ հոգեվարքի մեջ չէ։ Այդ են վկայում կոնսերվատորիայի առօրյա եռուզեռը, ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հաջողությունները մրցույթներում ու փառատոներում, մենագրությունների եւ գիտական ու հրապարակախոսական հոդվածների հրապարակումները, ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի համերգային կյանքին, գիտաժողովներին, հանրային քննարկումներին։

  1. Կոնսերվատորիական կրթության կազմակերպմանը կարող են խաթարել միայն անիրազեկ միջամտությունը բուհի ինքնավարությանը, անտեղյակությունը մասնագիտական առանձնահատկություններին, ասեկոսեների մակարդակի լրատվությունը, ինչը, ըստ էության, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ ԵՊԿ վարքի վրա, որովհետեւ բուհի դրական արդյունքները հակառակի մասին են վկայում։
  2. Նման բան լինել չի կարող։ Ինչ վերաբերում է կոնսերվատորիային, ապա այն երբեւէ չի եղել Ձեր կողմից նշված որակների շրջանակում, քանի որ ինքնին տարբերվող է արվեստի, մշակույթի հետ կապված կոնտինգենտը։»

Կոնսերվատորիան պատասխանել է, բայց այնուամենայնիվ հավելել է, որ կոնտեքստից կտրված մեջբերումը չեն մեկնաբանում։

Ստացվում է, որ համալսարանները, բուհերը ոչ թե հոգեվարքի, այլ ճնշման մեջ են։ Այս տեսակետն ամրապնդվում է, երբ կարդում ենք համալսարաններից ուղարկված խուսափողական պատասխանները։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը իր տարածած հաղորդագրությունում, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Տոյվո Կլաարը եւս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տեւական կարգավորման նպատակով, ինչպես նաեւ 1991թվականի՝  Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի պայմանավորվածությանը:

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած իր վերջին այցի ժամանակ հակասական տեղեկություններ է տարածել ու փորձել է մոլորեցնել տեղացիներին:

Այսպիսով՝ ապրիլի 17-ին Տավուշի գյուղերի հանձնման շուրջ թեժ խոսակցությունների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Տավուշ եւ հանդիպել էր Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ:

Ինչպես ArmLur.am-ի աղբյուրներն են փոխանցում, գյուղացիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հակասական տեղեկություններ է տարածել. Ոսկեպարում նա վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ նոր տարածքներ չեն զիջվելու, մյուս գյուղերում է սահմանազատում իրականացվելու, Կիրանցում եւ Բերքաբերում էլ նույնպես, Փաշինյանն ասել է, թե մտահոգվելու կարիք չկա, իրենց գյուղերին, բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Իսկ ահա, ուրբաթ օրը, երբ ԱԳՆ-ն եւ վարչապետի աշխատակազմը արդեն պաշտոնապես հաստատաեցին, որ Տավուշում սահմանազատում անվան տակ նոր զիջումներ են լինելու, ադրբեջանական զորքերն ավելի են մոտենալու Տավուշի բնակավայրերին, քաղաքացիները խուճապի են մատնվել եւ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փափուկ բարձ է դրել իրենց գլխի տակ ու մոլորեցրել. իրականում իրենց բնակավայրերը վտանգի տակ են:

Ահա այս հայտարարություններից հետո տավուշցիները ոտքի են կանգնել ու արդեն երեք օր է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

 

 

 

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ եւ նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության եւ իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ»։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«Հորդորում ենք դադարեցնել անվայել եւ պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն եւ ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»,-ասված է հայտարարությունում:

 

 

 

ԱՄԷ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը:

Հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության կայքում: Հայտարարությամբ, մասնավորապես, նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ համաձայնությունը: ԱՄԷ-ն հետեւում է երկու երկրների միջեւ վստահության կառուցման եւ խաղաղության ամրապնդման զարգացող գործընթացին։ ԱՄԷ-ն հույս է հայտնում, որ այս նշանակալի քայլը կամրապնդի հաղորդակցության եւ երկխոսության կամուրջները եւ կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունության եւ կառուցողական համագործակցության խթանմանը:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարեւոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումը եւ խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Պետական նախարարը նշել է, որ դա օգուտ կբերի երկու երկրներին եւ ժողովուրդներին:

 




Լրահոս