«ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՎԵԼԻ ԽՈՀԵՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որքան էլ տղամարդիկ սիրում են ասել, որ իրենք միայնակ են որոշումները կայացնում, սակայն կան հարցեր, որոնց ժամանակ սիրով լսում են կնոջը, իսկ կանայք շատ հարցերում ավելի խոհեմ են: Իսկապես, կան հարցեր, որոնց դեպքում պետք է լսել կնոջը»,-այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Դավթյանը՝ անդրադառնալով «Կաբlook» անվանումով նոր stand-up-ին:

 

Դերասանը նշեց, որ առաջին անգամ «Կաբlook»-ը ներկայացրել էր Մարտի 8-ին, քանի որ իր թիմի հետ ձեւավորված ավանդույթ ունի, որ ամեն տարի կանանց տոնի առթիվ նոր սթենդափով է հանդես գալիս:

«Կանանց թեմայով  ներկայացումները շատ են սիրվում: Թվում է՝ թեմային արդեն շատ ենք անդրադարձել, բայց, միեւնույնն է, նոր մոտեցումներ ենք գտնում: Կանանց թեմայով մյուս ներկայացումների պես «Կաբlook»-ը շատ է սիրվել, ընդ որում՝ անկախ սեռից: Պրեմիերան կայացավ մարտի 8-ին, իսկապես մեծ հաջողություն ունեցանք, 3 սեանս խաղացի, ինչը մեր (հումորի) ոլորտում չլսված հաջողություն էր: Հաջորդ հանդիպումն էլ տեղի ունեցավ մարտի 9-ին (2 սեանս): 11.000 հանդիսատես 2 օրում դիտեց «Կաբlook»-ը, սակայն այն դիտել ցանկացողների թիվը նույնիսկ ավելի մեծ էր. մարտի 4-ից արդեն sold out էր, տոմսեր, պարզապես, չկային: Ապրիլին «Կաբlook»-ը կրկին բեմում է»,-ասաց դերասանը՝ նշելով, որ ժամեր առաջ է վերադարձել Եվրոպայից, ուր մեկնել էր հյուրախաղերի. «Կաբlook»-ի «աշխարհագրությունը» գնալով մեծանում է. «Շրջագայությունները սկսեցինք Գերմանիայից: Ելույթներ ունեցա Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Համբուրգում: Հաջորդը Ֆրանսիան էր՝ Լիոն եւ Մարսել, ապա Բելգիա, Բասկերի երկիր: Իսկապես շատ ջերմ հանդիսատես ունեմ. բոլոր կատակները՝ անկախ աշխարհագրությունից, հասկանում են, թեպետ, անկեղծանամ, որ սկզբնական շրջանում մտավախություն ունեի, որ հումորները կարող են ընկալելի չլինել, սակայն մտավախությունն անտեղի էր»,-խոստովանում է նա:

Դերասանի խոսքով՝ իրեն դիտելու են գալիս մարդիկ, ովքեր արդեն վաղուց ծանոթ են իր գործունեությանը, հետեւում են իր ելույթներին, իհարկե, կան նաեւ մարդիկ, ովքեր Հովհաննեսին հիշում են իր հայտնի՝ Մխոյի կերպարով. «Ինչ խոսք, որպես դերասան՝ ես հենց Մխոյի կերպարով հայտնի դարձա, դա անհերքելի փաստ է, բայց, միաժամանակ, կերպարի հետ ասոցիացիա չի մնացել: Երկար տարիներ օրուգիշեր աշխատել եմ իմ անվան համար, որ ինձ միայն չկապեն այդ կերպարի հետ, աշխատել եմ այնպես անել, որ ինձ ճանաչեն անուն ազգանունով: Փորձում եմ աշխատանքիս մեջ լինել բազմաժանր, բայց, իհարկե, կան դեռ մարդիկ, որ մինչ օրս ինձ Մխո են ասում, հիմնականում՝ մարզերում եւ Լոս Անջելեսում: Կարծում եմ, որ դա էլ կանցնի. իհարկե, այնպես չէ, որ այդ փաստից սրտնեղում եմ»,-ասաց Հովհաննեսը:

Տարիներ շարունակ բուռն գործունեություն ծավալելով՝ Հովհաննես Դավթյանը չի հերքում, որ լճացման վախ ունենում է. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող այդ վախը պետք է սրտում պահի, քանի որ դա չի նշանակում, որ տրվել ես վախին, հակառակը՝ մոտիվացնում է, որ առաջ գնաս, նոր մտքերով հանդես գաս: Կարծում եմ, որ լճացման վախը, նույնիսկ, ցանկալի է, որ մտքումդ ունենաս, քանի որ դրա արդյունքում նաեւ փորձում ես միշտ արդիական լինել՝ աշխատանքդ հարստացնելով նոր եւ հետաքրքիր գաղափարներով»,-եզրափակեց դերասանը:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ

Պարի միջազգային օրը կնշվի պրիլի 29-ին մասշտաբային միջոցառմամբ։ Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կնշվի պարի միջազգային օրը՝ «Պարողների օրը` պարողների համար» խորագրի ներքո:

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը երեկոյի առաջին մասում հանդես կգա հայկական եւ միջազգային պարեղանակների երաժշտական կատարումներով, նվագարանների հետ միասին ելույթ կունենան սիրված երգիչներ Արփին, Սեւակ Ամրոյանը եւ Զարուհի Բաբայանը:

Երեկոյի երկրորդ հատվածում Երեւանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները հանդիսատեսի դատին կհանձնեն Դավիթ Գալստյանի բեմադրությամբ «Բեթհովեն. Սիմֆոնիա No. 7» բալետային ներկայացման առաջնախաղը:

Ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար ոլորտի ներկայացուցիչները կպարգեւատրվեն մրցանակներով:

 

 

 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՓԱԿՄԱՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԸ

Ապրիլի 27-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը։ Այն նվիրված է ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին։

Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության եւ Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ։

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը։ Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ (Գերմանիա): Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան (դաշնամուր / Ֆրանսիա), Գալինա Ցոլակյան (սոպրանո):

Ծրագրում՝ Ֆրանսիս Պուլենկ – Stabat Mater, FP 148, Ֆրանսիս Պուլենկ – Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար, դո դիեզ մինոր, FP 146:

Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց եւ երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է «ֆրանսերեն» բառից:

 

 

 

 

«ՌԵԱԼԸ» ՀԱՂԹԵԼ Է «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ»

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի տնային խաղում Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ։

Սանտյագո Բեռնաբեուում կայացած հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմն ունի 81 միավոր եւ գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը, Չավիի «Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է։

Հաջորդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ «Բարսելոնան» կհյուրընկալվի «Վալենսիային»։

 

 

 

«ԱԼԱՇԿԵՐՏ»-Ը ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ «ՎԱՆ»-ԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկավ «Ալաշկերտի» պաշտպան Արտակ Եդիգարյանը։

Երկրորդ խաղակեսում «Վանից» մրցակցի դարպասը գրավեցին գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն եւ նիգերիացի կիսապաշտպան Մեթյու Գբոմադուն։

Ավելացված ժամանակում դուբլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն։

«Ալաշկերտը» 41 միավորով 5-րդն է, «Վանը» 8-րդ տեղում է՝ 26 միավորով։

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր. Վան – Ալաշկերտ՝ 2:3

Մոմո Տուրե, 51, Մեթյու Գբոմադու, 87  – Արտակ Եդիգարյան, 34,  Դավիթ Խուրցիձե, 90 + 3, 90 + 4:

 

 

 

ԻԳԱ ՇՎՅՈՆՏԵԿԸ` 100 ՇԱԲԱԹ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը 100-րդ շաբաթն է անցկացնում Կանանց թենիսի ասոցիացիայի դասակարգման աղյուսակի առաջին տեղում։

22-ամյա մարզուհին 9-րդն է պատմության մեջ այդ ցուցանիշով։

Շտեֆի Գրաֆ՝ 377 շաբաթ

Մարտինա Նավրատիլովա՝ 332 շաբաթ

Սերենա Ուիլյամս՝ 319 շաբաթ

Կրիս Էվերտ՝ 260 շաբաթ

Մարտինա Հինգիս՝ 209 շաբաթ

Մոնիկա Սելեշ՝ 178 շաբաթ

Էշլի Բարթի՝ 121 շաբաթ

Ժյուստին Էնեն՝ 117 շաբաթ:

 

 




Լրահոս