Քաղաքական իմպոտենտն ու քաղաքական դալտոնիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չգիտեմ ՝  ես դալտոնի՞կ եմ, թե՞ չէ, կյանքը շատ բաների մասին է խոսում, բայց այն մարդիկ, որ ինձ որակեցին, բոլոր հիմքերն ունեմ ասելու ՝  նրանք էլ քաղաքական իմպոտենտ են, որովհետև նախագահական ընտրություններից հետո ունենալ հինգ հարյուր հազար ձայն և մեկ ամսում փչացնել, դրա համար հարկավոր է լինել ընդամենը իմպոտենտ, քաղաքական իմպոտենտ ՝  ոչ ավել, ոչ պակաս»,-այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ` հավելելով, որ իր ողջ պատգամավորական գործունեության ընթացքում ԱԺ ամբիոնից երբևէ որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն այս ձևով հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին:

Վերջինս ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13թթ. ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանում ուղևորափոխադրումների ուղևարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ավարտին `  դիմելով քաղաքական մեծամասնությանը, հայտարարել էր, թե պետք չէ անընդհատ հեռանալ թեմայից և ասել, որ ընդդիմությունը շահարկում է:

«Պետք է ասեմ իմ գործընկեր Խոսրով Հարությունյանին, ով ընդդիմությունն ամբողջությամբ սևացնում է, սև ակնոցներ է հագել: Ես կարծում եմ, որ դա քաղաքական դալտոնիզմ է ` տեսնել, որ ընդդիմությունը սև աչքերով է նայում»,-ասել էր Ռ.Հակոբյանը ` հավելելով, թե երբ իրենք ասում են, որ «մարտի մեկը պետք է բացահայտվի, որ երեք հարյուր միլիոն դոլարի պարտք չպետք է դնել ժողովրդի վզին, որ կուտակային ֆոնդի հետ կապված հանձնաժողով ձևավորենք, սև ակնոցներ ե՞նք դրել»:

Խոսրով Հարությունյանը սրտնեղեց. «Ի՞նչ ա նշանակում մարդ չի կարող իր կարծիքն ասի, որ հակառակ է, ենթադրենք, ընդդիմադիրի կարծիքին, էս ի՞նչ բան էր, մեզ խորհուրդ չտաք, մեզ չսովորացնեք. . .»,- ասաց  Հարությունյանը:

ՀՀԿ պատգամավորն ասաց, որ պատգամավորական հարաբերությունների էթիկան ենթադրում է մի քիչ այլ վարքագիծ, ուստի եթե խոսում են հանդուրժողականությունից, միմյանց լսելու կարողությունից, ունակությունից, ապա թող բարի լինեն լսել:




Լրահոս