«ԻՇԽԱՆԱԿԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐՆ ԻՆՁ ՉԵՆ ԿԱՇԿԱՆԴՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն, որին մասնակցում էր նաեւ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, սակայն ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը, ով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

 

ArmLur.am-ի տաղավարում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշել է, որ ամենեւին չի զարմանում կատարված ընտրությունից, ընդհակառակը՝ սպասելի էր, որ ինքը չի ընտրվելու։

Զրույցում Էդգար Ղազարյանի հետ նաեւ քննարկել ենք իր համար նախընտրելի այլ պաշտոններում առաջադրվելու, ընդդիմության փողոց դուրս գալու, սեպտեմբերի 22-ի հանրահավաքի եւ ընդդիմությանն անվստահություն հայտնելու մասին։

Ղազարյանի խոսքով՝ սեպտեմբերի 22-ի հանրահավաքից հետո շատ բան է փոխվելու եւ ընդդիմադիրները պետք է անվստահություն հայտնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

-Պարո՛ն Ղազարյան, տեւական ժամանակ է, ինչ իշխանությունը համալսարանում թափուր պաշտոնների ընտրության համար ընտրում է իրենց կողմից ավելի հեշտ կառավարելի անձանց։ Այս ամենն իմանալով եւ գիտակցելով՝ ինչո՞ւ եք դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր հաստիքի համար։

-Իմ հիմնական մտադրությունն այն էր, որ իմ ընտրվելու պարագայում՝ փրկեի մեր համալսարանը կործանման վերահաս  վտանգից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթություն, բարդույթավորված է եւ ատելությամբ է լցված բոլոր համալսարանական կրթություն ստացած, գիտական աստիճան ունեցող մարդկանց նկատմամբ եւ ուզում է նրանց բոլորի վաստակն ու արժանիքները ջուրը գցել, ինչպես որ ջուրը գցեց բոլոր զինվորականների, դիվանագետների վաստակը. նա, լինելով կյանքում  որեւէ հաջողության չհասած մարդ, որը չի էլ կարող հասնել որեւէ բանի, փորձում է այլ մարդկանց նմանեցնել իրեն։ Հիմա Փաշինյանը արշավ է սկսել ամբողջ կրթական համակարգի դեմ։ «Ակադեմիական քաղաք» կոչված անհիմն նախագծի անվան տակ մտադիր են փակել Հայաստանի բուհերը, եւ այդ հարվածի տակ է հայտնվել նաեւ տնտեսագիտական համալսարանն ու պարզ է, որ համալսարանի ռեկտորի հանգամանքը կարեւոր է՝ թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, թե՛ ուսանողության ջանքերը կոնսոլիդացնելու, դիմադրություն ցույց տալու առումով, եւ ես առաջադրվել էի, առաջին հերթին, մեր համալսարանն այդ վերահաս վտանգից փրկելու համար, եւ հետո՝ արդեն այն զարգացման տանելու նպատակներով։ Ես, իհարկե, իրատեսորեն եմ գնահատել իրավիճակը, որ խորհրդի կազմում դժվար թե գտնվեր մեկը, ով կքվեարկեր իմ օգտին, թեպետ կարող էի լեգիտիմ ակնկալիք ունենալ, որ կլինեն մարդիկ, որոնք չեն ենթարկվի ճնշումների ու իրենց ցանկությամբ ընտրություն կկայացնեն։ Այնուամենայնիվ, համալսարանի կառավարման խորհրդում այս քայլին գնացի նաեւ ցույց տալու համար Հանրապետության նախագահի եւ մի շարք այլ մարդկանց այնտեղ անօրեն կերպով գտնվելու  հանգամանքը։

-Այդուհանդերձ, չկա՞ ինչ-որ պաշտոն, որի համար Դուք կառաջադրվեիք։

-Ես արդեն 2-րդ անգամն է, որ առաջադրվում եմ, բայց իմ առաջադրման ժամանակ ի սկզբանե գիտակցում եմ, որ այդ պաշտոնում իմ ընտրվելու հավանականությունը քիչ է։ Հետեւաբար իմ առաջադրումը ոչ թե պաշտոնի հավակնություն է՝ առաջադրվել ընտրվելու մտադրությամբ, այլ պայքարի իմաստով եւ խորհրդով է։ Երբ ես առաջադրվել էի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու,  շատ լավ հասկանում էի, որ այդ հանձնաժողովում, որտեղ պետք է նախնական քննարկում լիներ, նիստին ներկաներից Թագուհի Թովմասյանից բացի՝ չկար ուրիշ մեկը,   որ կարող էր կողմ արտահայտվել կամ դրական վերաբերվել իմ առաջադրմանը, բայց ես, հասկանալով հանդերձ, գնացել եմ այդ քայլին, որպեսզի, թեկուզ այդ ճանապարհով պայքարեմ թշնամական խունտայի դեմ եւ պայքարեմ հանուն մարդու իրավունքների պաշտպանության։ Այսինքն՝ իմ առաջադրումները նման դեպքերում պայքարի իմաստ ունեն։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՆ

2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություննների քարոզարշավում Արարատ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինելու. իսկ որպեսզի որեւէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որ որեւէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, եւ որեւէ մեկը քրեական չհիմնավորված հետապնդման չենթարկվի»:

 

Իրականում սակայն Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, կային եւ այդ ցանկը մշտապես «թարմացվում» է՝ համալրվելով նոր անուններով։ Հայաստանում հարյուրավոր են մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ անգամ «ֆեյսբուք»-ում կարծիք գրելու համար խափանման տարբեր միջոցներով պատժվել են՝ կալանք, գրավ, ստորագրություն՝ չբացակայելու մասին, տնային կալանք եւ այլն։ Հայաստանում, սակայն, տեղի է ունեցել աննախադեպը՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանը մահացել է՝ բանտից դատարանի դահլիճ բերվելուց կարճ ժամանակ անց։

Մամիկոն Ասլանյանն ընտրվեց ամենաշատ ձայներով, կալանավորվեց իր համար նախատեսված պատժից էլ շատ ժամանակահատվածով:

Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, որի գործով ո՛չ տուժող կա, ո՛չ բողոքող, եւ որեւէ փաստաթուղթ Աշոտյանը չի ստորագրել, բայց կալանքի տակ է շուրջ 1 տարի է: Հայաստանում շատ է քաղհալածյալների թիվը, այն մարդկանց թիվը, որոնց պետական ապարատում աշհեռացնում են աշխատանքից՝ պարզապես ընդդիմադիր հայացքներ ունենալու համար, սոցցանցերում հակաիշխանական գրառումները հավանելու (Like) համար։

Ընդդիմադիր մի շարք հայտնի անձինք, հատկապես բուհերից` Երեւանի պետական համալսարան, Բրյուսով, Կառավարման ակադեմիա եւ այլ, կորցրել են իրենց աշխատանքը։

 

 

 

«ՄԻՇՏ ԿԼԻՆԵՆ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՐՑԵՐ». ՓԱՇԻՆՅԱՆ

Այն, ինչ համաձայնեցված է, իսկ ֆունդամենտալ շատ կարեւոր դրույթներ համաձայնեցված են, ստորագրենք եւ գնանք առաջ:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:

«Եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարեւոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի, որովհետեւ եթե եւս 4 կարեւոր հարցի շուրջ գանք համաձայնության, միեւնույնն է՝ կմնա էլի 4 կարեւոր հարց, որը կարիք կլինի համաձայնեցնելու. միշտ 4 հարց կլինի: Բոլոր երկրների հետ, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք երկարատեւ, կա 4, 5, 6, 15, 20 հարց, որը պետք է համաձայնեցնենք», – ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Հայաստանը չի առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր:

«Մենք առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր: Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, եւ 3 հոդվածի համար այդ բովանդակությունը մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ, 13 + 3, այսինքն՝ 16 հոդվածով պայմանագիր»:

Խոսելով Ալմաթիի հռչակագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պետք է հղում տանք պաշտոնապես հայտարարված հաղորդագրություններին, եւ 2 երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածել են հայտարարություն, եթե չեմ սխալվում, միաժամանակ, որ Ալմաթիի հռչակագիրը դառնում է սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, եւ կողմերը սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն դրանով», – նշել է վարչապետը:

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երեւի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետեւել Նիկոլ Վովաեւիչի ասուլիսին», – այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի եւ Իրան հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու մասին։

«ՌԴ սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարեւորությունը։ Արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ, ինչը, ըստ երեւույթին, նյարդայնացնում է Երեւանի որոշ քաղաքական գործիչների: Պետք է հաշվի առնել, թե ինչպես կանդրադառնա սահմանի բացահայտումը երկրի անվտանգության վրա տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։ Ինձ թվում է` մարդիկ, ովքեր փորձագետ չեն, պետք է խոսքը տան նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենում», – ասել է Մարիա Զախարովան:

 




Լրահոս