Ի՞նչ է սպասվում Մանվել Բադեյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` եթե պարզ դառնա, որ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը խախտել է էթիկայի որոշ նորմեր,  ինչ պատասխանատվության կենթարկվի պատգամավորը:

Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե պարզվի, որ պատգամավորը խախտել է  կանոնակարգով նախատեսված էթիկայի նորմերը, էթիկայի հանձնաժողովն ընդամենը արձանագրում է և գալիս եզրահանգման, որ էթիկայի հանձնաժողովը խախտել է էթիկայի այսինչ նորմը:

Հիշեցնենք, որ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, լսելով «7 օր» ինտերնետային կայքի լրագրողի հարցը, թե արդյոք օրենքի խախտում չէ այն, որ հայկական հեռուստաալիքով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հեռարձակվում է ռուսերենով, պատասխանել էր․ «Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հա՞րց տալ։ Իրոք, ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա»: Հայաստանում ապրող եզդիները պնդում են, որ պատգամավորը վիրավորել է ողջ եզդի ժողովրդին: Այդ  կապակցությամբ «Սինջար» եզդիների ազգային միավորումը դիմում էր ներկայացրել հանձնաժողով:

-Իսկ արդյոք հանձնաժողովի կանոնակարգը չի՞ նախատեսում, օրինակ, պահումներ անել պատգամավորի աշխատավարձից:

-Ո՛չ, ո՛չ: Էթիկայի հարցերի հանձնաժողովը նման լիազորություն չունի: Նա ունի այլ լիազորություն: Հանրությունը, իհարկե, էթիկայի հանձնաժողովին ընկալում է որպես պատժիչ, տուգանող գործառույթներով օժտված կառույց, բայց կա նաև շահերի բախման կամ հայտարարագիրը լրացնելու խնդիր, որպեսզի, օրինակ, պարզի հանձնաժողովը` պատգամավորի գործունեության ընթացքում կա շահերի բախում, թե՝ ոչ:

-Իսկ ինչպե՞ս է պարզ դառնալու`  պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը, թե՝ ոչ:

-Հանձնաժողովում հարցը դրվում է քվեարկության և որոշվում ձայների մեծամասնությամբ:

-Իսկ ըստ Ձեզ` Մանվել Բադեյանը էթիկայի նորմերը խախտե՞լ է, թե՞ ոչ:

-Ես, լինելով հանձնաժողովի նախագահ, չեմ կարող կարծիք հայտնել: Կաշկանդված եմ անգամ իմ անձնական տեսակետը հայտնելու: Ես համոզված եմ, որ էթիկայի հանձնաժողովի անդամները կկայացնեն անաչառ որոշում: Մեր հանձնաժողովը ցանկանում է ծանրակշիռ դերակատարում ունենալ թե՛ ԱԺ-ում, թե՛ հանրության մեջ:

Սոնա Դավթյան




Լրահոս