ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը տանում է դեպի մեկուսացում իր վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին Միլերը գրել է X սոցիալական հարթակում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, ներառյալ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի դեմ: Դա «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կթողնի մեկուսացման մեջ», – գրել է նա:
Ինչպես հաղորդել են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները, հունվարի լույս 16-ի գիշերը Բաթումում հարձակում է կատարվել Գեորգի Գախարիայի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժշկական օգնություն ստանալուց հետո Գախարիան իր ցանկությամբ հեռացել է հիվանդանոցից։
2024 թ. նոյեմբերին Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը հետաձգելու՝ Թբիլիսիի որոշման և այդ որոշման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու պատճառով: