Սիրիայի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են հարաբերությունների վերականգնման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաան քննարկել են Դամասկոսի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնման հարցը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Սիրիայի նոր իշխանությունների հայտարարության մեջ, որը տարածվել է Դամասկոսում կայացած բանակցությունների արդյունքներով։

«Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Սիրիայում ներկայում տեղի ունեցող դրական փոփոխություններին։ Բանակցություններում քննարկվել է Ռուսաստանի դերը սիրիացի ժողովրդի հետ հարաբերությունների վերականգնման հարցում՝ կոնկրետ միջոցներով, ինչպիսիք են փոխհատուցումները և վերականգնմանն աջակցումը», – ասվում է փաստաթղթում։

Սիրիայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ նոր վարչակազմի ղեկավարը «վերահաստատել է հանձնառությունը սկզբունքային փոխգործակցությանը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Սիրիայի ապագայի կառուցման համար՝ հիմնված արդարության, արժանապատվության և ինքնիշխանության վրա»:

«Նոր վարչակազմը նաև ընդգծել է, որ հարաբերությունների վերականգնումը պետք է հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը և ծառայի նրա շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունվարի 28-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարի հետ։ Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Բոգդանովն ասել է, որ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ և եղել է կառուցողական։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինի նման աջակցում է  Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Դամասկոսում կայացած հանդիպմանը ռուսական պատվիրակությունը հայտարարել է հանրապետությունում խնդրահարույց հարցերը բոլոր քաղաքական ուժերի և էթնոկրոնադավանական խմբերի մասնակցությամբ ներառական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։

Ինչպես նշել է Բոգդանովը, կողմերը քննարկել են նաև Սիրիայում ռուսական ռազմակայանների պահպանման հարցերը։ Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել խորհրդակցությունները, այս պահին Սիրիայի տարածքում ռուսական ներկայության հարցում փոփոխություններ չկան:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանը բանակցում է սիրիական նոր վարչակազմի հետ հանրապետությունում իր երկու ռազմակայանները պահպանելու շուրջ։




Լրահոս