![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/hwXfnBVjoNqo9SrGkmAxsqLpPNO7wp73AtTKTgXp.webp)
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։ Վերջին հարվածների հետևանքով երկու կողմերում կա մեկական զոհ, վիրավորներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում հրթիռային հարձակումը հետ մղելու ժամանակ մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, այդ թվում՝ երեխա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը յոթ բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին և Կրիվոյ Ռոգին, հրթիռներից վեցը խոցվել են։
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Չեռնիգովի շրջանին գիշերը ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածի թիրախում է եղել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտ։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անօդաչու թռչող սարքեր և FPV դրոններ արտադրող Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրամասերին «խմբային հրթիռային հարված» հասցնելու մասին։
Իր հերթին Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տեղի բնակչուհի է զոհվել։
Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են մարզի ինը շրջանների վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչուներ ու զինամթերք։