Գարշահոտության պատճառով ԵՊՀ-ում դասերն ընդհատվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում դադարեցվել են դասերը` ջրի հետ կապված խնդիրների պատճառով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե  մի քանի հազար ուսանող մի մասնաշենքում դաս անի ջրի բացակայության պայմաններում, ապա կստեղծվի հակասանիտարական վիճակ ու անհնար կլինի այդպես դասեր անցկացնել :

«Հո այդ հոտի պայմաններում դաս չե՞նք անի: Միայն Երևանի պետական համալսարանը չէ ՝ մի շարք բուհերում ջուր չկա: Բա եթե զուգարաններից ահավոր հոտ է գալիս, ուսանողներին այդ վիճակով հո դասի չե՞նք կանչի»,- նշեց Սիմոնյանը:

Չնայած Արամ Սիմոնյանի համոզմանը, որ մյուս բուհերում նույնպես այդ վիճակն է, այդուհանդերձ` Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  Armlur.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ բացարձակապես խնդիրներ չկան, և դասերն ընթանում են իրենց բնականոն հունով:

Իսկ «Երեւան Ջուր» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ Գառնի-Երևան ջրատարում անսարքություններ կան, ինչն էլ պատճառ է դարձել Երեւանի Կենտրոն համայնքում ջրի խնդրի առկայությունը:

«Համալսարանն էլ սովորական կանգառ է, որտեղ կարող է վթար լինել: Թե ինչի է դա բերում, ինչ արձագանքներ է ստանում, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Բայց հաճախ չի լինում, այլ տարին մի քանի անգամ: Գառնիի ջրատարը այս տարի մի քանի անգամ է վնասվել»,- Armlur.am-ին հայտնեց  «Երեւան Ջուր»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը:

Նշենք նաև, որ վերջերս Կենտրոն վարչական շրջանի բնակիչները հաճախ են ահազանգում, որ պարբերաբար ջրի հետ կապված խնդիրներ են լինում: Նրանք նաև նշում են, որ շուտով «Ջրաշխարհ»-ը կսկսի իր աշխատանքները, և իրենք ընդհանրապես ջրի «երես» չեն տեսնելու:

Տաթև Հարությունյան




Լրահոս