
Վերջին շրջանում շատ քաղաքացիներ ահազանգում են կիբերհանցագործությունների վերաբերյալ, երբ առանց նրանց իմացության, իրենց անուններով գործարք է կատարվում բանկերում կամ վարկային կազմակերպություններում:
ArmLur.am-ը զրուցեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանի հետ, ով այս օրերին փորձում է պաշտպանել կիբերհանցագործության զոհ դարձած քաղաքացիների շահերը:
Կարագոզյանը տեղեկացրեց ArmLur.am-ին, որ արդեն 200-ից ավել քաղաքացիներ դիմել են իր նախագահած հասարակական կազմակերպությանը, այն մասին, որ իրենք հայտնվել են կիբերհանցագործների ծուղակում: ArmLur.am-ի հետ զրույցում Կարագոզյանը չբացառեց, որ կիբերհանցագործության զոհերը իրականում կարող են լինել ավելին, սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են դրա մասին բարձրաձայնում: Իսկ կիբերհանցագործությունը կայանում է հետևյալում՝ քաղաքացիների անունով բանկերից վերցվում են վարկեր, որոնց մասին քաղաքացիները անգամ տեղյակ չեն լինում: ՀԿ-ի նախագահը մանրամասնեց, որ կան դեպքեր, երբ դեռ 2021թ վերցրել են վարկ, սակայն քաղաքացին դրա մասին իմանում է, երբ դատական ակտերի հարկադիր կատարողականից այցելում են՝ բնակարանը բռնագանձելու նպատակով:
Փաստորեն կիբերհանցագործները խաբել են բանկերին, սակայն ֆինանսական ամբողջ բեռը կրում են անտեղյակ քաղաքացիները, որոնց մի մասն անգամ տեխնիկապես չէր կարող տալ համաձայնություն իրենց անունով վարկ վերցնելուն, քանի որ այդ քաղաքացիները չունեն իրենց անունով վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ սմարթֆոններ: Կարագոզյանի համար անհասկանալի է, թե տվյալ դեպքում ինչու է քաղաքացին կրում ֆինանսական բեռը:
«Այս հանցագործությունները երկրում արդեն զանգվածային բնույթ են կրում, քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում՝ իբրև տուժողների»- ահազանգում է Կարագոզյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակն է պահանջել պետական մարմիններից, որ վերականգնվի տուժած քաղաքացիների իրավունքները:
Կարագոզյանը այս ամենի մեջ չի բացառում նաև բանկերի մասնակցությունը կամ շահագրգռվածությունը: Ըստ նրա՝ կան հիմնավոր կասկածներ դրա վերաբերյալ: Օրինակ դրա մասին են խոսում դեպքերը, երբ քաղաքացին նախկինում ցանկացել է բանկից վարկ վերցնել, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն տրամադրել, բայց երբ նույն քաղաքացու անունից վարկ են վերցնում կիբերհանցագործները, այդ դեպքում «բարեհաջող» գործարք են կատարում:
Կան դեպքեր նաև, երբ վարկ են տրամադրել այն սև ցուցակում գտնվող քաղաքացիներին, ովքեր եթե փորձեին վարկ վերցնել, իրենց ամենայն հավանականությամբ չէին տրամադրի, սակայն երբ վարկ են վերցրել կիբերհանցագործները, սև ցուցակում լինելը խոչընդոտ չի հանդիսացել: «Առնվազն այս պատմությունների վրա հիմնվելով՝ ունենք լրջագույն կասկածներ»- ասում է Մհեր Կարագոզյանը:
Կարագոզյանի համոզմամբ՝ այս ամենին պետական մարմինների արձագանքը բավարար չէ: «Իրենք իբրև թե ի վիճակի չեն, իբրև թե իրենց գործունեության տիրույթը չի այդ իրավահարաբերությունները կարգավորել»,- նշել է Կարագոզյանը: Բայց սա հանրային գործչի գնահատմամբ՝ անընդունելի պատասխան է, քանի որ կիբերհանցագործությունները սկսում են կրել զանգվածային բնույթ, և պատկան մարմինները պատասխանատու են կատարելու քայլեր՝ հանցագործությունները կանխելու նպատակով:
Իսկ առաջիկա ուրբաթ օրը՝ մարտի 7-ին պատրաստվում են իրականացնել քաղաքացիական ակցիա Կենտրոնական բանկի դիմաց: ArmLur.am-ի զրուցակիցը նաև կոչ արեց կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիներին միանալ իրենց ակցիային:
Արմեն Խեչումյան