Սահմանադրական բարեփոխումներ կատարելու ճիշտ ժամանակն է. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության նոր տարբերակը պատրաստ կլինի սույն թվականի հունիսի 30-ին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ կարծիք կա, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես են գալիս այն ժամանակ, երբ կա կա՛մ քաղաքական ճգնաժամ, կա՛մ կա քաղաքական ճգնաժամի վտանգ, և նա հայտարարեց, որ սխալ է նման մոտեցումը:

«Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական այս կամ այն բարեփոխումները հաջորդում են քաղաքական ճգնաժամերին կամ քաղաքական ճգնաժամին զուգորդում են, ապա չափազանց անկայուն են, հաջողություն չեն բերում եւ կարճ ժամանակ անց վերանայվում են»:

Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումները չեն խոչընդոտում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլ ընդհակառակը:

«Երբեք սահմանադրական բարեփոխումները չեն կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հասարակության առջեւ ծառացած են. կան սոցիալական, տնտեսական, իրավական խնդիրներ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում Սահմանադրության թերությունների հետ», – նշեց նա:

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի ձևին, ապա ըստ Դանիելյանի, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում պայմանականորեն է առաջարկվում խորհրդարանական կառավարման ձևին անցում կատարելը: Այդ հարցի շուրջ նույնիսկ, նրա խոսքով, Հանձնաժողովում տարաձայնություններ են եղել:

Հայեցակարգի նախագծով նման առաջարկ ներկայացնելը, Դանիելյանի խոսքով, չի նշանակում, թե պետք է հրաժարվել կառավարման կիսանախագահական ձևից:
Նա նշեց , թե սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը կա եւ հիմա ճիշտ ժամանակն է:




Լրահոս