Այսօր Հովհաննես Շիրազի 100-ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակն է:  Նա ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում: Շիրազը մեծացել է աղքատության մեջ։

Առաջին գործը՝ «Գարնանամուտ» անվանմամբ բանաստեղծությունն է, հրատարակվել է 1935թ.-ին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։

Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ. Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։

Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Սովետական Միությունում.

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ …մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։

Մեջբերումներ Շիրազի մասին

Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։

— Ավետիք Իսահակյան

Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն… Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։

— Վիլյամ Սարոյան

Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»։

— Սուրեն Աղաբաբյան

 

 




Լրահոս