Վարդենիսում հարգանքի և երախտագիտության հերթական դրսևորումն էր. հուլիսի 4-ին քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի՝ բոլորին առավել հայտնի Հեբոյի անունով։ Փողոցի անվանակոչումը ոչ միայն հիշատակի, այլև սերունդներին փոխանցվող պատգամի խորհրդանիշ դարձավ։
Գառնիկ Խչեյանը ծնվել է Վարդենիսում։ Իր կյանքի ամենակարևոր առաքելությունը համարել է հայրենիքի պաշտպանությունը՝ մասնակցելով Արցախյան ազատամարտին, ինչպես նաև Վարդենիսի և Կիրանցի պաշտպանական գործողություններին։ Նրա անունը մարտական ընկերների և հարազատների հիշողություններում այսօր էլ ասոցացվում է խիզախության, անձնազոհության և հայրենասիրության հետ։
Հուզիչ հիշողություններով կիսվում է Հեբոյի որդին՝ Արմեն Խչեյանը։ Նա պատմում է, որ Քարվաճառի ազատագրման գործողության ծրագիրը մշակվել է հենց իրենց տանը, երբ ինքը դեռ ընդամենը տասը տարեկան էր։ Այդ օրերի պատկերները մինչև այսօր վառ են իր հիշողության մեջ։
«Պապան, Խաչատուրովը ու էլի զինվորականների հետ եկել էին մեր տուն, մամայից սուրճ խնդրեցին։ Մաման պատրաստեց բերեց ու ասացին դուրս եկեք։ Հետո, երբ արդեն քննարկեցին, ավարտեցին դուրս գալիս Խաչատուրովը շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ Քարվաճառում, ասում են, տաք ջուր կա, մաման հաստատեց։ Խաչատուրովն էլ ասաց՝ դե կփորձենք։ Հետո, երբ պապան գնաց, մենք իմացանք, որ Քարվաճառի ազատագրման պլանն էին գծում»,- պատմեց որդին։
Արմեն Խչեյանն առանձնահատուկ ցավով ու հպարտությամբ խոսում հոր մասին, հոր՝ հայրենիքի նվիրավածությանը, ինչը լավագույնս բնութագրում է այն, որ 1992 թվականի հուլիսի 23-ին՝ իր դստեր ծննդյան օրը, Հեբոն տուն չի վերադարձել։ Անձնական մեծագույն ուրախությունից վեր նա դասել է հայրենիքի ազատագրության գործը՝ շարունակելով մնալ մարտական դիրքերում։
Նրա մարտական ընկերներն էլ ընդգծում են, որ Հեբոն այն մարդկանցից էր, ովքեր երբեք չէին խուսափում ամենավտանգավոր առաջադրանքներից և առաջիններից էին կանգնում մարտի ամենաթեժ կետերում։
Ազատամարտիկ Գառնիկ Խչեյանը ծնվել է 1956 թվականին։ 1988-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին՝ իր իրսկ նախաձեռնությամբ ստեղծել է «Վարդենիս» կամավորական ջոկատը։ 1991-1993 թթ․ ակտիվորեն մասնակցել է Վարդենիսի սահմաններում և Արցախում ծավալված պաշտպանական գործողություններին։ Եղել է Զոդի տարածքի հրամանատարը, իր ստեղծած «Վարդենիս» կամավորական ջոկատով մասնակցել է Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը /Զարքենդ, Ազիզլու, Վերին Շորժա/։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Վերին Հոռաթաղ, Հաթերք, Սեյսուլան տարածքների ազատագրման պայքարին։ 1993 թվականին մասանկցել է Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին, 1994 թվականի հունվարի 2-ից Օմարի լեռնանցքի ազատագրմանը։
Գառնիկ Մուկուչի Խչեյանը Արցախի բնակչությանը մատակարարել է այլ կարգի ծառայություններ՝ իր կողմից ներդրումներ է կատարել այդ տարիներին Արցախի պաշտպանության օգնության ֆոնդին։ Կազմակերպել է բարեգործական ակցիաներ, վերը նշված գյուղերի բնակիչներին մատակարարելով պարենամթերք։
Մասնակցել է հայկական բանակի կազմավորմանը․ 1993 թվականին ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հրամանով նշանակվել է Զոդի ուղեկալի պետ, 1994 թվականին ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվել է զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ։
Պարգևատրվել ՝ «Վազգեն Սարգսյան» կրծքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով և մի շարք հուշամեդալներով։
Իր բարոյական ու մարդասիրական դրսևորումների շնորհիվ Գառնիկ Մուկուչի Խչեյանը մեծ հարգանք և հեղինակություն է վայելել երկրապահ կամավորականների, Վարդենիսի, Արցախի հասարակության շրջանում։
Նանիկ Աղասյան






















