Դաղստանի Կայտագի շրջանում ջրամբարի ամբարտակի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով իշխանությունները տարհանել են 13 տան բնակիչների։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կայտագի շրջանի վարչակազմին։
Ըստ հաղորդագրության՝ Ուլուչայ գետի ջրի հոսքը մասամբ քանդել է հիդրոտեխնիկական կառույցը (ամբարտակը), ինչի հետևանքով Մաջալիս գյուղի ծայրամասում գտնվող բնակելի տների հեղեղման վտանգ է առաջացել։
«Գետի անմիջական հարևանությամբ երկու տուն է գտնվում, որոնց համար կա փլուզման վտանգ։ Ընդհանուր առմամբ տարհանվել են 13 տան բնակիչներ, որոնք հայտնվել էին ջրածածկման գոտում»,- հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչը։
Ավելի վաղ օդերևութաբանները Դաղստանի մի շարք շրջաններում հուլիսի 8-10-ը կանխատեսել էին ուժեղ անձրևներ, կարկուտ, ամպրոպ և վայրկյանում 18-23 մետր արագությամբ քամի։




























