«Ընտանիքի ընկեր». ծրագիր՝ քեսաբահայերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայից Հայաստան ժամանած քեսաբահայ ընտանիքները ներգրավվել են «Ընտանիքի ընկեր» ծրագրում: Ծրագրի միջոցով վերջին երեք ամիսներին սիրիական հակամարտության պատճառով Հայաստանում հաստատված ու ինտեգրման խնդիրներ ունեցող սիրիահայերը տեղացի հայերի հետ անմիջական ու ընկերական հարաբերություններ կհաստատեն: «Ընտանիքի ընկեր» ծրագրի շահառուներ են 45 ընտանիքներ, որոնք տարբեր հանդիպումներ կունենան տեղացի կամավոր ընտանիքների հետ, կմասնակցեն ճաշկերույթների` փորձելով դյուրացնել իրենց ինտեգրումը:

«Հյուրընկալող ընտանիքները կապ կհաստատեն տեղահանված ընտանիքների հետ, և քաջատեղյակ լինելով երկրի և հասարակության առանձնահատկություններին, կուղղորդեն և կաջակցեն նոր ժամանած ընտանիքներին գործնական խորհուրդներով և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ: Տեղացի ընտանիքները կկիսվեն իրենց փորձով, թե ինչ վայրերից կարելի է գնումներ կատարել, կտրամադրեն անհրաժեշտ հեռախոսահամարներ, խորհուրդ կտան մանկապարտեզների ու դպրոցների ընտրության հարցում: Ընտանիքները նաև միմյանց հետ ազատ ժամանակ կանցկանցնեն, միասին կայցելեն մշակութային և տեսարժան վայրեր»,-ասացին հիմնադրամից:

Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ առավել խոցելի սիրիահայ ընտանիքների մասին իրենք տեղեկացել են տարբեր հաստատություններից` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից, սփյուռքի նախարարությունից, ՄԱԿ-ի հիմնադրամից, կապ հաստատել նրանց հետ, ծանոթացել պայմաններին ու ընտրել ամենախոցելիներին: «Ընտանիքներն ընտրվել են ըստ հատուկ չափանիշների` ընտանիքում առնվազն երկու երեխայի առկայություն, միայնակ մայր, լեզվական խնդիրների պատճառով դժվար ինտեգրված ընտանիքներ»,-նշեց հիմնադրամի ներկայացուցիչը’ հավելելով, որ ծրագիրը դեռևս անժ ամկետ է, և գլխավոր նպատակը սիրիահայերի ինտեգրում է հայաստանյան հասարակությանը:

Ծրագրի նախաձեռնությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակինն է’ ԱՄՆ -ի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը: Ապրիլի 26-ին տրվել է «Ընտանիքի ընկեր» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ավելի քան երեք տարի է` շարունակվում է սիրիական պատերազմը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է մոտ 130 հազար մարդ, փախստական է դարձել 1 միլիոն մարդ: Ըստ պաշտոնական տվյալների` սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան է ժամանել 11 հազար սիրիահայ: Հայաշատ Քեսաբ քաղաքի վրա ծայրահեղական զինյալների հարձակումից հետո տեղի հայությունը տեղահանվեց Լաթաքիա, Բեյրութ, Այնճար: ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է քեսաբահայերին ընդունել Հայաստանում և ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը: Վերջին տվյալներով` Քեսաբից Հայաստանում հաստ ատվել է երկու ընտանիք:




Լրահոս