Այսօր՝ օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կմեկնարկի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործի առաջին նախնական դատական նիստը։ Վերջին հարյուր տարվա ընթացքում սա առաջին դեպքերից է, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և միաժամանակ Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամներ դատարանի առաջ են կանգնում որպես մեղադրյալներ։
Վեհափառ Հայրապետի հետ միասին մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել.
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը,

Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը,

Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,

Մակար եպիսկոպոս Հակոբյանը,

Հովնան եպիսկոպոս Հակոբյանը,

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը

Բոլոր նրանք Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են և ներգրավված են նույն քրեական վարույթում, ինչ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Քրեական վարույթի հիմքում Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի շուրջ զարգացումներն են։
Նախկին առաջնորդը դատարանում վիճարկել էր իր նկատմամբ ընդունված եկեղեցական որոշումները, իսկ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, որոշել էր ժամանակավորապես վերականգնել նրան Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի կայացումը։
Ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է այդ դատական ակտի կատարմանը։ Որպես այդ խոչընդոտման դրսևորում իրավապահները դիտարկում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Կաթողիկոսի տնօրինությունը։ Նույն գործի շրջանակում պատասխանատվության են ենթարկվել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները։
Գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։
Դատավարությունը դեռևս նախնական փուլում է, և դատարանը այսօր՝ դատական նիստում կսկսի գործի նախնական դատալսումները։ Միաժամանակ այս գործը շարունակում է լայն արձագանք ստանալ թե՛ եկեղեցական, թե՛ հասարակական և իրավական շրջանակներում։ Այսօր էլ մի շարք սփյուռքահայ եպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնել՝ նշելով, որ գործընթացը լուրջ հարցադրումներ է առաջացնում եկեղեցու ինքնավարության և պետություն–եկեղեցի հարաբերությունների տեսանկյունից։
Նանիկ Աղասյան




























