ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԹԱՔՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարց. Պարո՛ն նախարար, Հայաստանը մասնակցելո՞ւ է Վիլնյուսի գագաթնաժողովին, եւ արդյոք հայտնի է Հայաստանի պատվիրակության կազմը։
Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում եւ պատշաճ կարգով կհայտնվեն։
Հարց. Այսինքն՝ անորո՞շ է…
Պատասխան. Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։
Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։
Պատասխան. Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում եւ կարգով։
Հարց. Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի՞ Հայաստանի մտադրության վրա:
Պատասխան. Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարեւան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաեւ այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։
Հարց. Պարո՛ն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:
Պատասխան. Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձեւով եւ պատշաճ ժամանակահատվածում։
Հարց. Բայց ի՞նչ է լինելու, վերջիվերջո, ինտրիգ է, չէ՞, առաջանում:
Պատասխան. Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի՞ օրում: Երբեք չի եղել, որ տասն օր կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:
Հարց. Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…
Պատասխան. Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը եւ կիմանաք:
Հարց. Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր…
Պատասխան. Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:
Հարց. Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արեւելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, եւ որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն՝ Եվրամիության հայացքը թեքվի դեպի…
Պատասխան. Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին ես ասացի:
Հարց. Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով քննարկումներ կան, ի՞նչ կասեք։
Պատասխան. Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը, ըստ ընդունված կարգի, այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացներն ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որեւէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։

 




Լրահոս