ՓՈՂ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ԴԵՂ ԳՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ այս օրերին մեր հայրենակիցների մի մասը մտածում է, թե ինչպես զարդարի ամանորյա խոզի բուդը, ՀՀ քաղաքացիների զգալի մասը մտածում է մի կտոր հաց վաստակելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած 51-ամյա Ռուզաննա Բունիաթյանն այն քաղաքացիներից է, որը շտապ օգնության կարիք ունի:

Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված տիկինն այժմ ապրում է իր դստեր, 15-ամյա որդու եւ 5-ամյա թոռնիկի հետ: Մասնագիտությամբ տեխնիկ-տեխնոլոգ Ռուզաննան ժամանակին աշխատել է «Անուշ» (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ոսկու շուկան է) տրիկոտաժի արտադրամասում: Իսկ այժմ ոչ միայն աշխատանք չունի, այլեւ առողջության վատթարացման պատճառով չի կարող աշխատել: Տիկին Ռուզաննայի եկամտի միակ աղբյուրն իր թոշակն է, որով անգամ չի կարողանում կոմունալ վարձերը վճարել: Իսկ ընտանիքին կերակրել է պետք:
«Երկար տարիներ աշխատել եմ, բոլորի կողմից մեծ հարգանք եմ վայելել, հետո ամուսնուս կորցրի, ապա առողջությունս,-տխրությամբ հիշեց տիկին Ռուզաննան,-իսկ հիմա կռանում եմ ու չեմ կարողանում բարձրանալ: Առողջություն չունեմ, աղջի՛կ ջան: Շաքարս է բարձրանում, ողնաշարի խնդիրներ ունեմ, մեկ անգամ սրտի կաթված եմ ստացել, ինչի պատճառով էլ աջ ականջս չի լսում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց, չգիտես ինչու, փաստաթղթով գրել են, որ երրորդ կարգ է: Այս պահին ոչ միայն տիկին Ռուզաննան, այլեւ նրա թոռնիկը` 5-ամյա Հակոբը, առողջական խնդիրներ ունի. «Ես հիմա չեմ կարող հիվանդանոցում պառկել եւ բուժում ընդունել, ո՛չ գումար ունեմ, ո՛չ էլ կարող եմ էրեխեքիս մենակ թողնել: Իսկ Հակոբս լուրջ բուժման կարիք ունի: Անհապաղ պետք է պարբերական հիվանդությունների գենետիկայի քննություն հանձնել, պլանային կարգով սրտի էխո անել: Սակայն սրանք հանձնելու համար մեծ գումարներ են պետք: Իսկ մյուս կողմից էլ այս խոնավ ու ցուրտ տան մեջ երեխան հոդացավեր է ձեռք բերել»:
Տիկին Ռուզաննայի տան պատերն այնքան են խոնավացել, որ ազատ շնչելն անհնար է դառնում, ավելին` սենյակների պատերն արդեն բորբոսնել են: Իսկ ընտանիքի անդամները խոնավությունից տարբեր հիվանդություններ են ձեռք բերել:
Եվ որպեսզի երեխան օրվա մեծ մասն այդ խոնավ տանը չանցկացնի, տատիկը` տիկին Ռուզաննան, երեխային տանում է մանկապարտեզ, քանի որ այնտեղ տաք է… եւ կերակրում են. «Մանկապարտեզ տեղավորելու հարցում մեզ օգնեց Արտակ Ալեքսանյանը` Մալաթիա-Սեբաստիայի փոխթաղապետը: Երեք անգամ հիվանդանոց ենք պառկեցրել, բայց անարդյունք: Դեղեր են նշանակել, չենք կարողանում գնել»:
Կարիքավոր կնոջ ներկայացմամբ` մի քանի տարի է, ինչ խնդրանքով դիմել է տարբեր պետական մարմիններին, որպեսզի բնակարանը գազաֆիկացնելու համար գումար տրամադրեն: Այս հարցով նա նույնիսկ դիմել է Սերժ Սարգսյանին, սակայն մեր երկրի առաջին դեմքը գերադասել է հարցն ուղարկել «Հայռուսգազարդ» ՓԲԸ, որտեղից էլ պատասխանել են, որ ընկերությունը նման բարեգործական ծրագրեր չունի:
Մինչդեռ դատարկ, հարմարություններից զուրկ, ցուրտ ու խոնավ բնակարանի սենյակները տաքացնող ոչ մի միջոց չկա. ընդամենը մի «պլիտա» է, որով ե՛ւ տաքանում են, ե՛ւ կերակուր պատրաստում:
Զրույցի ավարտին հուսահատված տիկինը մեծ տխրությամբ խոսեց մոտալուտ Ամանորի մասին. «Փող չկա: Չենք էլ մտածում դրա մասին: Հակոբիս առողջությունն ամենից վեր է»: Ի դեպ, նա պարբերաբար հինգշաբթի օրերին գալիս է ՀՀ կառավարության շենքի մոտ հույսով, որ կկարողանա հանդիպել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Սակայն, կնոջ ներկայացմամբ, նախարարն ամեն անգամ շենքի հետնամուտքից գրեթե փախչում է:
Հուսով ենք, որ առողջապահության նախարարությունը եւ այլ պաշտոնյաներ կարձագանքեն եւ կօգնեն այս ընտանիքին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս